Իմաստութիւն Սողոմոնի

15

Իսրայելի ժողովուրդը կռապաշտ չէ

1Բայց դու, մեր Աստվա՛ծ, քաղցր ես և ճշմարիտ, համբերատար ես և ողորմությամբ ղեկավարում ես բոլորին։ 2Եթե էլ ենք գործում, քոնն ենք, որովհետև գիտենք քո զորությունը, բայց չենք մեղանչի, որովհետև գիտենք, որ քեզ ենք պատկանում։ 3Չէ՞ որ քեզ ճանաչելն իսկ բովանդակ է, և քո զորությունն իմանալը՝ արմատ անմահության։ 4Մեզ չմոլորեցրեց մարդկային չարարվեստ հնարագիտությունը, ոչ էլ կարծեցյալ նկարիչների անպտուղ աշխատանքը՝ պես-պես գույներով ծեփված այն պատկերները, 5որոնց տեսքը ցանկալի է անմիտներին, և որոնք փափագում են մեռյալ արձանի այդ անշունչ կերպարանքը։ 6Չարիքի արվեստագետներ են նրանք՝ արժանի այդ հույսին. թե՛ նրանք, որ կերտում են այդ կուռքերը, թե՛ նրանք, որ փափագում են, և թե՛ նրանք, որ պաշտում են դրանք։

Կուռքեր պատրաստողի հիմարությունը

7Քանզի բրուտն էլ, շաղելով փափուկ կավը, դնում է պտտվող գործիքի վրա և անոթ է շինում մեր բոլորի կարիքների համար. սակայն միևնույն կավից միանման շինված այդ անոթներից թե ո՛րն է ծառայելու սրբություններին, ո՛րը՝ բոլորովին հակառակ գործերի, թե ո՛րն ինչի հարկավոր կլինի, նույն կավագործն է որոշում։ 8Նույն կավից է կերտում, քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծվել է հողից և քիչ ժամանակ հետո, երբ իր հոգու պարտքը պահանջվի, նույն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։ 9Սակայն նրա հոգսն այն չէ, որ ինքը պետք է տքնի, և ոչ էլ այն, որ կարճատև է կյանքը, այլ այն, որ ձգտում է մրցել ոսկերիչների և արծաթագործների հետ, նմանվում է պղնձագործներին ու է համարում գարշելի բաներ շինելը։ 10Նրա սիրտը մոխիր է, հույսը՝ արհամարհելի հող, և նրա կյանքը կավից էլ անարգ է։ 11Որովհետև չճանաչեց իր ստեղծողին և ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մեջ ու կենդանի փչեց։ 12Այլ մեր գոյությունը խաղ համարեց, իսկ մեր կյանքը՝ շահութաբեր տոնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թեկուզ հենց չարիքից, հարկավոր է բան շահել։ 13Եվ նա բոլորից լավ գիտի, որ ինքը մեղք է գործում՝ հողեղեն նյութից դյուրաբեկ անոթներ և կուռքեր շինելով։

Եգիպտացիների կռապաշտական հիմարությունը

14Բայց քո ժողովրդի թշնամիները, որ ճնշում են նրան, մանուկներից անմիտ և խելապակաս են։ 15Աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։ 16Մարդն է արարել դրանք, Աստծուց ստացած ոգին է դրանք ստեղծել, որովհետև ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը, 17քանի որ լինելով մահկանացու՝ իր անօրեն ձեռքով միայն մեռյալ գործ կարող է կերտել։ Կերտողն ինքն ավելի լավ է իր պաշտած կուռքերից, որովհետև ինքը է ունեցել, իսկ նրանք՝ երբեք։ 18Այդ մարդիկ պաշտում են ամենագարշելի կենդանիներին, որոնք ստեղծված մյուս կենդանիների համեմատությամբ վատթար են։ 19Դրանք մյուս կենդանիների համեմատ ավելի ներկայանալի չեն, որովհետև Աստծու ոչ դրվատանքն ունեն, ոչ էլ օրհնությունը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն