Տոբիթ
8
Ամուսնության գիշերը
1Երբ նրանք ընթրելն ավարտեցին, Տովբիային տարան աղջկա մոտ։ 2Երբ նա ներս մտավ, հիշեց Ռաֆայելի խոսքերը, վերցրեց խնկի մոխրախառն կրակը, նրա վրա դրեց ձկան սիրտն ու լյարդը և ծխեց։ 3Երբ դևն առավ այդ հոտը, փախավ Եգիպտոսի սահմանների վերին կողմը, և հրեշտակը կապեց նրան։ 4Երբ երկուսով անկողին մտան, Տովբիան ելավ մահճից և ասաց. «Քո՛ւյր, դու է՛լ արի, աղոթքի կանգնենք, որպեսզի Աստված մեզ ողորմի»։ 5Տովբիան սկսեց աղոթել ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, մեր հայրերի՛ Աստված, հավիտյանս օրհնյալ և փառավորյալ է քո սուրբ անունը, թո՛ղ քեզ փառաբանեն երկինքն ու քո բոլոր արարածները։
6Դու ստեղծեցիր Ադամին և որպես զորավիգ ու օգնական՝ նրան տվեցիր Եվային՝ նրա կնոջը, և նրանցից առաջ եկավ մարդկային ողջ ցեղը։ Դու ասացիր. “Լավ չէ, որ մարդ մենակ լինի. նրա համար իր նման օգնական ստեղծենք”։
7Այժմ, Տե՛ր, ոչ թե պոռնկության համար եմ առնում իմ այս քրոջը, այլ ազնվությամբ։ Նայի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ, որպեսզի մենք միասին ծերանանք»։
8Աղջիկը նրա հետ ասաց՝ ամեն,
9և այն գիշեր երկուսով միասին քնեցին։
10Իսկ Հռագուելը գնաց և նրա համար գերեզման փորեց, քանզի վախենում էր, թե գուցե նա էլ մեռնի։ 11Ապա եկավ իր տունը 12և ասաց իր կին Հեդնային. «Աղախիններից մեկին ուղարկի՛ր, որպեսզի տեսնի, թե կենդանի՞ է արդյոք, եթե ոչ, կթաղենք նրան, որպեսզի ոչ ոք չիմանա»։ 13Աղախինը ներս մտավ ու տեսավ, որ երկուսով քնած են։ 14Նա դուրս ելավ ու ասաց, որ կենդանի են։
Հռագուելի օրհներգությունը
15Հռագուելն օրհնաբանեց Աստծուն ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, Աստված, քո բոլոր օրհնությունների ու փառքերի մեջ. թող քեզ օրհնեն քո բոլոր սրբերը, քո բոլոր ստեղծածները, թող հավիտյան օրհնեն քեզ քո ընտրյալները։
16Օրհնյալ ես դու, Տե՛ր, Աստված, քանզի ուրախացրիր ինձ, և ինձ հետ չպատահեց այն, ինչ ենթադրում էի, այլ մեզ հետ վարվեցիր քո առատ ողորմության համաձայն։
17Օրհնյալ ես դու, Տե՛ր, որովհետև ողորմեցիր այս երկու միամորիկ զավակներին։ Տե՛ր, սրանց ողորմությո՛ւն արա, և առողջությամբ ու ուրախությա՛մբ հասցրու իրենց կյանքի ավարտին»։
18Ապա նա իր ծառաներին հրամայեց լցնել գերեզմանը։
19Նա տասնչորս օր հարսանեկան խնջույք արեց նրանց համար։ 20Հռագուելն ասաց Տովբիային. «Երդվեցնում եմ քեզ, որ այստեղից չես գնա, մինչև չավարտվեն հարսանիքի տասնչորս օրերը։ 21Իսկ հետո կվերցնես իմ ունեցվածքի կեսը, և դու ու աղջիկը խաղաղությամբ կգնաք քո հոր մոտ, իսկ երբ ես ու իմ կինը մեռնենք, կստանաք մնացած ամբողջ ունեցվածքը»։
Նոր Էջմիածին · HYEJB2017