Իմաստութիւն Սողոմոնի
12
Աստվածային պատժի չափավորությունը քանանացիների հանդեպ
1Ամեն բանի մեջ է քո անեղծ հոգին։ 2Դրա համար էլ մեղապարտներին հանդիմանում ես սակավ առ սակավ և հիշեցնելով, թե ի՛նչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հավատան քեզ, Տե՛ր։ 3Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին 4իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների, անսուրբ նվերների, 5մանուկների անողորմ կոտորածների և քո աստվածության խորհրդավոր ծեսերի ժամանակ մարդկային մարմնի ներքին օրգաններն ու արյունն ուտելու համար։ 6Եվ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին, կամեցար կորստի մատնել մեր հայրերի ձեռքով, 7որպեսզի այն երկիրը, որ ամենից թանկ էր քեզ համար, իր մեջ ընդուներ Աստծուն արժանավոր ծառաների։ 8Բայց նրանց ևս, որպես մարդկանց, խնայեցիր, արձակելով քո զորքի առաջամարտիկներին՝ պիծակներին, որ նրանց մասամբ ոչնչացնեն, 9թեև անզոր չէիր ամբարիշտների դեմ պատերազմելու արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով կամ հենց մի խոսքով միանգամից կործանելու նրանց։ 10Բայց քիչ առ քիչ դատաստան տեսնելով՝ ապաշխարության տեղ էիր թողնում՝ չմոռանալով, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարությունը, և երբևէ չեն փոխվելու նրանց մտածումները, 11քանզի սկզբից ևեթ անիծված էր նրանց ծնունդը։ Դու երկյուղ չէիր կրում որևէ մեկից, երբ ներում էիր շնորհում մեղավորներին։ 12Որովհետև ո՞վ կարող է ասել քեզ, թե ի՛նչ ես անում, և ո՞վ կարող է դեմ կանգնել քո դատաստանին, և ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, և ո՞վ կարող է քեզ հակառակվել՝ անիրավ մարդկանցից վրեժխնդիր լինելու համար։ 13Քանի որ քեզնից բացի չկա այլ Աստված, որ հոգար բոլորի համար, որին հայտնի դարձնեիր, թե անարդար չես դատել։ 14Եվ ոչ մի թագավոր կամ բռնակալ չի կարող արգելել քեզ՝ նրանց պատժելու։ 15Որովհետև արդար ես և արդարությամբ ես ղեկավարում ամեն բան։ Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես՝ օտար համարելով քո զորությունից։ 16Քո զորությունը արդարության սկիզբն է, և բոլորի վրա քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։ 17Թերահավատին ցույց ես տալիս քո ուժը կատարյալ զորությամբ և հանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զորությունը։ 18Դու, որ զորությամբ ես տիրում, դատում ես հեզությամբ և մեծ խնամքով խնամում ես մեզ, քո զորությունը քեզ հետ է միշտ, և երբ կամենաս, կարող է քո կամքը լինել։
Աստված դաստիարակում է իր ժողովրդին
19Այսպիսի գործերով սովորեցրիր քո ժողովրդին, որ արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, որ նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։ 20Եթե քո ծառաների թշնամիներին և մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր և փրկեցիր՝ նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատվել չարիքներից, 21ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում և բարի ավետիսի դաշինք ես կնքել։
22Արդ, մեզ խրատելու համար դու բյուրապատիկ պատժում ես թշնամիներին, որպեսզի մենք, քո բարերարության չափն առնելով, հոգատար լինենք և դատվելով հուսանք ողորմության։
Անասուններ պաշտողների պատիժը
23Ուստի և նրանց, որ անմիտ և տարապարտ կյանքով էին ապրել, տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով, 24քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորության ճանապարհներով և անմիտ երեխաների նման խաբվելով՝ աստվածներ համարեցին այն անասուններին, որ անարգ էին իրենց թշնամիների համար էլ։ 25Դրա համար էլ նրանց, ինչպես անխոս մանուկների, դատաստանի փոխարեն ծաղր ու ծանակ արեցիր։ 26Եվ որովհետև նրանք չխրատվեցին թեթև պատժից, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկվեն։ 27Նրանք պատիժ են կրելու հենց այն անասուններից, որոնց չարչարելիս զայրանում էին և որոնց աստվածներ էին համարում։ Եվ տեսնելով նրան՝ ում նախկինում ուրանում էին, ճանաչեցին, որ նա է ճշմարիտ Աստվածը, և այդ պատճառով էլ նրանց վրա եկավ վերջին դատաստանը։