Տոբիթ
13
Տովբիթի օրհներգը
1Տովբիթը ցնծության մեջ գրեց այս աղոթքը և ասաց.
2«Օրհնյա՜լ է Աստված, որ կենդանի է հավիտյան, Օրհնյա՜լ է նրա արքայությունը, Որովհետև նա հարվածում, բայց և ողորմում է, Իջեցնում է դժոխք և հանում է այնտեղից, Եվ չկա մեկը, որ փախչի նրա ձեռքից։
3Իսրայելի՛ որդիներ, փառաբանե՛ք նրան ազգերի առջև, Որովհետև նա մեզ ցրեց նրանց մեջ։
4Պատմե՛ք նրա մեծության մասին, Փառավորե՛ք նրան բոլոր մարդկանց առջև, Քանի որ նա է Տերը՝ մեր Աստվածը, Մեր Հայր Աստվածը հավիտյան։
5Մեր բոլոր անիրավությունների համար նա կտանջի մեզ, Սակայն կրկին կողորմի մեզ. Մեզ կվերահավաքի բոլոր ազգերի միջից, Որոնց մեջ ցրվել ենք մենք։
6Եթե դուք ձեր ամբողջ սրտով, Ձեր ամբողջ հոգով վերադառնաք դեպի նա Եվ նրա առջև արդարություն գործեք, Այն ժամանակ նա էլ կդառնա դեպի ձեզ Եվ իր երեսը չի ծածկի ձեզանից։
7Դուք կտեսնեք, թե նա ի՛նչ կանի ձեզ հետ, Եվ դուք նրան կփառաբանեք լիաբերան։ Օրհնեցե՛ք Տիրոջը, որ արդար է, Փառաբանե՛ք հավիտենության Թագավորին։
8Ես իմ գերության երկրում գոհություն կհայտնեմ նրան Եվ նրա զորությունն ու մեծությունը ցույց կտամ մեղավոր ազգերին։ Այժմ, մեղավորնե՛ր, դարձի՛ եկեք Եվ նրա առջև արդարությո՛ւն գործեք։ Ո՜վ գիտե, գուցե նա բարեհաճ լինի և ողորմի ձեզ։
9Իսկ ես կօրհնեմ իմ Աստծուն, Իմ հոգին կօրհնի երկնքի Թագավորին, Ես կցնծամ նրա մեծությամբ։
10Թող բոլոր ազգերն ասեն այս Եվ փառաբանեն նրան սուրբ քաղաք Երուսաղեմում։ Նա կպատժի քո ժողովրդի որդիներին, Բայց նորից կդառնա ու կողորմի արդարների որդիներին։
11Դու գոհությո՛ւն մատուցիր բարերար Տիրոջը Եվ օրհնաբանի՛ր հավիտենության Թագավորին, Որպեսզի նա կրկին իր խորանը ուրախությամբ կառուցի քո մեջ։
12Քո մեջ կցնծան նրանք, ովքեր գերված են, Քեզ կսիրեն նրանք, Ովքեր բոլոր ազգերի մեջ հավիտյան թշվառացած են։
13Տիրոջ՝ Աստծու անվան համար բազմաթիվ ազգեր կգան հեռվից, Ձեռքերին առած՝ կբերեն իրենց նվերները՝ մատուցելու երկնավոր Թագավորին, Եվ սերնդից սերունդ ուրախություն կպարգևեն քեզ։
14Քո բոլոր ատելիներն անիծյալ կլինեն, Քո բոլոր սիրելիներն օրհնյալ կլինեն։
15Ցնծա՛ և ուրա՛խ եղիր արդարների որդիների համար, Որովհետև նրանք կհավաքվեն Եվ միասին կփառաբանեն արդարությունների Տիրոջը։ Քեզ սիրողները երանելի կլինեն, Եվ կցնծան քո խաղաղության համար։
16Երանի՜ նրանց, ովքեր տրտմեցին քո կործանման համար, Որովհետև երբ նրանք տեսնեն քո փառքը, Կրկին քեզանով կցնծան և հավիտյան ուրախ կլինեն։ Հոգիս կօրհնի Աստծուն՝ մեծ Թագավորին,
17Որովհետև Երուսաղեմը կկառուցվի թանկարժեք քարերով՝ Շափյուղայով, սուտակով և այլ թանկագին քարերով։ Քո պարիսպները, աշտարակներն ու ամրությունները Կկառուցվեն ազնիվ ոսկով։ Երուսաղեմի բոլոր հրապարակները կպատրաստվեն բյուրեղ, դահանակ և սարդիոն քարերով։
18Երուսաղեմի բոլոր փողոցներում կասեն՝ ալելուիա, Կօրհներգեն և կասեն. «Օրհնյա՜լ է Աստված, Որ հավիտյան փառավորեց ողջ աշխարհը»։
Նոր Էջմիածին · HYEJB2017