Տոբիթ
10
Ծնողներն սպասում են իրենց որդուն
1Նրա հայր Տովբիթը մտքում հաշվում էր օրերը։ Երբ լրացան վերադառնալու օրերը, և չեկան, 2ասաց. «Գուցե Գաբայելը մեռե՞լ է, և չկա մեկը, որ նրան տա արծաթը, իսկ նա ամաչելով չի վերադառնում»։ 3Նա խիստ տրտում էր։ 4Կինն ասաց նրան. «Տղան կորավ, քանի որ այսչափ ուշացավ»։ Նա սկսեց լալ ու սգալ որդուն և ասաց. 5«Ոչինչ պետք չէ ինձ, որդյա՛կ իմ։ Ինչո՞ւ թողեցի քեզ, իմ աչքերի՛ լույս»։ 6Տովբիթն ասաց նրան. «Լռի՛ր և մի՛ անհանգստացիր. նա ողջ է»։ 7Իսկ կինն ասաց նրան. «Դո՛ւ լռիր և մի՛ խաբիր ինձ, որովհետև իմ երեխան կորավ»։ Եվ ամեն օր մայրը դուրս էր ելնում ու գալիս այն ճանապարհը, որով նրանք գնացել էին։ Ցերեկը հաց չէր ուտում, իսկ գիշերը չէր դադարում իր որդի Տովբիային սգալուց։ Երբ լրացան հարսանիքի տասնչորս օրերը, որ Հռագուելը երդվել էր, թե նրանք այնտեղ կմնան,
Տովբիան ուզում է վերադառնալ
8Տովբիան ասաց Հռագուելին. «Արձակի՛ր ինձ, որովհետև իմ հայրն ու մայրն ինձ ողջ տեսնելու հույս այլևս չունեն»։ 9Աներն ասաց նրան. «Դու մնա՛ այստեղ՝ ինձ մոտ, իսկ ես մարդիկ կուղարկեմ քո հոր մոտ, և նրանք քո մասին կտեղեկացնեն նրան»։ Տովբիան ասաց. «Այդպես չի լինի, պետք է ինձ արձակես, որ գնամ իմ հոր մոտ»։ 10Հռագուելը վեր կացավ և նրան տվեց նրա կին Սառային, իր ունեցվածքի կեսը, ծառաներ ու աղախիններ, անասուններ ու արծաթ, 11օրհնեց նրանց, արձակեց ու ասաց. «Որդյա՛կ իմ, թող Տերը՝ երկնքի Աստվածը, հաջողություն պարգևի ձեզ, նախքան մեռնելս»։ 12Իսկ իր դստերն ասաց. «Զավա՛կս, պատվի՛ր քո սկեսուրին ու սկեսրայրին, քանի որ այժմ նրանք են քո հայրն ու մայրը, և հեռո՛ւ մնա ատելության խոսքերից»։ Եվ համբուրեց նրան։ 13Իսկ Հեդնան Տովբիային ասաց. «Սիրելի՛ եղբայր, թող Տերը քեզ ողջությամբ տանի քո տուն և ինձ իմ դուստր Սառայից զավակ տեսնել տա, որպեսզի ես ուրախանամ Տիրոջ առջև։ Այժմ նրան հանձնում եմ քեզ, թող այսուհետև քոնը լինի. չտրտմեցնես նրան»։
14Տովբիան գնում էր ու օրհնում Աստծուն, որ հաջողություն տվեց իր ճանապարհին։ Նա նաև օրհնում էր Հռագուելին ու նրա կնոջը։