Իմաստութիւն Սողոմոնի
11
1Իմաստությունը սուրբ մարգարեի ձեռքով հաջողեցրեց նրանց գործերը։ 2Նրանք շրջեցին անբնակ անապատում և վրաններ խփեցին անկոխ վայրերում, 3կանգնեցին պատերազմողների դեմ և վանեցին թշնամիներին, աղոթեցին, 4ծարավեցին և աղերսեցին քեզ, նրանց ջուր տրվեց ապառաժ քարից, և նրանց պապակը հագեցավ կարծր քարից։ 5Ինչ բանով որ պատժվեցին նրանց թշնամիները, նույնից նրանք, երբ կարիքի մեջ էին, բարերարություն գտան։ 6Արյունով կարմրած և ալեխռով մշտնջենական գետի փոխարեն, 7որպես կշտամբանք մանկակոտոր հրամանի՝ առատ ջուր տվեցիր անհույսներին՝ 8ցույց տալով, թե ծարավի ժամին ինչպե՛ս ես տանջել հակառակորդներին. 9երբ իրենց պատժի չափն առան, քո ողորմությամբ խրատված՝ հասկացան, թե ինչպե՛ս են տանջվում քո բարկությամբ դատապարտված ամբարիշտները։ 10Սրանց, իբրև խրատող հայր, փորձության ենթարկեցիր, իսկ ամբարիշտներին, իբրև խիստ թագավոր, կշտամբեցիր դատապարտելով։ 11Նույն վտանգին ենթարկվեցին թե՛ հեռու և թե՛ մոտիկ գտնվողները, 12և նրանց կրկին համակեցին անցյալի հիշողությունների տրտմությունն ու հեծությունը, 13որովհետև, երբ նրանք լսում էին, թե իրենց կրած պատժի միջոցով բարեպաշտները երախտիքի են արժանացել, ճանաչում էին քո հզորությունը, Տե՛ր։
Եգիպտացիները պատժվում են չափավորությամբ
14Դեռ երեկ և վաղուց ի վեր ում նրանք ուրացել և ծաղրում էին, դեպքերի վերջին ելքից դրդված՝ զարմացան, որ իրենք արդարների նման չէին և պիտի ծարավեին։ 15Իրենց անիրավ ու անմիտ մտածումների փոխարեն, որոնցով մոլորված՝ անխոս սողուններ և վատթար ճիճուներ էին պաշտում, նրանց վրա արձակեցիր անբան կենդանիների մի բազմություն՝ վրեժխնդիր լինելու համար, 16որպեսզի իմանան, թե ինչով մեղանչում է մարդ, նույնով էլ պիտի պատժվի։ 17Ամենազոր քո ձեռքի համար, որ անկերպարան նյութից հաստատեց այս աշխարհը, դժվար չէր նրանց վրա արձակել արջերի մի բազմություն կամ վայրագ առյուծներ 18կամ անծանոթ կատաղի այլ գազաններ՝ հուր ու կրակ շնչող, շարավալից ծուխ արձակող, աչքերից սաստիկ կայծեր փայլատակեցնող։ 19Նրանց խորտակելու համար բավական էր ոչ միայն դրանց պատճառած վնասը, այլև դրանց տեսքի սարսափը։ 20Բայց առանց դրանց էլ նրանք կարող էին կործանվել՝ մի հողմով իսկ հալածվելով ու ցրվելով քո հոգու զորությամբ և արդարադատությամբ։ Բայց դու ամեն ինչ կարգեցիր չափով, թվով ու կշռով, 21որովհետև յուրաքանչյուր ժամ քեզ հետ է քո ամենազոր ուժը, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո բազկի զորությանը։ 22Որովհետև ամբողջ աշխարհը քո առջև է իբրև կշեռքի նժար և իբրև ցողի մի կաթիլ, որ իջնում է երկիր։ 23Բայց դու ողորմում ես բոլորին, որովհետև կարող ես անել ամեն բան և թողնում ես, որ ապաշխարությամբ քավվեն մարդկային մեղքերը։ 24Քանի որ ատելո՛վ չես ստեղծել ամեն ինչ, այդ պատճառով էլ սիրում ես, ինչ որ կա, և գարշանք չես զգում քո արարածներից և ոչ մեկից։ 25Որովհետև ինչպե՞ս կարող էր որևէ բան լինել, եթե դու չկամենայիր, և ինչպե՞ս կարող էր գոյատևել մի բան, եթե դու գոյության կանչած չլինեիր այն։ 26Խնայի՛ր բոլորին, քանզի քոնն է ամեն բան, հոգեսե՛ր Տեր։