Տոբիթ

7

Տովբիայի ամուսնությունը

1Նրանք եկան Եկբատան և մտան Հռագուելի տունը։ Սառան ընդառաջ ելավ և ողջույն տվեց նրանց, նրանք էլ՝ նրան։ Սառան նրանց առաջնորդեց ։ 2Հռագուելն իր Հեդնային ասաց. «Տեսնո՞ւմ ես, թե այս պատանին ինչքա՜ն նման է իմ եղբորորդի Տովբիթին»։ 3Հռագուելը հարցրեց նրանց և ասաց. «Որտեղի՞ց եք, եղբայրնե՛ր»։ Նրան ասացին. «Նեփթաղիմի որդիներից ենք, որ գերի են տարված »։ 4Ապա ասաց. «Դուք ճանաչո՞ւմ եք մեր Տովբիթին»։ Ասացին. «Ճանաչում ենք»։ Նրանց ասաց. «Ո՞ղջ է»։ 5Նրանք պատասխանեցին. «Ողջ է և առողջ»։ Իսկ Տովբիան ասաց. «Նա իմ հայրն է»։ 6Հռագուելն անմիջապես վեր կացավ, համբուրեց նրան ու լաց եղավ, ապա օրհնեց նրան և ասաց. « և բարերար մարդու որդի ես դու»։ Իսկ երբ լսեց, որ Տովբիթի աչքերը կուրացել են, լաց եղավ և տրտմեց։ 7Տրտմեցին նաև իր կին Հեդնան ու նրանց դուստր Սառան։ Նրանք մեծ ուրախությամբ ընդունեցին ու հյուրընկալեցին նրանց։ 8Ապա խաշներից մի խոյ մորթեցին նրանց համար և բազում խորտիկներ պատրաստեցին ու դրեցին նրանց առջև։ 9Տովբիան ասաց Ռաֆայելին. «Եղբա՛յր Ազարիա, այժմ ասա՛ այն, ինչի մասին խոսում էիր ճանապարհին, որպեսզի քո ասածը լինի»։ 10Ռաֆայելն այդ խոսքերը հաղորդեց Հռագուելին, և Հռագուելը Տովբիային ասաց. «Կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր, որովհետև քեզ է վիճակված առնել իմ աղջկան։ Բայց քեզ ճշմարիտն ասեմ. 11ես իմ աղջկան տվել եմ յոթ մարդու, բայց երբ նրանք ցանկանում էին մերձենալ նրան, նույն գիշերը մեռնում էին։ Բայց դու, որդյա՛կ իմ, այժմ ուրա՛խ եղիր»։ 12Տովբիան ասաց. «Ես ոչ մի բան չեմ ուտի, մինչև չվերջացնեք այս գործը»։ Հռագուելն ասաց. «Ըստ օրենքի նրան քեզ կնությա՛ն առ, որովհետև դու աղջկան եղբայր ես գալիս. թող նա քոնը լինի։ Թող ողորմածն ձեզ բարին հաջողեցնի»։

13Նա կանչեց իր դուստր Սառային, բռնեց նրա ձեռքից, Տովբիային կնության տվեց և ասաց. «Ահա՛, ըստ Մովսեսի օրենքի դու վերցրո՛ւ նրան և տա՛ր քո հոր մոտ»։ Եվ օրհնեց նրանց։ 14Ապա կանչեց իր կին Հեդնային, տան ամբողջ ունեցվածքը վերցրեց, տվեց աղջկան. մուրհակներով հաստատեց դրանք ու կնքեց։ Նրանք սկսեցին ուտել, խմել և ուրախանալ։ 15Հռագուելը կանչեց իր կին Հեդնային ու ասաց նրան. «Քո՛ւյր, պատրաստի՛ր մյուս սենյակը և աղջկան տա՛ր այնտեղ»։ 16Կինն արեց այնպես, ինչպես հրամայել էր իրեն, և նրան տարավ այնտեղ։ Աղջիկը լալիս էր, իսկ մայրը սրբում էր աղջկա արտասուքները և ասում նրան. 17«Քաջալերվի՛ր, դո՛ւստր, երկնքի և երկրի Տերն այս տրտմության փոխարեն քեզ ուրախություն ու ցնծություն կտա, քաջալերվի՛ր, աղջի՛կս, քաջալերվի՛ր»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն