Տոբիթ

5

Տովբիան գնում է Մարաստան

1Տովբիան պատասխանեց և ասաց նրան. «Հա՛յր, կանեմ այն ամենը, ինչ պատվիրեցիր ինձ։ 2Բայց ես ինչպե՞ս կարող եմ գտնել արծաթը, քանի որ այդ մարդուն չեմ ճանաչում»։ 3Տովբիթը նրան տվեց այն մարդու ձեռքով գրված թուղթը, որի մոտ պահ էր տրված գանձը, և ասաց նրան. «Գտի՛ր մեկին, որ ուղեկից կլինի քեզ, ես վկճարեմ նրան, քանի դեռ կենդանի եմ, գնա՛ ու վերցրո՛ւ արծաթը»։

4Տովբիան գնաց վարձկան փնտրելու և գտավ Ռաֆայել հրեշտակին, սակայն չգիտեր, թե նա ով է։ 5Տովբիան նրան ասաց. «Դու կարո՞ղ ես ինձ հետ Մարաց երկրի Հռագիս քաղաքը գալ, ծանո՞թ ես այդ վայրերին»։ 6Հրեշտակը նրան ասաց. «Կգամ քեզ հետ, ճանապարհը գիտեմ և ճանաչում եմ Գաբայելին՝ մեր եղբորը»։ 7Տովբիան նրան ասաց. «Այստեղ մի փոքր սպասի՛ր, մինչև գնամ ու հորս տեղեկացնեմ»։ 8Եվ նրան ասաց. «Գնա՛, բայց մի՛ ուշացիր»։ 9Մտավ և ասաց հորը. «Ահա գտա մեկին, որ ինձ կընկերակցի»։ Իսկ հայրը նրան ասաց. «Նրան ինձ մո՛տ կանչիր, որպեսզի իմանամ, թե ո՛ր ցեղից է և վստահելի՞ է քեզ հետ գալու համար»։ 10Նա ներս կանչեց նրան, և ողջույն տվեցին միմյանց։ 11Տովբիթը նրան ասաց. «Եղբա՛յր, դու մեր ո՞ր ցեղից ես, պատմի՛ր ինձ»։ 12Նա պատասխանեց. «Իմ ազգատո՞հմն ես ուզում, թե՞ վարձկան, որ քո որդու հետ գնա»։ Տովբիթն ասաց նրան. «Եղբա՛յր, ցանկանում եմ իմանալ քո տոհմը և անունը»։ 13Նա ասաց. «Իմ անունը Ազարիա է, քո ազգականներից մեծն Անանիայի որդին եմ»։ 14Տովբիթը նրան ասաց. «Բարով եկար, եղբա՛յր։ Մի՛ բարկացիր ինձ վրա, որ ցանկացա իմանալ քո տոհմը. դու իմ եղբայրներից ես, և ազնվական տոհմից։ Ես ճանաչում էի և՛ Անանիային, և՛ Նաթանին՝ մեծ Սեմայի որդիներին։ Միասին էինք գնում՝ անելու և առաջնածիններին ու բերքի տասանորդը մատուցելու։ Նրանք մեր եղբայրների մոլորություններով չմոլորվեցին։ Մեծ սերնդից ու տոհմից ես, եղբա՛յր։ 15Արդ, ասա՛ ինձ, ի՞նչ վարձ տամ քեզ. յուրաքանչյուր օրվա համար մեկ դրախմի կտամ, նաև բոլոր անհրաժեշտ պարագաները, ինչպես որ իմ որդուն։ 16Եվ եթե ողջ-առողջ վերադառնաք, հավելյալ վարձ էլ կտամ»։

17Նրանք համաձայնության եկան։ Հայրը Տովբիային ասաց. «Որդյա՛կ, պատրաստվի՛ր ճանապարհ ընկնելու, և թո՛ղ այն հաջողակ լինի»։ Տղան պատրաստեց ճանապարհի անհրաժեշտ պարագաները։ Հայրը նրան ասաց. «Որդյա՛կ, գնա՛ այդ մարդու հետ, և երկնքում բնակվող կհաջողեցնի ձեր ճանապարհը։ Նրա հրեշտակը թող ուղեկից լինի ձեզ»։ Երկուսով միասին ելան ու ճանապարհ ընկան։ Նրանց հետ էր նաև տղայի շունը։

18Տովբիայի մայրը լալով ասաց. «Տովբի՛թ, մեր որդուն ինչո՞ւ հեռու ուղարկեցիր մեզանից, արդյոք նա չէ՞ մեր ծերության ապավենը, երբ մեր առջև է ելումուտ անում։ 19Մեզ հավելյալ արծաթ պետք չէ, թող այն չլինի մեր որդու փոխարեն։ 20Այն, ինչ Աստված տալիս է մեզ, բավական է մեզ»։ 21Տովբիթն ասաց նրան. «Քո՛ւյր, մի՛ տրտմիր. նա ողջ առողջ կվերադառնա, և քո աչքերը կտեսնեն նրան։ 22Որովհետև նրա բարի հրեշտակը կառաջնորդի նրան ու կհաջողեցնի նրա ճանապարհը, և ողջ-առողջ կվերադառնա»։ 23Եվ մայրը դադարեց լաց լինելուց։

Նոր Էջմիածին · HYEJB2017