Իմաստութիւն Սողոմոնի

10

Իմաստության դերը պատմության մեջ. Ադամից մինչև Մովսես

1Իմաստությունը հաստատուն պահեց առաջին մարդուն՝ ողջ աշխարհի նախահորը։ Նա փրկեց նրան իր հանցանքներից 2և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։ 3Իսկ անիրավը բարկությամբ հեռացավ դրանից և կործանվեց իր եղբայրասպան զայրույթի մեջ։ 4Դրա համար էլ իմաստությունը երկրորդ անգամ փրկեց հեղեղված երկիրը չնչին այն փայտի շնորհիվ, որի նավապետն էր արդարը։ 5Իմաստությունն էր նույնպես, որ միաբանությամբ չարության մեջ խռնված ազգերի միջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծու առջև և հարազատ որդու նկատմամբ տածած գթությամբ պահպանեց հզորին։ 6Ամբարիշտների կորստի ժամանակ իմաստությունը փրկեց արդարին՝ փախցնելով նրան Պենտապոլիի վրա իջնող հրից։ 7Այնտեղ որպես չարիքի ՝ հողերը ծխալով դեռևս մնում են խոպան, պտղատու տունկերը ժամանակին չեն տալիս, և որպես անհավատ հոգու հիշատակ՝ կանգուն է աղի արձանը։ 8Զանց անելով իմաստությունը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլև աշխարհում անմտության հիշատակ թողեցին, որպեսզի իրենց հանցանքները ծածկված չմնան։ 9Իսկ իմաստությունն իրեն աղաչողներին փրկեց վշտերից։ 10Նա եղբոր բարկությունից փախածին առաջնորդեց դեպի ուղիղ շավիղներ, նրան ցույց տվեց Աստծու արքայությունը և սրբությունները ճանաչելու գիտությունը տվեց նրան։ Հաջողություն և շահ տվեց նրան իր տքնությունների մեջ և բազմացրեց նրա վաստակը։ 11Բռնացողների ագահությունից պաշտպանեց և մեծացրեց նրան 12ու պահպանեց թշնամիներից։ Նրան զգուշացրեց դարանակալներից և հաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպեսզի գիտենա, որ աստվածպաշտությունը զորավոր է ամեն բանից։ 13Իմաստությունը չլքեց վաճառված արդարին, այլ մեղքերից փրկեց նրան, 14նրա հետ իջավ փոսը և կապանքների մեջ նույնիսկ չթողեց նրան, մինչև իսկ նրա ձեռքը թագավորական գավազան դրեց և տվեց իրեն նեղողների վրա։ Ցույց տվեց, որ ստախոսներ էին նրան բամբասողները, և հավիտենական տվեց նրան։

Ելք

15Իմաստությունը սուրբ ժողովրդին և անարատ սերնդին փրկեց նեղիչ ազգի ձեռքից։ 16Մտավ Տիրոջ ծառայի հոգու մեջ և հրաշագործություններով ու սքանչելիքներով դիմագրավեց ահազդու թագավորներին. 17սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղավ, իսկ գիշերը՝ աստղալույս։ 18Նրանց անցկացրեց Կարմիր ծովով և տարավ նրանց առատ ջրերի միջով։ 19Ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ նրանց վեր հանեց անդունդի խորքերից։ 20Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին և օրհնեցին, Տե՛ր, քո սուրբ անունը, քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։ 21Քանզի իմաստությունը բացեց համրերի բերանը և հստակախոս դարձրեց մանուկների լեզուն։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն