Իմաստութիւն Սողոմոնի

5

1Այնժամ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների և իր վաստակն արհամարհողների դիմաց, 2տեսնելով նրան՝ պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ 3Եվ պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված՝ հառաչեն ու ասեն. 4«Սա այն մարդն է, որին մի ժամանակ մենք ծաղրում էինք և նախատինք էինք տալիս։ Մենք՝ անմիտներս, նրա վարքը էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։ 5Ինչպե՞ս դասվեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։ 6Ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ, և մեր սրտերում չծագեց արդարության արեգակը։ 7Մենք լցրեցինք անօրենության և կորստյան շավիղները, գնացինք անկոխ անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։ 8Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ շարունակ պարծենալը։ 9Այդ ամենն անցավ ստվերի պես և թռավ մարդու վաղանցուկ համբավի պես, 10ինչպես ալեկոծ ջրերը ճեղքող նավ, որի անցնելուց հետո ալիքների մեջ հետք և շավիղ չի մնում։ 11Կամ ինչպես օդում ճախրող թռչունը, որի ընթացքից ոչինչ նշմարելի չի մնում. մագիլներով բախվելով և ճեղքելով թեթև հողմը՝ նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ և թևերը առաջ թափահարելով՝ սլանում. դրանից հետո նրա սլացքից չի մնում և ոչ մի նշան։ 12Կամ ինչպես դեպի նպատակակետն արձակված նետ, որ թռչում է՝ օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, և չգիտես, թե նետը որտեղո՛վ անցավ»։ 13Այդպես էլ մենք, ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց 14և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։ Արդարև, ամբարիշտի հույսը կորչում է քամուց բարձրացված փոշու պես, իբրև մրրիկից հալածված մանրիկ եղյամ, իբրև հողմից ցրված ծուխ կամ իբրև մեկօրյա հյուրի հիշատակ։ 15Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան. նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից։ 16Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով պաշտպան է լինելու նրանց։ 17Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրեժ լուծելու համար։ 18Նա իբրև զրահ պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը պիտի դնի գլխին՝ իբրև սաղավարտ, 19իր անպարտելի սրբությունը պիտի վերցնի որպես վահան 20և պիտի սրի բարկությունը՝ որպես հատու սուսեր։ Եվ Տիրոջ հետ համատեղ աշխարհը պիտի պատերազմի անզգամների դեմ։ 21Ամպերից, ինչպես լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան և թռչեն դեպի նպատակակետը, 22և բարկությունից, ինչպես քարանետ մեքենայից, առատ կարկուտ պիտի թափվի, ծովի ջրերը պիտի զայրագին հորդեն նրանց վրա, գետերը անխնա պիտի ողողեն, 23բուռն հողմը պիտի հարվածի նրանց դեմքին և, ինչպես մրրիկը, քշի նրանց։ Անօրենությունը պիտի ավերի ողջ երկիրը, և խարդախությունը պիտի կործանի բռնակալների գահերը։

Նոր Էջմիածին · HYEJB2017