Երկրորդ Օրինաց

19

1Եւ եթէ սատակեսցէ Տէր քո զազգսն՝ զորոց Տէր Աստուած տացէ քեզ զերկիրն նոցա. եւ ժառանգեսցե՛ս զնա, եւ բնակեսցե՛ս ՚ի քաղաքս եւ ՚ի տունս նոցա. 2երի՛ս քաղաքս զատուսցես քեզ ՚ի միջոյ երկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։ 3Նկատեսցես քեզ զճանապարհն, եւ ընդ երի՛ս բաժանեսցես քեզ զսահմանս երկրին քոյ. զոր բաժանեսցէ քեզ Տէր Աստուած քո. եւ եղիցի անդ ապաստա՛ն ամենայն սպանողի։ 4Ա՛յս սահման եղիցի ամենայն սպանողի որ փախչիցի անդ՝ եւ ապրեսցի։ Որ ոք հարկանիցէ զընկեր իւր ակամայ. եւ նա՛ ո՛չ ատեայր զնա յերէկն եւ յեռանդ. 5եւ որ ոք մտանիցէ ընդ ընկերի իւրում ՚ի մայրի հարկանել փայտ. եւ ամբառնայցէ զձեռն իւր փայտատաւն հարկանել փայտ, եւ անկանիցի երկաթն ՚ի մեղեխէ՛ անտի, եւ դիպիցի՛ ընկերին եւ մեռանիցի, փախիցէ՛ նա, եւ անկցի ՚ի մի ՚ի քաղաքացն այնոցիկ եւ կեցցէ։ 6Զի մի՛ պնդեսցի մերձաւոր արեանն զկնի սպանողին, մինչդեռ այրիցի սիրտ նորա. եւ հասանիցէ նմա՝ եթէ հեռագո՛յն իցէ ճանապարհն, եւ հարկանիցէ՛ զանձն նորա. եւ նմա չէ՛ մահու. զի ո՛չ ատեայր զնա յերէկն եւ յեռանդն։ 7Վասն այնորիկ ես պատուիրեմ քեզ զբանս զայս՝ եւ ասեմ. Երի՛ս քաղաքս զատուսցես քեզ։ 8Եւ եթէ ընդարձակեսցէ քեզ Տէր Աստուած քո զսահմանս քո որպէս եւ երդուա՛ւ Տէր հարցն քոց. եւ տացէ քեզ Տէր զամենայն երկիրն՝ զոր խոստացաւ տալ հարցն քոց. 9եւ եթէ լուիցես առնել զամենայն պատուիրանս զայսոսիկ զոր ես պատուիրեմ քեզ այսօր, սիրե՛լ զՏէր Աստուած քո, եւ գնա՛լ յամենայն ճանապարհս նորա զամենայն աւուրս։ Եւ յաւելցես քեզ ա՛յլ եւս երիս քաղաքս յայնս յերիսն. 10եւ մի՛ հեղցի արիւն անպարտ յերկրին քում, զոր Տէր Աստուած քո տացէ քեզ ՚ի ժառանգութիւն. եւ մի՛ ոք լիցի ՚ի միջի քում պարտական արեան։

11Եւ եթէ լինիցի այր որ ատիցէ՛ զընկեր իւր, եւ դարա՛ն գործիցէ նմա, եւ յարիցէ ՚ի վերայ նորա, եւ հարկանիցէ զանձն նորա եւ մեռցի. եւ փախչիցի ՚ի մի ՚ի քաղաքացն այնոցիկ. 12առաքեսցեն ծերակոյտ քաղաքի նորա եւ առցե՛ն զնա անտի, եւ մատնեսցեն զնա ՚ի ձեռս մերձաւորի արեանն եւ մեռցի՛։ 13Եւ մի՛ խնայեսցէ ակն քո ՚ի նա. եւ սրբեսցես զարիւն անպարտ ՚ի միջոյ Իսրայէլի, եւ ՛ լիցի քեզ։ 14Մի՛ փոխեսցես զսահմանս ընկերի քոյ՝ զոր հաստատեցին հարք քո ՚ի ժառանգութեան քում, զոր ժառանգեսցես յերկրին զոր Տէր Աստուած քո տացէ՛ քեզ ՚ի ժառանգութիւն։

15Ո՛չ հաստատեսցի մի վկայ զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան, եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց զոր մեղանչէ։ ՚Ի բերանոյ երկուց եւ երի՛ց վկայից հաստատեսցի՛ ամենայն բան։ 16Եւ եթէ կացցէ յառաջ սո՛ւտ վկայ զմարդոյ, եւ չարախօսեսցէ զնմանէ ամպարշտութիւն ինչ. 17կացցեն երկոքին արքն որոց հակառակութիւնն իցէ, առաջի Տեառն, եւ առաջի քահանայիցն եւ առաջի դատաւորացն որ իցեն յաւուրսն յայնոսիկ. 18եւ քննեսցե՛ն դատաւորքն ճշմարտութեամբ. եւ ահա վկայ անիրաւ վկայեաց զանիրաւութիւն. եւ եկաց հակառա՛կ եղբօր իւրում. 19արասջիք նմա որպէս խորհեցաւ չա՛ր առնել ընկերի իւրում. եւ բարձէ՛ք զչարն ՚ի միջոյ ձերմէ։ 20Եւ այլոցն լուեալ՝ զահի հարկանիցին, եւ մի՛ եւս յաւելուցուն առնել ըստ բանին այնմիկ չարի ՚ի միջի ձերում. 21մի՛ խնայեսցէ ակն քո ՚ի նա։ Անձն ընդ անձին. ա՛կն ընդ ական. ատա՛մն ընդ ատաման. ձե՛ռն ընդ ձեռին. ո՛տն ընդ ոտին։

Գրաբար, 1805 · HYGRB1805