Տոբիթ

2

Տովբիթը կուրանում է

1Երբ ես վերադարձա իմ տունը, ինձ տվեցին իմ կնոջը՝ Աննային, և իմ որդի Տովբիային։ Պենտեկոստեի տոնին, որը սուրբ օր է, Զատիկից յոթ հետո, ինձ համար ճոխ պատրաստվեց, և ես բազմեցի՝ ուտելու և խմելու։ 2Իմ առջև բազմաթիվ խորտիկներ տեսնելով՝ ասացի իմ որդուն. «Գնա՛, հրավիրի՛ր մեր եղբայրներից, ում որ գտնես. ես կսպասեմ քեզ»։ 3Նա վերադարձավ և ասաց. «Հա՛յր, մեր ազգից մեկը՝ ոտքերը կտրված, մեռած ընկած է հրապարակում»։ 4Ես նախքան ճաշելս գնացի, վերցրի նրան ու բերեցի իմ տունը, մինչև որ արեգակը մտնի։ 5Վերադառնալով՝ լվացվեցի ու տրտմությամբ կերա իմ հացը։ 6Եվ հիշեցի Ամովսի մարգարեությունը, որ ասաց. «Ձեր տոները սգի կփոխարինվեն, իսկ ձեր ուրախությունները՝ տրտմության», և սաստիկ լաց եղա։ 7Երբ արեգակը մայր մտավ, փոս փորեցի ու թաղեցի նրան։ 8Իմ մերձավորները ծաղրում էին՝ ասելով. «Դեռ չի՞ վախենում մեռնել այս արածի համար, ինչի համար արդեն հալածվել է. վերադառնալով դարձյա՞լ է դիակները»։

9Նույն գիշերը, երբ թաղելուց հետո վերադարձա, պղծված լինելով՝ ննջեցի դրսում՝ գավթի պատի մոտ, և երեսս չծածկեցի։ 10Չգիտեի, որ պատին ճնճղուկներ կային։ Երբ աչքերս բացեցի, ճնճղուկները տաք ծրտեցին աչքերիս մեջ։ Դրանից աչքերս սպիտակ փառով պատվեցին։ Գնացի բժիշկների մոտ, սակայն նրանք ինձ ոչնչով չօգնեցին։ Մինչև Ելիմայիդա գնալս Աքիաքարն էր հոգ տանում ինձ՝ ռոճիկ տալով։

11Իմ կինը մանում ու գործում էր իր ձեռքերով 12ու տալիս էր գործատուներին, և նրանք նրան վարձ էին տալիս։ Մի անգամ էլ նրան հավելյալ մի ուլ տվեցին։ 13Երբ մոտեցավ ինձ, ուլն սկսեց մկկալ, և ես ասացի նրան. «Որտեղի՞ց բերեցիր այդ ուլը, մի՞թե գողացված է, վերադարձրո՛ւ իր տերերին, քանի որ ես չեմ կարող գողացված բան ուտել»։ 14Իմ կինն ասաց. «Իմ աշխատանքի դիմաց ինձ պարգևատրեցին»։ Ես չհավատացի նրան և ստիպեցի տալ իր տերերին՝ միաժամանակ ամաչելով նրա արածի համար։ Իսկ նա ինձ ասաց. «Որտե՞ղ են քո ողորմություններն ու քո արդարությունները։ Ահա թե ինչպես դրանք երևան եկան»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն