Զաքարիա մարգարեյի գիրք

12

Երուսաղեմը ենթարկվում է աղետների

1Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին։ Ասաց Տերը, որ տարածեց երկինքն ու գցեց երկրի հիմքերը և ստեղծում է մարդու հոգին նրա մեջ.

2«Ահա ես Երուսաղեմը դարձնում եմ որպես երերուն շեմեր բոլոր ժողովուրդների համար, որ նրա շուրջն են, և Հուդայի երկրում կլինի պաշարում Երուսաղեմի դեմ։ 3Եվ կլինի, որ այն օրը Երուսաղեմը կդարձնեմ մի կոխկռտվող քար բոլոր հեթանոսների համար. ամեն ոք, ով կոխոտի այն, ամբողջությամբ կծաղրի նրան, և նրա դեմ կհավաքվեն երկրի բոլոր ազգերը։ 4Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- կհարվածեմ բոլոր երիվարներին խուճապով և նրա հեծյալներին՝ հիմարությամբ, բայց կբացեմ իմ աչքերը Հուդայի տան վրա և ազգերի բոլոր երիվարներին կհարվածեմ կուրությամբ։ 5Եվ Հուդայի հազարապետներն իրենց սրտերում կասեն. “Մենք Երուսաղեմի բնակիչներին կգտնենք իրենց Ամենակալ Տեր Աստծու ձեռքով”։ 6Այն օրը Հուդայի հազարապետներին կդարձնեմ փայտերի մեջ հրձիգ ձողերի նման և եղեգնի մեջ հրավառ ջահերի պես, և աջից ու ձախից շուրջանակի կուտեն բոլոր ժողովուրդներին, և Երուսաղեմը դարձյալ կբնակվի առանձին, Երուսաղեմում։

7Եվ Տերը կփրկի Հուդայի վրանները, որ ի սկզբանե կային, որպեսզի Դավթի տան պարծանքն ու Երուսաղեմի բնակիչների հպարտությունը չմեծաբանեն Հուդայի տան դեմ։ 8Եվ կլինի, որ այն օրը Տերը կպաշտպանի Երուսաղեմի բոլոր բնակիչներին. և կլինի, որ այն օրը տկարը կլինի Դավթի պես, և Դավթի տունը՝ Աստծու տան պես, Տիրոջ հրեշտակի պես՝ նրանց առաջ»։

Համատարած սուգ Երուսաղեմում

9«Եվ կլինի, որ այն օրը կփնտրեմ կործանել Երուսաղեմի վրա եկած բոլոր ազգերին։ 10Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։ 11Այն օրը Երուսաղեմում սուգը կսաստկանա դաշտում կտրտված նռնենիների սգի նման, 12և երկիրը կսգա՝ ըստ բազում, առանձին ցեղերի. Դավթի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Նաթանի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, 13Ղևիի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Շմավոնի տան ցեղը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին։ 14Մնացած բոլոր ցեղերը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին»։

Նոր Էջմիածին · HYEJB2017