Տոբիթ

3

Տովբիթի աղոթքը

1Ես տրտմեցի, լաց եղա, ցավագին սրտով աղոթքի կանգնեցի ու ասացի.

2«Արդար ես դու, Տե՛ր, քո բոլոր գործերն ու քո բոլոր ճանապարհները ողորմություն են, և միշտ ճշմարիտ ու արդար դատաստանով ես դատում։

3Նայի՛ր ինձ ու հիշի՛ր ինձ, և ինձ մի՛ հատուցիր ըստ իմ մեղքերի ու չարիքների, և ոչ էլ ըստ այն մեղքերի, որ իմ հայրերը գործել են քո առջև։

4Այն բանի համար, որ նրանք շրջանցեցին քո պատվիրանները, մեզ հափշտակության, գերության ու մահվան մատնեցիր, նախատինքի օրինակ դարձրիր բոլոր հեթանոսների առաջ, որոնց մեջ ցրված ենք այժմ։

5Այժմ, Տե՛ր, իրավացի են քո բազում պատիժները, որ սահմանեցիր ինձ համար ու իմ հայրերի համար, քանի որ չկատարեցինք քո պատվիրանները և քո առջև ճշմարտությամբ չընթացանք։

6Արդ, վարվի՛ր ինձ հետ քո կամքի համաձայն, և հոգիս առնելու հրամա՛ն տուր, որպեսզի ազատվեմ իմ հոգուց ու հող դառնամ, քանի որ ինձ համար մեռնելն ավելի լավ է, քան իմ այս կյանքը, որովհետև անտեղի նախատինքներ լսեցի, ու մեծ տրտմության մեջ եմ։ Ինձ իմ վշտերից դեպի հավիտենական հանգրվա՛ն արձակիր և երես մի՛ թեքիր ինձանից»։

Սառայի կրած նախատինքները

7Այնպես պատահեց, որ նույն օրը Մարաց երկրի Եկբատանում բնակվող Հռագուելի դուստր Սառան ևս նախատինքի արժանանա իր հոր աղախինների կողմից։ 8Որովհետև կնության էր տրվել յոթ մարդու, բայց Ազմոդ չար դևը սպանել էր նրանց, նախքան ամուսնական օրենքի համաձայն նրան կմերձենային։ Աղախինները նախատում էին նրան և ասում. «Չե՞ս հասկանում, որ խեղդում ես քո ամուսիններին։ Ահա յոթ ամուսին առար, բայց ոչ մեկին չվայելեցիր։ 9Արդ, մեզ ինչո՞ւ ես տանջում. ինչո՞ւ դու էլ նրանց հետ չմեռար, որ հավիտյանս չտեսնենք քո զավակին»։

10Երբ աղջիկը լսեց այդ, շատ տրտմեց և ցանկացավ խեղդել իրեն։ Սակայն մտածեց. «Ես իմ հոր միակ զավակն եմ. արդ, եթե այս անեմ, նախատինք կլինեմ նրա համար և նրա ծերությունը ցավով կիջեցնեմ»։

Սառայի աղոթքը

11Նա, աղոթքի կանգնած այն պատուհանի դիմաց, որ նայում էր դեպի , ասաց. «Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, հավիտյանս օրհնյալ ու պատվական է քո սուրբ անունը։

12Արդ, Տե՛ր, իմ ողջ սրտով աղաչում եմ քեզ

13և խնդրում, ա՛ռ իմ հոգին իմ մարմնից, որպեսզի այլևս նախատինք չլսեմ։

14Քանի որ դու, Տե՛ր, գիտես, որ իմ կուսությամբ մաքուր եմ ամեն տեսակ մեղքերից,

15և իմ անունն ու իմ հոր անունը չեմ պղծել։ Ես իմ հոր միակ զավակն եմ, և այլ զավակ չկա, որ ժառանգի նրան։ Նաև ո՛չ ունի, ո՛չ էլ եղբորորդի, որպեսզի ինձ պահեմ նրան կնության։ Իմ յոթ ամուսինները մեռան, այլևս ինչո՞ւ ես պիտի ապրեմ։ Արդ, Տե՛ր, եթե չես ցանկանում, որ մեռնեմ, նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, որպեսզի այլևս նախատինք չլսեմ»։

16Երկուսի աղոթքներն էլ լսելի եղան Աստծու առաջ, և Ռաֆայելն 17առաքվեց՝ բժշկելու երկուսին էլ՝ Տովբիթի աչքերից հեռացնելու սպիտակ փառը, իսկ Հռագուելի դուստր Սառայի միջից հանելու Ազմոդ դևին և նրան կնության տալու Տովբիթի որդի Տովբիային, քանի որ հենց Տովբիային էր վիճակված նրան ժառանգելը։ Եվ նույն ժամին, երբ Տովբիթը վերադարձավ ու մտավ իր տունը, Հռագուելի դուստր Սառան էլ իջավ իր վերնատնից։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն