Իմաստութիւն Սողոմոնի
16
1Բայց քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողությունից և նրա օրհնությունից, այդ պատճառով էլ, ըստ նրանց նմանության, արժանապես պատժվեցին՝ խոշտանգվելով ճիճուների բազմությունից։ 2Այդ տանջանքների փոխարեն դյուրացրիր քո ժողովրդի վիճակը, նրա սաստիկ ցանկության համաձայն՝ լորամարգուց նուրբ կերակուր պատրաստեցիր նրա համար։ 3Իսկ եգիպտացիները, որ կերակուր էին ցանկանում, իրենց վրա ուղարկված զզվելի կենդանիների պատճառով հրաժարվեցին անգամ անհրաժեշտ կերակուրն ուտելու ցանկությունից, մինչդեռ քո ժողովուրդը, սակավ ինչ կարիքի մեջ մնալով, վայելում էր նոր տեսակի կերակուրներ, 4քանի որ թշնամիներդ իրենց գործած բռնության համար պետք է անհրաժեշտ կարիքի մեջ ընկնեին, մինչդեռ քո ժողովրդին հարկավոր էր ցույց տալ, թե ինչպես տանջվեցին իր թշնամիները։
Եգիպտոսը և Իսրայելը. մորեխներ և օձեր
5Բայց այն ժամանակ, երբ գազանների սոսկալի բարկությունը հասավ նաև քո ժողովրդի վրա, մարդիկ սկսեցին մեռնել գալարապտույտ օձերի հարվածներից։ Քո բարկությունը չտևեց այնքան, որ նրանք իսպառ ոչնչանան, 6այլ որ մի կարճ ժամանակ խռովվեն, որպեսզի խրատվեն և փրկության նշան ունենան՝ հիշելով քո Օրենքի պատվիրանները։ 7Եվ ով շրջվում էր նայելու, փրկվում էր ոչ թե իր տեսածի, այլ քո՛ շնորհիվ, որ փրկիչն ես բոլորի։ 8Դրանով համոզում էիր մեր թշնամիներին, թե դու ես, որ փրկում ես ամեն չարիքից, 9որովհետև ոմանց մորեխի և մկների պատուհասները կոտորեցին, և նրանց համար բուժում չգտնվեց, քանի որ արժանի էին այդ պատուհասներից տանջվելու։ 10Իսկ քո որդիներին թունավոր օձերի ժանիքները չհաղթեցին, որովհետև քո ողորմությունը պատնեշեց որդիներիդ և փրկեց նրանց։ 11Քո խոսքերը հիշելով՝ նրանք վերստին պատվաստվում և փրկվում էին շուտափույթ, որպեսզի խոր մոռացման մեջ չընկնեն և անպատասխան չմնան քո բարերարությունից։ 12Քանի որ նրանց ո՛չ դեղաբույսերը բժշկեցին և ո՛չ էլ սպեղանիները, այլ քո խոսքն է, Տե՛ր, որ բուժում է ամեն ինչ։ 13Քանզի դու ունես կյանքի և մահվան իշխանություն, դու ես դժոխք իջեցնում և հանում։ 14Սակայն մարդն իր չարությունից է սպանություն գործում, և մարմնից դուրս ելած հոգին կրկին հետ չի գալիս, 15քանզի անհնարին է փախչել քո ձեռքից։
Կարկուտ և մանանա
16Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել, ուստի տանջվեցին քո բազկի զորությամբ։ Կարկուտով, անձրևներով և անդիմադրելի փոթորիկներով հալածվեցին ու ոչնչացան հրով։ 17Բայց նորահայտ հրաշքն այն էր, որ ամեն ինչ հանգցնող ջրի մեջ կրակն ավելի ուժեղ էր գործում, քանի որ աշխարհը մարտնչում է արդարների համար։ 18Քանզի այդժամ բոցը երբեմն մեղմանում էր, որպեսզի ամբարիշտների վրա արձակված գազաններին չայրի, այլ նրանք տեսնեին, որ խուճապի են մատնվել Աստծու դատաստանից։ 19Երբեմն էլ ջրի մեջ ավելի ուժեղ էր բորբոքվում կրակի զորությունը, որպեսզի ոչնչացներ մեղանչական երկրի արդյունքները։ 20Դրա փոխարեն դու քո ժողովրդին սնեցիր հրեշտակների կերակուրով և նրանց համար, առանց իրենց ջանքերի, երկնքից պատրաստի հաց տվեցիր, որ բավարարեր բոլորի պահանջն ու հաճելի լիներ յուրաքանչյուրի ճաշակին։ 21Քո ներկայությունը ցույց տվեց քո որդիների նկատմամբ քո քաղցրությունը, և այդ կերակուրը բավարարեց բոլոր ճաշակողների պահանջը։ 22Ձյունը և սառույցը կրակի դեմ մնում և չէին հալվում, որպեսզի իմանայինք, թե այն կրակը, որ այրվում էր կարկուտի մեջ և փայլատակում անձրևի ջրերում, ոչնչացնում էր թշնամիների պտուղը։ 23Եվ ընդհակառակը, որպեսզի արդարները կերակրվեին, կրակը կորցնում էր իր զորությունը։
24Քո արարչագործությունը ծառայում է քեզ, ո՜վ Արարիչ։ Երբեմն ցույց է տալիս իր հզորությունը անիրավներին պատժելիս, երբեմն էլ՝ օրհնելու քեզ վրա հույս դնողներին։ 25Դրա համար էլ կրակն այն ժամանակ, ամեն ինչով փոխված, դառնում էր քո ամենափրկիչ պարգևի սպասավորը՝ քո կարոտյալների ցանկության համաձայն։ 26Որպեսզի քո որդիները, որոնց դու սիրեցիր, Տե՛ր, սովորեն, որ ոչ թե արմտիքների արդյունքներն են մարդուն կերակրում, այլ քո խոսքն է քեզ հավատացողներին պահում։ 27Այն, ինչը չէր քայքայվում կրակից, հանկարծակի հալվում էր՝ արևի թույլ ճառագայթներից ջերմանալով։ 28Որպեսզի հայտնի դառնա, թե պետք է արեգակի ծագելուց առաջ ելնել՝ քեզ գոհություն տալու, և աղոթքի կանգնել լույսը բացվելուց առաջ, 29քանզի անշնորհապարտ մարդու հույսը պիտի հալվի ձմռան սառույցի պես և հոսի իբրև անպիտան ջուր։