Զաքարիա մարգարեյի գիրք
4
ե. Աշտանակի տեսիլքը
1Եվ դարձավ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ և արթնացրեց ինձ, ինչպես երբ մարդ արթնանում է իր քնից, 2և ասաց ինձ. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձույլ աշտանակ և գունդ՝ նրա վրա, յոթ ճրագ՝ նրա վրա և յոթ ճրագակալ՝ նրա վրա, 3և երկու ձիթենի՝ նրա վրա, մեկը՝ վառված գնդի աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում։ 4Հարցրի և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ՝ «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ 5Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»։ Եվ ասացի՝ «Ո՛չ, տե՛ր»։
Տիրոջ խոստումը Զորաբաբելին
6Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։
7Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ՝ Զորաբաբելի առջև կանգնած. դուրս կհանեմ ժառանգության վեմը՝ շնորհների հավասարությունը՝ նրան շնորհելու»։
8Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.
9«Զորաբաբելի ձեռքերն այդ տան համար հիմք գցեցին, նրա ձեռքերն էլ կկանգնեցնեն այդ, և կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։
10Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։
11Պատասխան տվեցի և ասացի նրան. «Իսկ ի՞նչ են երկու ձիթենիները, որ կան աշտանակի աջ և ձախ կողմերում»։ 12Եվ կրկին հարցրի և ասացի նրան. «Ի՞նչ են այն ձիթենիների երկու ոստերը, որ երկու ոսկե ճրագակալների միջոցով յուղը լցնում և վեր են հանում կոնքաձև ոսկե ճրագակալները»։ 13Ասաց ինձ. «Չգիտե՞ս՝ ի՞նչ են դրանք»։ Եվ ասացի. «Ո՛չ, տե՛ր»։ 14Եվ ասաց ինձ. «Դրանք պարարտության որդիներն են, որ կանգնած են ողջ աշխարհի Տիրոջ առաջ»։