Իմաստութիւն Սողոմոնի
17
Խավարը և կրակե սյունը
1Մեծ և անպատմելի են քո դատաստանները, դրա համար էլ անխոհեմ անձերը մոլորվեցին։ 2Անօրենները կարծում էին, թե կարող են բռնադատել սուրբ ազգին, մինչդեռ նրանք կապված էին խավարին և երկարատև գիշերով կաշկանդված, իրենց հարկի տակ արգելափակված փախստականներ էին նրանք՝ լքված հավիտենական նախախնամությունից։ 3Մտածելով, թե իրենց մեղքերը գաղտնի են պահված, նրանք հիմարության անճաճանչ առագաստի ներքո ցրվեցին՝ ծայր աստիճան հիմարացած և խուճապի ու խռովքների մատնված։ 4Որովհետև այն մութ վայրը, որ թաքցնում էր նրանց, չփրկեց երկյուղից. նրանց սարսափեցնում էին իրենց շուրջը թնդացող բոմբյունները, նրանց աչքին անժպիտ ու խոժոռադեմ ցնորքներ էին երևում։ 5Կրակի և ոչ մի ուժ չկարողացավ լուսավորել մութը, և խարույկից ծնված ոչ մի բորբոք բոց ի վիճակի չեղավ փարատելու տխուր գիշերը։ 6Նրանց միայն ինքնակեզ երկյուղալի խարույկ էր երևում, և դրա աներևույթ տեսիլքից զարհուրած՝ այն, ինչ տեսնում էին, համարում էին առավել ևս մեծ չարիք։ 7Նրանք ընկնում էին հմայական արվեստի խաբկանքների մեջ և ամբարտավան մտածումների մեջ արժանանում թշնամանքով լի կշտամբանքի։ 8Որովհետև ովքեր խոստանում էին հիվանդների հոգուց հալածել զարհուրանքն ու խռովքները, իրենք էին բռնվում ծաղրելի երկյուղի այդ ախտով։ 9Թեպետև նրանց ինչ-որ նոր նշան չէր զարհուրեցնում, բայց ճիճուների անցնելուց և սողունների շչյունից խուճապահար դողալով՝ մեռնում էին՝ վախենալով նայել անգամ այդ օդին, որից չէին կարող խուսափել ոչ մի կերպ։ 10Քանզի երկչոտն ինչ-որ առանձնահատուկ չարություն ունի, որն ինքն է վկայում՝ դատապարտելով իրեն և, խղճմտանքից նեղվելով, միշտ անհնարինն է կանխազգում, 11քանի որ երկյուղն այլ բան չէ, քան մտքի օգնականությունից զրկված լինելը։ 12Եվ քանի դեռ մեկի ներսը վախ կա, փոքր է նրա ակնկալությունը, և շատ են չգիտակցված այն պատճառները, որոնք տանջանքներ են հարուցում։ 13Նրանք դժոխքի անմատչելի խավարից վրա հասած այդ սոսկալի գիշերը ևս քնեցին սովորական քնով, 14բայց մերթ սահմռկում էին ուրվատեսիլ ցնորքներից, մերթ լքված հոգով վհատության էին մատնվում, քանի որ հանկարծահաս և անակնկալ ահը մերվել էր նրանց։ 15Եվ ով որտեղ գտնվում էր, այնտեղ էլ ցած ընկավ և վախից փակվեց չերկաթապատված բանտի մեջ։ 16Հողագործ լիներ թե հովիվ կամ թե դաշտային ծանր աշխատանքներով զբաղվող երկրագործ, ահով բռնված՝ ընկնում էր անխուսափելի տագնապի մեջ, 17քանզի բոլորն էլ կապվել էին խավարի անքակտելի մի շղթայով։ Հողմ էր փչում, թե թանձրախիտ ոստերի միջից քաղցրաձայն թռչունների դայլայլ էր հնչում, բուռն թափով հոսող հորդ ջրերն էին հորձանք տալիս, 18կամ գլորվող քարերի սպառնալից դղրդյուն էր լսվում, կայտառ կենդանիների աներևույթ վազքի ոտնաձայն կամ ահռելի գազանների գոչյուն ու լեռների քարանձավներից անդրադարձող սրտաբեկ ձայն ու արձագանքներ,- այս ամենը զարհուրեցրեց և հուսալքեցրեց։ 19Իսկ ողջ աշխարհը լուսավորվում էր պայծառ լույսով, և ամեն ոք աշխատում էր իր գործին ամուր կպած, 20սակայն միայն նրանց վրա էր տարածվում ծանր գիշերը, խավարի այն պատկերը, որ ի վերջո պատելու էր նրանց. բայց իրենց ներքին տխրությունն ավելի ծանր է, քան արտաքին խավարը։