Երգ Երգոց

6

Հարսը պատասխան է տալիս և ասում.

1Իմ եղբորորդին իջավ իր պարտեզը՝ խնկածաղիկների մեջ՝ բուրաստաններում հովվելու և շուշաններ հավաքելու։

2Ես իմ եղբորորդունն եմ, և իմ եղբորորդին՝ իմը. Նա, որ հովվում է շուշանների մեջ։

Փեսան ասում է հարսին.

3Անուշահոտության պես բարետես ես, մերձավո՛ր իմ, գեղեցիկ, ինչպես Երուսաղեմը, ապշեցուցիչ գեղեցկությամբ հորինված։

4Աչքերդ դարձրո՛ւ ինձանից, քանզի դրանք վրդովեցին ինձ, վարսերդ նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։

5Ատամներդ նման են խուզված ոչխարների հոտերի, որ դուրս են գալիս ջրավազանից. բոլորն էլ՝ զույգ գառնուկներով, և ամուլ չկա նրանց մեջ։

6Շուրթերդ նման են կարմիր թելի, և գեղեցիկ են խոսքերը քո։ Այտերդ՝ իբրև նռան կեղև՝ թաքնված քողիդ հետևում։

7Վաթսուն թագուհի և ութսուն հարճ, և օրիորդներ, որոնց թիվ չկա։

8Իմ աղավնին միակն է, իմ կատարյալը, իր մոր միամորիկը, ընտրյալն իր ծնողի։ Տեսան նրան դուստրերն ու երանի տվեցին, գովեցին նրան հարճերն ու թագուհիները։

Դուստրերը և թագուհիները տեսան հարսին և երանի տվեցին նրան.

9Ո՞վ է սա, որ երևում է ինչպես առավոտ, գեղեցիկ է, ինչպես լուսինը, ընտիր, ինչպես արեգակը՝ զարմանալի հորինված։

Փեսան ասում է հարսին.

10Իջա ընկուզենիների պարտեզ՝ նայելու ճյուղերի արդյունքին, տեսնելու, թե ծաղկե՞լ է որթը, ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ են նռնենիները։

Հարսն ասում է փեսային.

11Այնտեղ կտամ քեզ իմ ստինքները, իմ հոգին ոչինչ չիմացավ, ինձ Ամինադաբի կառքերին նմանեցրեց։

Դուստրերը և թագուհիներն ասում են հարսին.

12Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՛վ սուլամացի, վերադարձի՛ր, վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն