Իմաստութիւն Սողոմոնի
7
Սողոմոնը պարզապես մարդ էր
1Ես նույնպես մահկանացու եմ բոլորի նման և նախաստեղծ հողածնից սերած։ Ես ևս մարմին եմ առել մոր որովայնում 2տասնամսյա ժամանակի մեջ՝ մածվելով արյամբ՝ տղամարդու սերմից և համատեղ քնի ցանկալի հաճույքից։ 3Ես էլ ծնվելով՝ շնչեցի ընդհանուր օդը և համանման վշտերի երկիրն ընկա։ Առաջին ձայնս բոլորի նման նույն լացը եղավ, 4և ես էլ սնվեցի խանձարուրի և հոգսերի մեջ։ 5Թագավորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել. 6աշխարհը մեկ մուտք ունի բոլորի համար և մեկ ընդհանուր ելք։ 7Դրա համար էլ աղոթելով խնդրեցի, և ինձ խորագիտություն տրվեց, կանչեցի, և իմաստության հոգի եկավ իմ մեջ։ 8Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանությունն ու գահը, և հարստությունը ոչինչ համարեցի նրա համեմատությամբ։ 9Ես այն չնմանեցրի թանկարժեք քարերի, որովհետև ոսկին մի բուռ ավազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատությամբ՝ մի բուռ կավ։ 10Առողջությունից և գեղեցկությունից առավել՝ ես սիրեցի այն, և նախընտրեցի լույսից առավել, որովհետև անմարելի է նրանից բխող լույսը։ 11Ես նրա շնորհիվ միանգամից շռայլ բարիքներ ստացա, և նրա օգնությամբ հասա անթիվ հարստության։ 12Ես հրճվեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստությունը, բայց չգիտեի, որ ամեն ինչի ծնունդ տվողը նա էր։ 13Ես սովորեցի առանց նենգության և առանց նախանձի բաշխել՝ առանց նրա հարստությունը թաքցնելու, 14որովհետև նա անսպառ գանձ է մարդկանց համար։ Նրանք, որ վարվում են այսպես, բարեկամանում են Աստծու հետ՝ նրա կրթության ընծայած պարգևների շնորհիվ։
Աստված՝ աղբյուր ամեն իմաստության
15Տա՛ Աստված, որ ես խոսեմ իրավախոհությամբ և ունենամ նրա տված շնորհներին արժանի մտածումներ, որովհետև նա ինքն է իմաստության առաջնորդը և իմաստուններին ուղղություն տվողը, 16որովհետև նրա ձեռքում ենք թե՛ մենք, թե՛ մեր խոսքերը և թե՛ ամեն իմաստություն և խելամիտ գործ։ 17Նա ինձ տվել է եղած բաների մասին անսխալ գիտությունը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը և տարրերի ներգործությունը, 18ժամանակների սկիզբը, վախճանը և միջին մասը, վայրերի փոփոխությունները և եղանակների շրջադարձերը, 19տարրերի պտույտներն ու աստղերի դիրքերը, 20կենդանիների բնությունն ու գազանների վայրենությունը, հողմերի պտույտներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձևափոխություններն ու արմատների զորությունը։ 21Ես իմացա այն ամենը, ինչ ծածուկ էր կամ բացահայտ, որովհետև իմաստությունը, որ բոլորի ճարտարապետն է, սովորեցրեց ինձ։
Ներբող իմաստության
22Նրա մեջ կա բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դյուրաշարժ, պարզ, անարատ, հայտնի, անվրեպ, բարեսեր, արագ, 23անարգել, բարերար, մարդասեր, հաստատուն, զգուշավոր, անհոգ, ամենազոր, ամենատես և կարող՝ թափանցելու մտավոր, մաքուր և նրբին բոլոր իրողությունների մեջ։ 24Իմաստությունն ավելի շարժուն է բոլոր շարժումներից և իր հստակության պատճառով թափանցում և անցնում է ամեն ինչից ներս։ 25Քանզի Աստծու զորության ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, և դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնվում նրան։ 26Նա մշտնջենավոր լույսի նշույլ է, Աստծու ներգործության անարատ հայելին և նրա առատության պատկերը։ 27Նա մի է և ամենակարող, ինքնակա է և նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ։ 28Աստված չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստությամբ ապրողից։ 29Արդարև, նա ավելի գեղեցիկ է, քան արեգակը և բոլոր աստղաբույլերը, իսկ լույսի հետ համեմատած՝ առավել է նրանից, 30որովհետև լույսը փոխվում է գիշերի, մինչդեռ իմաստությանը չի կարող հաղթել չարությունը։