Զաքարիա մարգարեյի գիրք
6
ը. Չորս կառքերի տեսիլքը
1Դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա. ահա չորս կառքեր էին ելնում երկու լեռների միջից, և լեռները պղնձե լեռներ էին։ 2Առաջին կառքում աշխետ ձիեր էին, երկրորդ կառքում՝ սև ձիեր, 3երրորդ կառքում՝ սպիտակ ձիեր, և չորրորդ կառքում՝ զանազան բծավոր ձիեր։ 4Պատասխան տվեցի և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ 5Պատասխան տվեց հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, և ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են ողջ աշխարհի Տիրոջ առջև կանգնելու»։ 6Կառքը, որի մեջ սև ձիերն էին, ելնում էր դեպի հյուսիսի երկիր, սպիտակները ելնում էին նրանց հետևից, և բծավորները ելնում էին դեպի հարավի երկիր 7և նայում էին շրջելու ողջ երկրով մեկ։ Եվ ասաց. «Գնացե՛ք և շրջե՛ք երկրով մեկ»։ Եվ շրջեցին երկրով մեկ։ 8Եվ աղաղակեց և ասաց ինձ. «Ահա, նրանք, որ ելնում են հյուսիսի երկիրը, հանդարտեցրին իմ բարկությունը հյուսիսի երկրում»։
Մարգարեություն Հեսուի պսակադրման մասին
9Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց. 10«Դու ինձ համար վերցրո՛ւ իշխանների, նրա պիտանի մարդկանց ու նրա գիտունների այն գերության ավարից և այն օրը կմտնես Սոփոնիայի, որ եկել է Բաբելոնից, որդու՝ Հովսիայի տունը։ 11Ոսկի և արծաթ կվերցնես, պսակ կպատրաստես ու կդնես Հովսեդեկ քահանայապետի որդու՝ Հեսուի գլխին 12և կասես նրան. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա՛ մարդը, որի անունը Ծագում է. կծագի իր ներսից և կշինի Տիրոջ տունը։
13Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։
14Այդ պսակը կլինի նրանց համար, ովքեր սպասում են, և նրա պիտանի մարդկանց ու նրանց համար, ովքեր ճանաչում են այն. որպես շնորհք՝ Սոփոնիայի որդուն և երգեր՝ Տիրոջ տան համար”»։
15Եվ նրանցից հեռավորները կգան ու կշինեն Տիրոջ տունը, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Եվ սա կլինի, եթե ամբողջությամբ անսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին։
Նոր Էջմիածին · HYEJB2017