Տոբիթ
4
Տովբիթի կտակը
1Այն օրը Տովբիթը հիշեց այն արծաթի մասին, որ Մարաց երկրի Հռագիս քաղաքում պահ էր տվել Գաբայելին, 2և ասաց իր մտքում. «Ես մահ խնդրեցի։ Ինչո՞ւ չկանչեմ իմ Տովբիա որդուն և նախքան մահանալս նրան չհայտնեմ ամեն ինչ»։ 3Կանչեց նրան ու ասաց. «Զավա՛կս, եթե ես մեռնեմ, թաղի՛ր ինձ. քո մորը չանարգես ու չանտեսես, այլ պատվի՛ր նրան քո կյանքի բոլոր օրերին, արա՛ նրա համար այն ամենը, ինչ հաճելի է նրան և մի՛ տրտմեցրու նրան։ 4Հիշի՛ր, որ նա քեզ համար շատ չարչարանքներ կրեց, երբ դու նրա որովայնում էիր։ Իսկ երբ մահանա, թաղի՛ր նրան ինձ հետ նույն շիրիմում։ 5Նաև քո կյանքի բոլոր օրերին դու հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և մի՛ մեղանչիր ու մի՛ անտեսիր նրա պատվիրանները, այլ քո ողջ կյանքի ընթացքում արդարությո՛ւն արա ու մի՛ գնա անիրավության ճանապարհով, 6քանի որ երբ դու ճշմարտությամբ գործես, քո բոլոր գործերը կհաջողվեն, ինչպես նաև բոլորինը, որոնք արդարությամբ են գործում։ 7Քո ունեցվածքից ողորմությո՛ւն արա, և երբ ողորմություն տաս, քո աչքը թող չափսոսա։ Աղքատներից երես մի՛ թեքիր, և Աստված էլ քեզանից երես չի թեքի։ 8Քո ունեցվածքի համապատասխան արա՛ քո ողորմությունը։ Եթե քիչ ունենաս, չհապաղես այդ քչից էլ ողորմություն անել, 9քանի որ քո կյանքի օրերին բարի գանձեր պիտի հավաքես, 10որովհետև ողորմությունները փրկում են մահվանից ու թույլ չեն տալիս խավարը մտնել։ 11Ողորմությունը բարիք է բոլոր նրանց համար, ովքեր այն կատարում են Աստծու առաջ։
12Պոռնկությունից քեզ հեռո՛ւ պահիր։ Քո հայրերի սերնդից քեզ կին կառնես և օտար ազգից քեզ կին չառնես, քանի որ մենք մարգարեների՝ Նոյի, Աբրահամի, Իսահակի և Հակոբի՝ մեր նախահայրերի որդիներն ենք։ Դու, որդյա՛կ, հիշի՛ր, որ սրանք բոլորը կին առան իրենց ազգականներից ու օրհնվեցին իրենց զավակներով, և նրանց սերունդը պիտի ժառանգի երկիրը։ 13Դու էլ, որդյա՛կ, սիրի՛ր քո եղբայրներին, երես մի՛ թեքիր և սրտումդ մի՛ ամբարտավանացիր քո եղբայրների և քո ժողովրդի որդիների ու դուստրերի հանդեպ. նրանցի՛ց քեզ կին առ։ Որովհետև ամբարտավանությունից առաջ է գալիս կորուստ ու մեծ խռովություն, իսկ ցոփությունից՝ մեծ պակասություն ու կարոտություն, քանի որ սովի մայրը ցոփությունն է։
14Քո աշխատողի վարձը թող չմնա քեզ մոտ մինչև հաջորդ օրը, այլ ժամանակի՛ն վճարիր նրան. եթե ծառայում ես Աստծուն, քեզ բարիքներով կհատուցի։ Դու զգո՛ւյշ եղիր, որդյա՛կ, քո բոլոր գործերում և բարեկի՛րթ եղիր քո ողջ կյանքում։ 15Եվ այն, ինչ դու ատում ես, ոչ մեկին մի՛ արա։ Այնքան գինի մի՛ խմիր, որ հարբես, և հարբած ճանապարհ մի՛ գնա։ 16Քո հացից տո՛ւր քաղցածին, քո հանդերձից՝ մերկին և քեզ անհրաժեշտից ավելին ողորմությո՛ւն արա։ 17Արդարների հուղարկավորության ժամանակ հա՛ց բաշխիր, սակայն մեղավորներին չտաս։ 18Բոլոր մարդկանցից խորհո՛ւրդ խնդրիր և օգտակար խորհուրդները մի՛ արհամարհիր։
19Ամեն ժամ օրհնի՛ր դու Տիրոջը՝ քո Աստծուն, և խնդրի՛ր նրանից, որ ուղիղ լինեն քո ճանապարհները, հաջողվեն քո ընթացքն ու քո ծրագրերը, քանի որ մարդկանց խորհուրդը ոչինչ է. Տերն ինքն է բարի խորհուրդ շնորհում և խոնարհեցնում նրան, ում կամենում է։ Արդ, որդյա՛կ, դու հիշի՛ր իմ բոլոր պատվիրանները, որ տվեցի քեզ, և դրանք քո սրտից թող չջնջվեն։
20Եվ այժմ ես հայտնում եմ քեզ այն տասը քանքար արծաթի մասին, որ պահ եմ տվել Գաբրիայի որդի Գաբայելի մոտ՝ Մարաց երկրի Հռագիս քաղաքում։ 21Մի՛ վախեցիր, որդյա՛կ, որ շատ աղքատացանք. դեռ շատ հարստություն կունենաս, եթե հեռու մնաս մեղքերից, երկյուղած լինես Աստծու նկատմամբ և հաճելի բաներ անես նրա առաջ։