Գ Եզրաս

12

1Եւ եղև յորժամ խօսեցաւ առիւծն զբանս զայս ընդ արծւոյն. 2և ահա՛ որ մնացեալ էր գլուխն՝ կորեաւ, և երկու թևքն որ ընդ նմա՛ էին՝ կանգնեցան և փոխէին առ ՚ի տիրել. և էր իշխանութիւն նոցա վատթարութեամբ և շփոթութեամբ լի. 3և ապա՛ նոքա ևս կորնչէին. և ամենայն մարմին արծւոյն կիզոյր. և ափշէր յո՛յժ։ Եւ ես ՚ի շատ զարմանալոյն և ՚ի բազում երկիւղէ զարթեա՛յ՝ և ասացի ցանձն իմ, 4ապաքէն դու արարեր ինձ քննել զճանապարհս Բարձրելոյն. 5և ապա լուծեալ է անձն իմ, իմ, և տկար եմ յո՛յժ, և ո՛չ կայ յիս զօրութիւն ՚ի բազում երկեղէն զոր երկեայ ՚ի գիշերիս յայսմիկ։ 6Արդ աղաչեմ զԲարձրեալն զի զօրացուսցէ զիս մինչև ՚ի վախճան։ 7Եւ ասեմ Տէր Տէր իմ եթէ գտի շնորհս յաչս քո, թէ արդարև երանացայ բազում անգամ ՚ի քէն, և եթէ արդարև ել խնդիր իմ առաջի երեսաց քոց՝ 8զօրացո՛ զիս, և յայտնեա՛ ծառայի քո զպատգամս և զիրս, և զմեկնութիւն ահաւոր երազոյն զոր տեսի. զի լիով մխիթարեսցես զանձն իմ. 9որովհետեւ արժանի արարեր ցուցանել ինձ զամաց վախճան. և զժամանակաց կատարած։ Եւ ասէ ցիս. 10Այս է մեկնութիւն երազոյն՝ 11զոր տեսեր. արծուին որ ելանէր ՚ի ծովէն՝ չորրորդ թագաւորութիւն է որ յայտնեցաւ եղբօր քում Դանիէլի. 12այլ ո՛չ յայտնեցաւ նմա՛ այսպէս՝ որպէս և ես յայտնեմ քեզ։ 13Ահա աւուրք եկեսցեն՝ և յարիցէ թագաւորութիւն ՚ի վերայ երկրի, և եղիցի ահեղ քան զամենայն թագաւոր որ յառաջագոյն էին, 14և առաջի նորա թագաւորեսցեն ՚ի նմա թագաւորք երկոտասան մի ըստ միոջէ։ 15Իսկ երկրորդն ՚ի թագաւորացն աւելի ժամանակս 16կալցի քան զերկոտասանս. այս է մեկնութիւն երկոտասան թևոցն զոր տեսեր։ 17Եւ որում լուար ձայնին որ խօսէր, որ ո՛չ ՚ի գլխոյն բարբառէր, այլ ՚ի միջոյ մարմնոյն իւրոյ. 18այդ բան է որ ՚ի մէջ ժամանակի այնր արքայութեան, եղիցին որոշմունք ո՛չ սակաւք, մերձեսցի ՚ի կործանել և ո՛չ անկցի երբէք, այլ կանգնեսցի կացցէ յառաջին իշխանութեանն։ 19Եւ զի տեսեր զաւելորդ թևսն բազում բուսեալ շուրջ զմեծ թևովք նորա, 20այս այն բան է. յարիցեն ՚ի նմանէ ութ թագաւորք, որոց եղիցին ժամանակք թեթևք, և ժամք փութով. երկու ՚ի նոցանէն կորիցեն 21՚ի մերձենալ ժամանակին, և ՚ի հասանել իշխանութեան նորա. չորքն պահեսցեն ՚ի ժամանակն. յորժամ կամեսցի մերձենալ առ նորա կատարած ժամանակին. երկուն ՚ի վախճան պահեսցին։ 22Եւ զի տեսեր ՚ի նմա երիս գլուխս լռեալս և դադարեալս, 23այս այն բան է, ՚ի վախճանի նորա յարուսցէ Բարձրեալն երիս թագաւորս, և նորոգեսցեն բազում ինչ. խրատեսցեն զերկիր, 24և զբնակիչս նորա իշխանութեամբ բազմաւ, քան զամենայն ոք որ յառաջն եղեալք էին. վասն այնորիկ անուանեցան նոքա Գլուխք արծուոյն. 25նոքա եղիցին գլուխ թագաւորութեան իւրեանց, և լցցեն զվախճան նորա։ 26Եւ զի տեսեր զգլուխն մեծ ջնջեալ և կորուսեալ, մին ՚ի նոցանէն վախճանեսցի չարչարանօք, 27և երկուքն որ մնայցեն՝ զնոսա սուր կերիցէ. 28և ընդ նոսին և ինքն միանգամայն ՚ի վախճանի ՚ի սուր անկցի։ 29Եւ զի տեսեր զերկուս աւելորդ թևսն փոխեալ ՚ի գլուխն յաջակողմն կոյս, 30այս այն բանքն են՝ զորս պահեաց Բարձրեալն ՚ի վախճան նորա, որոյ իշխանութիւն նորա անարգ և լի խռովութեամբ. 31որպէս հայեցար ընդ առիւծն, և տեսեր ելեալ ՚ի մսրւո՛յ, սթափեալ և զարթուցեալ ՚ի քնոյ, մռընչելով խօսէր ընդ արծւոյն և յանդիմանէր զանիրաւութիւնս նորա, ըստ ամենայն բանիցն զոր լուարն։ 32Նա է Օծեալն, զոր առաքեսցէ Բարձրեալն ՚ի ժամանակս վախճանի յազգէ Դաւթի. նա՛ ինքն ծագեսցէ և եկեսցէ և խօսեսցի ընդ նմա՛, և զամբարշտութիւնս յանդիմանեսցէ, և վասն անիրաւութեան նորա խօսեսցի, և դիցէ առաջի նորա զնզովս, 33և ածցէ զնա՛ յիւր դատաստանն կենդանի և յորժամ յանդիմանեսցէ զնա, յայնժամ կորուսցէ զնա։ 34Եւ զմնացեալ ժողովրդեանն նորա փրկեսցէ գթութեամբ, և զմնացեալսն ՚ի սահմանս նորա փոխեսցէ, և ուրախ արասցէ զնոսա մինչև եկեսցէ վախճան դատաստանին, վասն որոյ խօսեցաւ իսկզբանն։ 35Ա՛յս է զոր տեսերն, և ա՛յս է մեկնութիւն նորա. 36դու միայն արժանի եղեր գիտել զխորհուրդս Բարձրելոյն. 37գրեա՛ զայդ ՚ի գիրս զոր տեսեր, և դի՛ր զդա յանքոյթ տեղւոջ, 38և ուսուսցես զիմաստունս ժողովրդեան քո զԱստուծոյ. և դիցես զնա ՚ի դէպ տեղւոջ, և լուսաւորեսցես նոքօք զիմաստունս և զերկեղածս իմ. զորոց գիտես զսիրտս թէ ընդունին զնա՛՝ առ ՚ի պահել զխորհուրդս զայս։ 39Բայց դու կա՛ց և մնա՛ աստէն, այլ ևս աւուրս եւթն, զի ցուցից քեզ զայն զոր կամի Բարձրեալն յայտնել քեզ։ 40Եւ գնաց հրեշտակն յինէն, և եղև իբրև լուաւ ժողովուրդն, եթէ էանց եւթն օրն, ես չև՛ ևս դարձեալ էի ՚ի քաղաքն, ժողովեցաւ ամենայն ժողովուրդն ՚ի փոքունց մինչև ցմեծամեծս. և եկին առ իս, և ասեն. 41Զի՞նչ մեղաք քեզ և կամ զի՞նչ յանցեաք. զի այսպէս լքեր թողեր զմեզ, և աստէն մնացեր յայսմ տեղւոջ. 42դու միայն մնացեր մեզ յամենայն մարգարէից իբրև զողկոյզ կթոց, և իբրև զճրագ յաղջամղջին տեղւոջ, իբրև զնաւահանգիստ մի միայն փրկու թեան. 43ո՛չ է բաւական չարս որ եհաս ՚ի վերայ մեր, 44այլև դու ևս զմեզ լքեր թողեր. որչափ լաւ էր մեզ կիզուլ և այրիլ ՚ի հուր ընդ Սիոնի. 45զի էր մեզ լաւ քան զհին մեռեալս նորա։ Եւ յասել նոցա զայս՝ լացին մեծաբարբառ։ 46Ետու պատասխանի և ասեմ ցնոսա. Քաջալերեաց տունդ Յակոբայ, 47զի կայ յիշատակ մեր առաջի Բարձրելոյն. և Հզօրն ո՛չ մոռացաւ զմեզ իսպառ. 48այլ ես ո՛չ թողի զձեզ, այլ եկի ՚ի տեղիս յայս՝ աղաչել զՏէր վասն աւերածոյն Սիոնի, և խնդրել զողորմութիւն վասն տառապանաց մերոց։ 49Եւ արդ երթիցեն իւրաքանչիւրոք ՚ի ձէնջ ՚ի իւր, և ես եկից առ ձեզ յետ այսց աւուրց։ 50Եւ գնաց ժողովուրդն ՚ի քաղաքն՝ որպէս ասացի նոցա. 51և ես նստայ ՚ի դաշտին զեւթն օր, որպէս և հրամայեաց ինձ հրեշտակն Տեառն. և ուտէի ՚ի ծաղկանց և ՚ի բանջարոց դաշտին, և եղև ինձ ՚ի կերակուր ա՛յն զաւուրսն։

Գրաբար, 1805 · HYGRB1805