Իմաստութիւն Սողոմոնի

18

Կրակե սյունը

1Բայց մեծ էր լույսը քո սրբերի համար, ովքեր լսում էին ձայները, սակայն կերպարանքները չէին տեսնում։ Հենց նրանք էլ երանի էին տալիս սրբերին, որոնք այդպիսի չարչարանքներ կրեցին։ 2Սրբերն իրենց կրած նախկին զրկանքների համար ոչ թե անարգում, այլ էին մատուցում և թողություն հայցում անցյալում տեղի ունեցածի համար։ 3Ավելին, խավարի փոխարեն քո ժողովրդին անծանոթ ճանապարհին առաջնորդում էր բոցի սյունը, որն անվնաս արեգակ էր նրանց համար՝ իրենց բազմախուռն գաղթի ժամանակ։ 4Իսկ քո որդիներին արգելքի տակ պահողներն արժանի էին լույսից զրկվելու և խավարի մեջ արգելափակվելու, քանզի որդիներիդ միջոցով անեղծ օրենքի կենաց լույսը պիտի պարգևվեր աշխարհին։

Ողբերգության գիշեր և ազատագրության գիշեր

5Երբ նրանք խորհեցին կոտորել սրբերի երեխաներին ու թեև նրանցից մի լքված մանուկ փրկեցին, բայց դու, որպես պատիժ, ոչնչացրիր նրանց բազմաթիվ որդիներին և բոլորին էլ կործանեցիր հորդահոս ջրերում։ 6Այդ գիշերը նախագուշակ եղավ մեր հայրերի համար, որպեսզի նրանք, հաստատ տեսնելով այն երդումը, որին հավատում էին, սրտանց հրճվեին։ 7Եվ քո ժողովուրդն ակնկալեց ինչպես արդարների փրկությունը, այնպես էլ թշնամիների կորուստը։ 8Քանզի ինչով պատժեցիր հակառակորդներին, նույն միջոցով էլ քեզ մոտ կանչելով՝ փառավորեցիր մեզ։ 9Ազնիվների որդիները գաղտնորեն զոհաբերություններ էին կատարում և միաբան ուխտում էին սրբության օրենքը, որը պահանջում էր, որ սրբերը հավասարապես հաղորդակից լինեին թե՛ բարիքներին և թե՛ զրկանքներին։ 10Ուստի այնտեղ, Հա՛յր, քաղցր օրհնություններ էին երգում, մինչդեռ հակառակ կողմից հնչում էր թշնամիների խառնաշփոթ բարբառը, և բարձրանում էր սգացող մանուկների աղիողորմ ձայնը։ 11Նույն ձևով ծառաները տերերի հետ տանջվեցին, և ռամիկը թագավորի հետ նույն չարչարանքը կրեց։ 12Առհասարակ բոլորն էլ նույն մահով մահացած անթիվ-անհամար մեռյալներ ունեին, այնպես որ կենդանի մնացածները նույնիսկ բավական չէին թաղելու մեռածներին, որովհետև մի վայրկյանի մեջ կործանվել էր նրանց պատվական սերունդը։ 13Ու թեև կախարդությունների պատճառով ոչ մի բանի չէին հավատում, բայց տեսնելով իրենց անդրանիկ ծնունդների վախճանը՝ խոստովանեցին, որ դա քո ժողովուրդն է։ 14Եվ մինչդեռ խաղաղ անդորրը պատել էր ամեն ինչ, և գիշերն արագորեն իր ընթացքը կիսել, 15երկնային արքայական գահերից ամենազոր քո խոսքը ահեղ ռազմիկի նման հասավ՝ կործանելու այս երկիրը։ 16Քո անաչառ հրամանը, պողպատե սուսեր բերելով և միջամուխ լինելով, բոլորին մահ էր պատճառում. այնտեղ երկինքն էր քերում, այստեղ՝ հասնում երկրին։ 17Այն ժամանակ հանկարծակի նրանց խռովեցին ծանր երազների ցնորքները, անսպասելի զարհուրանքները պաշարեցին նրանց։ 18Մեկն այստեղ, մյուսն այլ տեղ կիսամահ ընկած՝ հայտնի էին դարձնում այն պատճառը, որից մեռնում էին։ 19Նրանց խռովեցնող այդ երազները նույնն էին նախագուշակում, որպեսզի նրանք չկործանվեին՝ առանց իմանալու, թե ինչո՛ւ էին չարաչար տանջվում։

Ահարոնի միջամտությունը անապատում

20Թեև երբեմն արդարներն էլ մատնվեցին մահվան փորձության, և շատերը մահ գտան անապատում, բայց քո բարկությունը երկար չտևեց, 21որովհետև անարատ մի այր շտապեց իր պաշտամունքի զենքով՝ աղոթքով և խնկով հղելով իր ուղերձը քավության համար՝ կանգնելու քո բարկության դիմաց և վերջ դնելու հարվածներին, դրանով իսկ ցույց տալով, որ ինքը քո ծառան է։ 22Եվ նա հաղթեց մեծաթիվ ամբոխին ոչ թե մարմնի ուժով կամ զենքի զորությամբ, այլ սոսկ խոսքով հնազանդեցրեց պատժողին։ Հիշեցնելով հայրերի երդումն ու դաշինքը 23և միմյանց վրա շեղջ-շեղջ կուտակված դիակների մեջ կանգնած՝ դադարեցրեց բարկությունը և ողջերի ու մեռածների միջով ճանապարհ բացեց։ 24Նրա ծոպավոր պարեգոտի վրա ողջ աշխարհն էր դրվագված, քառաշար թանկագին քարերի վրա քանդակված էր հայրերի փառքը, իսկ նրա գլխի թագի վրա՝ քո մեծությունը։ 25Դրանցից էլ խուսափեց կործանիչը և դրանցից զարհուրեց, քանզի բավական էր միայն քո բարկության նշույլն անգամ։

Նոր Էջմիածին · HYEJB2017