Իմաստութիւն Սողոմոնի

6

Թագավորները պետք է հետամուտ լինեն իմաստության

1Արդ, լսե՛ք, ո՛վ թագավորներ, և հասկացե՛ք. սովորե՛ք, երկրի բոլո՛ր ծագերի ։ 2Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. 3ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը՝ Բարձրյալից. նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր խորհուրդները։ 4Դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ չեք դատում, և չեք պահում նրա օրենքները և ըստ Աստծու կամքի չեք շարժվում. 5նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ է լինելու, 6մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը։ Հզորներից ավելի շատ է պահանջվելու, 7որովհետև Տերը ոչ ոքի հատկապես իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծությունից, քանզի ինքն է ստեղծել թե՛ մեծին և թե՛ փոքրին և հավասարապես խնամք է տանում բոլորի նկատմամբ։ 8Բայց զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի։ 9Արդ, ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ իշխաններ, որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք։ 10Այն ամենը, ինչ սուրբ է, պահե՛ք սրբությամբ և կսրբվեք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն։ 11Արդ, ձգտե՛ք հետևել իմ խոսքերին, փափագե՛ք և կխրատվեք։

12Լուսավոր և անթառամ է իմաստությունը, դյուրին է հայտնվում իրեն սիրողներին և հեշտությամբ է գտնվում փնտրողների կողմից։ 13Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ ավելի շուտ ճանաչվելու համար։ 14Ով վաղ է ելնում նրան փնտրելու, չի չարչարվի, որովհետև դեգերելիս կգտնի նրան իր դռան մոտ։ 15Նրա մասին մտածելն արդեն կատարյալ իմաստություն է, և ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կթեթևանա հոգսից։ 16Արդարև, իմաստությունն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, և քաղցրությամբ հայտնվելով նրանց շավիղների վրա՝ ինքն է նրանց ամեն հնարագիտություն տալիս։ 17Իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է, իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, 18նրա օրենքների պահպանությունը գութն է, նրա օրենքների յուրացումը՝ անեղծության հաստատունությունը։ 19Իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն, 20իմաստության ցանկությունը տանում է դեպի արքայություն։ 21Արդ, ժողովուրդների՛ բռնակալներ, եթե իշխանության գահեր և գավազաններ եք տենչում, ապա պատվե՛ք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք։ 22Իսկ թե ի՛նչ է իմաստությունը և ինչպե՛ս է ծագել այն, կպատմեմ, չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կքննեմ արարածների ստեղծման սկզբից իսկ և կբացահայտեմ նրա մասին գիտելիքը։ Ես չեմ շեղվի ճշմարտությունից 23և ոչ էլ նրան կհետևեմ նախանձից մաշված անձի նման, քանի որ այդպիսին հաղորդ չէ իմաստությանը։ 24Իմաստունների շատությունն աշխարհի փրկությունն է, հնարագետ թագավորը՝ ժողովուրդների ամրությունը։ 25Այսուհետև որպես խրա՛տ առեք իմ խոսքերը և օգտվե՛ք դրանցից։

Նոր Էջմիածին · HYEJB2017