Գ Եզրաս
10
1Եւ եղև իբրև եկն որդին յառագաստ իւր, անգաւ և մեռաւ. 2և անցուցաք զլոյսն, և յարուցաք փոխանակ մեծ ուրախութեանն սուգ անչափ, և յարեան ամենայն քաղաքակիցքն իմ վասն նորա մխիթարել զիս, և յետ բազում մխիթարելոյ զիս՝ դադարեցի մինչև ՚ի վաղիւ անդր գիշերոյն։ 3Եւ եղև իբրև դադարեցին ամենեքեան ՚ի մխիթարելոյ զիս, լռեցի և ես, և յարեա՛յ գիշերի և փախեայ, և եկի այսր, որպէս տեսանես զիս յայսմ դաշտի. 4զմտաւ ածեալ մի՛ ևս դառնալ ՚ի քաղաքն, այլ աստէն դադարել. մի՛ ուտել և մի՛ ըմպել, այլ միշտ սգալ և պահել մինչև մեռայց։ 5Եւ թողեալ զբանս իմ յորում էին։ Ետու պատասխանի ցասմամբ՝ կնոջն և ասեմ. 6Զոր իմանասդ լաւ ինչ իմանաս քան զամենայն կանայս. ո՛չ տեսանես զսուգս մեր, 7որ եհաս ՚ի վերայ Սիոնի, որ է մայր մեր ամենեցուն. հեծելով հեծէ Երուսաղէմ, և տրտում է, և տառապեալ յո՛յժ. և արդ ո՛չ սգաս առաւել յո՛յժ. 8զի ամենեքեան ՚ի տրտմութեան և ՚ի զղջման և ՚ի սուգ եմք. այլ տրտում ես վասն միոյ որդւոյ քո. 9հարց ցերկիր, և նա ասասցէ քեզ, թէ պա՛րտ է նմա սգալ. զի այնչափ ծնեալ ՚ի նմանէն բազմութիւն յապականութիւն դարձան. 11արդ ո՞ւմ արժա՛ն է սգալ. որ այնչափ բազմութիւն կորոյս. եթէ քեզ վասն միոյն ողբալ. եթէ ասասցես՝ 12եթէ ո՛չ է նման տրտմութեան երկրին իմ սուգս, զի ես զպտուղ որովայնի իմոյ կորուսի զոր ցաւօք ծնայ. 13իսկ երկիր ըստ ճանապարհաց իւրոց գնաց, մերժեցաւ և գնաց մօտաւոր սուգ նորա՝ որպէս և եկն։ Եւ ես քեզ ասացից, 14թէ որպէս աշխատութեամբ ծնեալ է, նոյնպէս և երկիր ետ զմարդն իսկզբանէ Արարչին իւրում. 15արդ այսուհետև կա՛լ դու զտեղին քո, և առաքինութեամբ համբերեա՛ վշտացն որ եղեն քեզ. 16զի և քո որդին յարիցէ ՚ի ժամանակի իւրում. և դու ընդ կանայս անուանեսցիս. 17դա՛րձ այսուհետև անդրէն ՚ի քաղաք առ այր քո։ Եւ ասէ ցիս. 18Ո՛չ արարից զայդ, և ո՛չ մտից ՚ի քաղաք, այլ աստէն մեռայց։ 19Եւ յաւելի խօսել ընդ նմա և ասացի. 20Մի՛ առնել զայդ իրս. այլ հաւանեաց վասն տրտմութեանն Սիոնի, և մխիթարեա՛ց վասն քաղաքին Երուսաղեմի. 21հայիս ապաքէն և ՚ի նա, զի սրբութիւն մեր ապականեալ է՛, և սեղանն կործանեալ է՛. 22և օրհնութիւնքն դադարեալ են, և պարծանքն մեր քակտեալ են. և լոյս ճրագին անցեալ է. և տապանակն կտակարանաց մերոց ՚ի գերութեան վարեալ է, և սրբութիւն մեր պղծեալ են. և անուն որ կոչեցեալ է ՚ի վերայ մեր՝ յայնմանէ օտարացեալ եմք. և ազատք մեր թշնամանեալ են, և քահանայք մեր լացեալ են, և Ղևտացիք մեր ՚ի ծառայութիւն անկեալ են, և կանայք մեր բռնադատեցան. և հզօրք մեր ՚ի պարտութիւն մատնեցան, 23և քան զամենայն ոք աւելի անարգեցաւ Սիոն, իբրև զանօթ անպիտան, և լուծաւ ՚ի փառաց իւրոց, և մեք մատնեցաք ՚ի ձեռս թշնամեաց մերոց։ 24Բայց դու թօթափեա՛ ՚ի քէն զբազմութիւն տրտմութիւնդ, և ՚ի բա՛ց ընկեա՛ ՚ի քէն զյաճախութիւն ցաւոցդ, զի հաշտեսցի ընդ քեզ Հզօրն, և հանգուսցէ զքեզ ՚ի ցաւոց քոց և ՚ի վաստակոց։ 25Եւ եղև իբրև խօսէի ընդ նմա, զուարթանային երեսք նորա յոյժ, և տեսիլ նորա լինէր իբրև զփայլակն, և կերպարանք իւր այսպիսի ահագին առ մերձաւորս իւր. և սիրտ իմ յոյժ զարհուրեալ էր, զմտաւ ածեալ ասէի՝ թէ զի՞նչ իցէ այս. 26և նա յանկարծակի մեծաւ բարբառով աղաղակեաց ահիւ, և ճչեաց առ ՚ի շարժել երկրի ՚ի ձայնէն. տեսանէի, 27և ահա՛ ո՛չ ևս երևէր ինձ կինն, այլ քաղաք շինեալ ՚ի հարուստ հիմանց. զարհուրէի՝ և աղաղակէի մեծաբարբառ և ասէի. 28Ո՞ւր իցէ Ուրիէլ հրեշտակն որ յառաջնում աւուրն եկն առ իս, զի նա արար ինձ գալ յայս տեղի զարմանալեաց, և եղեն ինձ խնդրուածք իմ, և զվախճան ՚ի թշնամանս յո՛յժ։ 29Եւ զայս մինչդեռ խօսէի, եկն հրեշտակն՝ և ետես զիս, 30և ահա անկեալ դնէի իբրև զմեռեալ, և իմաստութիւն իմ եղծանէր. և կալաւ զաջոյ ձեռանէ իմմէ, և զօրացոյց զիս և հաստատեաց զիս ՚ի վերայ ոտից իմոց, և ասէ ցիս. 31Զի՞ եղև քեզ, ընդէ՞ր խռովեցար, և կամ ընդէ՞ր եղծաւ իմաստութիւն քո, և միտք սրտի քո։ 32Եւ ասացի թէ ընդէ՞ր թողեր զիս, զի ես արարի ըստ բանի քում, և ելի ՚ի տեղիս յայս, և ահա տեսի որում ո՛չ կարեմ հասու լինել։ Եւ ասէ ցիս. 33Կա՛ց իբրև զմարդ, և խօսեցայց ընդ քեզ։ Եւ ասացի. 34Խօսեա՛ց տէր, բայց միայն մի՛ թողուր զիս զի մի՛ ընդ վայր մեռայց։ 35Տեսի՝ զոր ո՛չ էր տեսեալ, և լուայ՝ զոր ոչ գիտէի, 36բայց միայն միտք իմ մոլորեալ են, և անձն իմ ապականեալ է. 37արդ խնդրեմ ՚ի քէն պատմեա՛ ծառայի քում, վասն սքանչելեացս այսոցիկ։ Ետ պատասխանի և ասէ ցիս. 38Լո՛ւր ինձ՝ և ուսուցից քեզ, վասն որոյ երկնչիսդ, վասն այնորիկ Բարձրեալն յայտնեաց քեզ զբազում խորհուրդս. 39զի ետես զուղղութիւն քո, եթէ անձանձրոյթ տրտմեալ ես վասն ժողովրդեանն, և յոյժ սգաս ՚ի վերայ Սիոնի. 40այս իրք են։ 41Կինն որ երևեցաւ քեզ փոքր մի յառաջագոյն, որ սգով էր. և սկսար մխիթարել զնա. 42արդ այսուհետև ո՛չ ևս ՚ի կերպարան կնոջ տեսցես, այլ երևեցաւ քեզ քաղաք շինեալ. 45և զի պատմէր քեզ վասն տրտմութեան որդւոյ իւրոյ. այս կին այն Սիոն է՝ զոր տեսանէիր, զոր այժմ տեսանես քաղաք շինեալ. և զի ասացն ցքեզ. Ամուլ եղէ ես ամս երեսուն։ Զի ամս բազումս ունէր յայսմ աշխարհի. և յորժամ եղևն և շինեցաւ, մատեաւ ՚ի նմա պատարագ. 46և յետ այնորիկ շինեաց Սողոմոն զքաղաքն և զտաճարն, և մատոյց ՚ի նմա պատարագ։ Ե՞րբ էր յորժամ ամուլն ծնաւ 47աշխատութեամբ, այն բնակութիւն Երուսաղեմի էր. 48և յորժամ ասաց ցքեզ, եթէ՝ Որդին իմ իբրև եմուտ յառագաստ իւր և մեռաւ, պատահէր տրտմութիւն յոյժ, այն որ լինէր գլորումն Երուսաղեմի. 49տեսեր զի սգայր ՚ի վերայ որդւոյն իւրոյ՝ և սկսար մխիթարել վասն տրտմութեանցն որ հասեալ էին նմա՛։ 50Իբրև ետես Բարձրեալն եթէ յամենայն սրտէ հոգաս վասն նորա, եցոյց քեզ զլուսաւորութիւն փառաց նորա, և զգեղեցկութիւն վայելչութեան նորա. 51վասն այսորիկ ասացի քեզ՝ զի մնասցես ՚ի դաշտին ուր տունն շինէր. 52գիտէի թէ Բարձրեալն կամի ցուցանել քեզ զայս ամենայն, 53և վասն այնորիկ ասացի քեզ գալ ՚ի տեղիս յայս, ուր ո՛չ էր շինուած հիման. 54ուր ո՛չ կարէր գործ շինուածոց մարդկան, ՚ի տեղւոջն ուր ցուցանելոցն էր քեզ զքաղաքն Բարձրելոյ։ 55Բայց դու մի՛ երկնչիր, և մի՛ զարհուրեսցի սիրտ քո, այլ մո՛ւտ և տե՛ս զպայծառութիւն քաղաքին, և կամ զմեծութիւն շինուածոյն, որչափ ակն քո բաւական է տեսանել։ 56Եւ յետ այսորիկ լուիցես որչափ բաւական իցէ քո լսելիք ականջաց. 57զի դու երանելի եղեր քան զբազումս. և հաճոյ եղեր Բարձրելոյն որպէս սակաւք, 58մնա՛ դու աստ զվաղուեան գիշերն աստէն, 59և ցուցից քեզ որչափ Բարձրեալն ՚ի տեսիլ երազոյ ցուցցէ քեզ՝ որ լինելոցն իցէ ՚ի վերայ բնակչաց երկրի յաւուրս վախճանի։ 60Եւ մտի ՚ի տուն զերկուս գիշերսն որպէս և հրամայեաց ինձ հրեշտակն Տեառն։
Գրաբար, 1805 · HYGRB1805