Ա Հովհաննէս
2
1Որդեա՛կք իմ, զայս գրեմ ձեզ՝ զի մի՛ մեղիցէք. եւ եթէ մեղիցէ ոք, ունիմք բարեխօ՛ս առ Աստուած զՅիսուս Քրիստոս՝ զարդարն եւ զանարատ. 2եւ նա՛ է քաւութիւն մեղաց մերոց. եւ ոչ եթէ մերոցն միայն՝ այլ ամենայն աշխարհի։ 3Եւ յայսմիկ գիտեմք՝ եթէ ծանեաք զնա, եթէ զպատուիրա՛նս նորա պահիցեմք։ 4Որ ասիցէ՝ եթէ ծանեայ զնա, եւ զպատուիրանս նորա ո՛չ պահիցէ, սո՛ւտ է, եւ ճշմարտութիւն ՚ի նմա ո՛չ գոյ։ 5Իսկ որ պահէ զբան նորա, արդարեւ ՚ի նմա՛ է կատարեալ սէ՛րն Աստուծոյ. այսուիկ ճանաչեմք՝ եթէ ՚ի նմա՛ եմք։ 6Որ ասիցէ ՚ի նմա բնակել, այնպէս պարտի գնալ՝ որպէս նա՛յն գնաց։
7Սի՛րելիք՝ ո՛չ եթէ նո՛ր պատուիրան ինչ գրեմ ձեզ, այլ զհին պատուիրանն՝ զոր իսկզբանէ ունեաք. եւ հին պատուիրան՝ բա՛նն է զոր լուարուք։ 8Դարձեալ նո՛ր պատուիրան գրեմ ձեզ՝ որ է ճշմարտի՛ւ ՚ի նմա՛ եւ ՚ի ձեզ. զի խաւարն անցանէ, եւ լոյսն ճշմարիտ արդէն իսկ երեւի։ 9Որ ասէ եթէ ՚ի լոյսն իցէ՝ եւ զեղբայր իւր ատիցէ, սո՛ւտ է՝ եւ ՚ի խաւարի՛ է տակաւին։ 10Որ սիրէ զեղբայր իւր, ՚ի լո՛յս բնակէ՝ եւ գայթագղութիւն ՚ի նմա չի՛ք։ 11Իսկ որ ատեայ զեղբայր իւր՝ ՚ի խաւարի՛ է, եւ ընդ խաւա՛ր շրջի. եւ ո՛չ գիտէ յո՛ երթայ, զի խաւարն կուրացո՛յց զաչս նորա։ 12Գրեմ ձեզ ո՛րդեակք, զի թողեա՛լ են ձեզ մեղքն ձեր՝ վասն անուան նորա։ 13Գրեմ ձեզ հա՛րք, զի ծանեա՛յք դուք զայն՝ որ իսկզբանէն։ Գրեմ ձեզ ե՛րիտասարդք, զի յաղթեցէք դուք չարին։ 14Գրեցի ձեզ մա՛նկունք, զի ծանեա՛յք դուք զՀայրն։ Գրեցի ձեզ հա՛րք, զի ծանեա՛յք դուք զայն որ իսկզբանէն։ Գրեցի ձեզ ե՛րիտասարդք, զի էք դուք հզօրացեա՛լք, եւ բանն Աստուծոյ ՚ի ձեզ բնակէ, եւ յաղթեցէք դուք չարին։ 15Մի՛ սիրէք զաշխարհս, եւ մի՛ որ ինչ յաշխարհի է։ 16Եթէ ոք սիրէ զաշխարհ, ո՛չ է ՚ի նմա սէր Հօր։ Զի ամենայն որ ինչ յաշխարհի է՝ ցանկութի՛ւն է մարմնոյ, եւ ցանկութիւն է աչաց, եւ ամբարտաւանութի՛ւն աստի կենացս. որ չէ՛ առ ՚ի Հօրէ՝ այլ յաշխարհէ՛ աստի է։ 17Եւ աշխարհս անցանէ՝ եւ ցանկութիւնն. իսկ որ առնէ զկամս Աստուծոյ՝ մնա՛յ ՚ի յաւիտեան։
18Ո՛րդեակք յետի՛ն ժամանակ է, եւ որպէս լուարուք՝ եթէ Նե՛ռն գալոց է, եւ արդէն իսկ նեռինք բազումք եկեալ են, որով մարթեմք իմանալ՝ եթէ յետին ժամանակ է։ 19Առ ՚ի մէնջ ելին, այլ ո՛չ էին ՚ի մէնջ. զի եթէ ՚ի մէնջ էին՝ ապա առ մե՛զ մնային. այլ զի յայտնի լինիցին՝ եթէ ո՛չ էին ամենեքեան նոքա ՚ի մէնջ։ 20Եւ դուք օծութիւն ունիք առ ՚ի Սրբոյն, եւ գիտէ՛ք ամենեքին։ 21Ո՛չ գրեցի ձեզ՝ եթէ ո՛չ գիտէք զճշմարտութիւնն, այլ եթէ գիտէ՛ք զնա. եւ եթէ՝ զի ամենայն ստութիւն ո՛չ է ՚ի ճշմարտութենէ անտի։ 22Իսկ ո՞ իցէ սուտ, եթէ ոչ՝ որ ուրանայ եթէ Յիսուս չէ՛ Քրիստոսն. նա՛ իսկ է Նեռն, որ ուրանայ զՀայր եւ զՈրդի։ 23Ամենայն որ ուրանայ զՈրդի, եւ ո՛չ զՀայր ընդունի. որ խոստովանի զՈրդի, նա եւ զՀա՛յր ընդունի։ 24Դուք՝ զոր լուարուքն իսկզբանէ՝ ՚ի ձե՛զ բնակեսցէ. զի եթէ ՚ի ձեզ բնակեսցէ՛ զոր իսկզբանէն լուարուք, եւ դուք յՈրդին եւ ՚ի Հայր բնակեսջիք։ 25Եւ ա՛յս են աւետիքն՝ զոր աւետարանեաց նա մեզ՝ զկեա՛նսն յաւիտենականս։ 26Զայս գրեցի ձեզ, զի մի՛ ոք զձեզ մոլորեցուցանիցէ։ 27Եւ դուք օծութիւնն՝ զոր ընկալարուք ՚ի նմանէ, բնակեսցէ ՚ի ձեզ. եւ չէ՛ ինչ պիտոյ՝ եթէ ոք զձեզ ուսուսցէ, այլ որպէս զի նորա օծութիւնն ուսուցանիցէ զձեզ վասն ամենայնի. եւ ճշմարի՛տ է՝ եւ չէ՛ սուտ. եւ որպէս ուսոյցն զձեզ, կա՛յք ՚ի նմա։ 28Եւ այժմ ո՛րդեակք՝ կացէ՛ք ՚ի նմին. զի եթէ յայտնեսցի, ունիցիմք համարձակութիւն, եւ մի՛ ամաչեսցուք ՚ի նմանէ ՚ի գալստեան նորա։ 29Զի եթէ գիտիցէք՝ եթէ արդա՛ր է նա, իմասջի՛ք եթէ ամենայն որ առնէ զարդարութիւն՝ առ ՚ի նմանէ՛ է ծնեալ։
Գրաբար, 1805 · HYGRB1805