Իմաստութիւն Սողոմոնի
2
1Անուղղելի մարդիկ այսպես խորհեցին իրենց սրտի մեջ՝ ասելով. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի, և նույնիսկ կյանքի վախճանին մարդու համար փրկություն չկա, և չկա մեկը, որ ազատված ու վերադարձած լինի դժոխքից։ 2Մենք պատահաբար ենք ծնվել և սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու, որովհետև մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խոսքը՝ կայծ մեր սրտի տրոփյունի մեջ։ 3Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռվում՝ թույլ օդի պես։ 4Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը։ Մեր կյանքը պիտի անցնի ամպի հետքի պես և պիտի ցրվի՝ արեգակի ճառագայթներից հալածված ու նրա տապից քշված շամանդաղի պես։ 5Մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել։ 6Արդ, եկե՛ք վայելենք այն բարիքները, որ կան, և ըմբոշխնենք այն, ինչ ստեղծված է, ինչպես երիտասարդության օրերին։ 7Հագենանք պես-պես գինիներով և անուշ յուղերով, և գարնան ծաղիկը թող անտես չանցնի մեր կողքով։ 8Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել։ 9Թող մեծաշուք մեր այս ուրախությունից ոչ ոք ամենևին անմասն չմնա, ամեն տեղ ուրախության մի նշան թողնենք, որովհետև դա է մեր բաժինը և դա է մեր վիճակը։ 10Անիրավությամբ բռնադատենք տնանկին, չխնայենք այրուն, չխորշենք ծերի բազմամյա ալեհերությունից։ 11Մեր ուժը թող դառնա արդարության օրենքը, որովհետև հանդիմանելի է անպիտան տկարությունը։ 12Դարանակալ լինենք արդարին, որովհետև դժկամ է նա մեր հանդեպ և հակառակ՝ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրենքների դեմ մեղանչելու համար, և պարսավում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։ 13Հայտարարում է, թե աստվածգիտություն ունի, և ինքն իրեն Տիրոջ որդի է անվանում։ 14Մեր խորհուրդների հանդիմանությունն է նա։ Ծանր է մեզ համար նաև նրան տեսնելը, 15որովհետև նրա կյանքը նման չէ ուրիշների կյանքին, և տարբեր են նրա ճանապարհները։ 16Նա մեզ գարշանք է համարում և խորշում մեր ճանապարհներից, ինչպես պղծությունից, երանի է տալիս արդարների վախճանին և հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ 17Տեսնենք, թե ճշմարի՞տ են նրա խոսքերը և փորձենք իմանալ, թե ի՛նչ է լինելու նրա վախճանը։ 18Եթե, արդարև, Աստծու որդի է, ապա Աստված կպաշտպանի և կազատի նրան հակառակորդների ձեռքից։ 19Թշնամանքով և ծեծով խոշտանգենք նրան, որպեսզի տեսնենք նրա հեզության և համբերատարության չափը։ 20Խայտառակ մահվան դատապարտենք նրան. արդյոք Աստված կայցելի՞ նրան ըստ իր խոսքերի»։
Ամբարիշտների սխալը
21Այսպես խորհեցին և խաբվեցին, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ 22Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը և ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։ 23Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան՝ ըստ իր բարերարության պատկերի։ 24Սակայն մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով, 25և ովքեր նրա բաժինն են, պիտի կրեն այն։