Գ Եզրաս
5
1Լո՛ւր վասն շնորհացն. Ահաւասիկ աւուրք գան. և յաւուրն յայնս զարմասցին մարդիկ զարմանալիս մեծամեծս, ղօղեսցէ յուղղութենէ հաւատոց ճշմարտութեանն. 2և յետ բազմանալոյ յամբարշտութեանն, եղիցին ոմանք ՚ի վերայ երկրի խօսել, կամ կորստանօք ստութեամբ և առասպելեօք՝ այլայլիւք՝ ոմանք մոլորեալք ՚ի կեղծաւորութեան սրբութեան պաշտամանն ըմբռնեալք անժուժկալութեան. 3և եղիցի անհանգիստ և անճանապարհ և անապատ այս երկիր նախ յառաջ զոր դու տեսանես. 4թէ տացէ Աստուած, տեսցես զարմանալիս։ Յետ երրորդ տեսլեանն եղիցի երկիր ամբոխեալ, և երևեսցի արեգակն ՚ի գիշերի և լուսին ՚ի տուընջեան, 5և ՚ի փայտէ արիւն կաթեսցէ, և ՚ի քարէ բարբառ լուիցեն, ժողովուրդք ընդ ժողովուրդս հարցին և բռնասցին նշանագործք, զօրասցին առասպելարկուք։ 6Եւ ՚ի ժամանակին յայնմիկ ծով բազում անգամ տեղիս փոխեսցէ, և վիհք եղիցին. և օդք փոխեսցին, և թռչունք երկնից տեղափոխեսցին. 7և Սոդոմայեցւոց ծովն ձկունս եռացուսցէ. 8և հուր բազում անգամ առաքեսցէ. և նշան ՚ի կանանց ծնցի, 9և ՚ի ջուրս քաղցրունս աղւութիւն գտցի։ Մարտիցեն մարդիկ ընդ միմեանս, որդիք ընդ հարս, և հարք ընդ որդիս. մարք ընդ դստերս հակառակք ընդ միմեանս, եղբարք ընդ եղբարս. սիրելիք ընդ ծանօթս. ազգ ընդ ազգս. ժողովուրդք ընդ ժողովուրդս. քահանայք ընդ քահանայս. և թաքուսցեն զարդար զպատուիրանս Բարձրելոյն. 10և հզօրասցի ՚ի նոսա ստութիւն և մերժեսցի իմաստութիւն սրբոց. և յետ այնորիկ խնդրեսցեն և ո՛չ գտցի. զի բազմասցին ատելութիւնք, և յաճախեսցէ ստութիւն. և հպարտասցին հարք նոցա, և նուազեսցին ուղիղք, 11և հարցէ երկիր զմերձաւորս իւր՝ և ասասցէ. Միթէ ոք գնասցէ ՚ի վերայ քո որ ունէր զհաւատս. և խօսէր զճշմարտութիւն. կամ գործէր զարդարութիւն, կամ ատէր զանօրէնութիւն, կամ ՚ի կողմ անկանէր ճշմարտութեան. կամ առնէր զողորմութիւն, կամ ատէր զյափշտակութիւն, կամ խնդրէր զԲարձրեալն ամենայն սրտիւ իւրով, կամ սիրէր ոք սրբութեամբ ընկեր զընկեր իւր։ Տացէ պատասխանի և ասասցէ. Եթէ ո՛չ ոք գտանի առ իս այսպիսի, 12ըստ այնմ ժամանակաց ակն կալցին մարդիկ առնուլ ինչ ՚ի Բարձրելոյն, խնդրեսցեն և ո՛չ առցեն. Վաստակեսցեն աշխատանօք և ո՛չ հանգիցեն. ճաշեսցեն և ո՛չ վայելեսցեն ՚ի գործոց ձեռաց իւրեանց, գնասցեն, և ո՛չ ուղղեսցեն ճանապարհք իւրեանց. ըմբռնեսցեն ՚ի վախճան ժամանակաց. ՚ի ցաւոց և ՚ի տրտմութենէ և ՚ի հեծութեանց. քանզի ո՛չ միայն փոխեցին զօրէնսն, այլև զնոյն ևս զԲարձրեալն ՚ի վերայ երկրի որչափ ՚ի նոսա էր. վասն այնորիկ եկեսցէ ՚ի վերայ նոցա չար, և թագաւորեսցէ յատենի Բարձրեալն, և եկեսցէ փոխեսցէ զնոսա. և ցուցցէ յիւրմէ զփառս Բարձրեալն ՚ի նոսա. յայնժամ հատուսցէ նոցա զտանջանս, որպէս և խորհեցանն ամբարտաւանութեամբ, և անարգեսցէ զնոսա նոյնպէս։ 13Զայս զնշանս հրամայեցաւ ինձ ասել քեզ. թէ դարձեալ միւսանգամ պահօք և արտասուօք խնդրեսցես ՚ի Բարձրելոյն իբրև զաւուրս եւթն, և լուիցես քան զայս մեծամեծս։ 14Եւ իբրև զարթեա՛յ՝ և լուեա՛լ զայս ՚ի մտի ունէի, և յերկեղէն եղծան կերպարանք մարմնոյ իմոյ. և զօրութիւն իմ հեռացաւ յինէն, և մերձեցաւ անձն իմ ՚ի նուազել։ Ածի զմտաւ և ասեմ. Եթէ ո՛չ ոք կարէ ապրել ՚ի մէնջ, և մեռանիմ որպէս զանասունս, յորս ո՛չ գոյ ՚ի նոսա իմաստութիւն և տանջին ՚ի տանջանսն յաւիտենից։ Զայս իմ յոյժ զմտաւ ածեալ հոգայի։ 15Եկն դարձեալ Ուրիէլ հրեշտակ՝ և զօրացոյց զիս, և հաստատեալ կացոյց զիս ՚ի վերայ ոտից իմոց, և ասաց ցիս. Մի՛ տրտմիր, զի ցուցաւ քեզ յառաջ քան զժամանակն զոր առնելոց է Բարձրեալն յաւուրսն վախճանին. գտեր շնորհս յԱստուծոյ։ 16Եւ յետ այսորիկ եկն առիս Փանուէլ, որ էր առաջնորդ ժողովրդեանն, և ասէ ցիս. Ընդէ՞ր այդպէս տգեղացաւ գոյն երեսաց քոց. 17ո՛չ գիտես եթէ Իսրայէլ քեզ յանձնեաց յայսմ աշխարհիս պանդխտութեանս մերոյ։ 18Յոտն կաց և ճաշակեաց հաց՝ զի մի՛ վախճանեսցիս և թողուցուս զմեզ որպէս զհօտ իւր ՚ի ձեռն գայլոց չարաց։ 19Եւ ես ասացի ցնա. ՚Ի բա՛ց երթ յինէն, և մի՛ մերձենար յիս ցեւթն օր։ Եւ գնաց յինէն ըստ բանին։ 20Եւ ես լալով և ողբալով պատմէի զմեղս իմ, և պահեցի զեւթն օր, որպէս և հրամայեաց ինձ հրեշտակն։ 21Եւ եղև յետ լնլոյ եւթն աւուրցն՝ դարձեալ խորհուրդք սրտի իմոյ ստիպէին զիս յոյժ։ 22Ընկալաւ սիրտ իմ զհոգի իմաստութեան. և սկսայ ասել առաջի Բարձրելոյն զբանս զայս։ 23Եւ ասացի. Ո՞վ Տէր՝ դու ես որ կամօք Բարձրելոյն, զամենայն արարեր և պատրաստեցեր. և իմաստութեամբ քով զամենայն վարես, և հատուցանես իւրաքանչիւր ըստ ճանապարհաց իւրեանց։ Դու Տէր յամենայն նիւթոց փայտից ընտրեցեր քեզ զորթ ծառ. 24և յամենայն ծաղկանց՝ զշուշան ծաղիկ. 25և յամենայն թռչնոց՝ աղաւնի, և յամենայն չորքոտանեաց՝ զոչխար, 26և յամենայն բազմութեան ջուրց՝ զՅորդանան գետ. յամենայն քաղաքաց՝ զՍիոն քաղաք. 27և յամենայն բնակութեանց երկրի՝ զերկիրն սրբութեան. և յամենայն ժողովրդոց երկրի՝ ընտրեցեր զզաւակն Աբրահամու. և յամենայնէ ընտրեալք առ ՚ի քէն օրէնք զոր շնորհեցեր ցանկալի ժողովրդեանն։ 28Եւ Տէր իմ երկայնամիտ է, որ ո՛չ յիշես զմեղս. և ընդէր մատնեցեր զժողովուրդս քո ՚ի ձեռս ամբարիշտ ազգի. յորոց կոչեցեալ էր անուն քո. և զոր սիրեցեր զաւակ այնպէս ցրուեցեր ընդ հեթանոսս. 29և կոխան արարեր որպէս զհող երկրի ՚ի ներքոյ ոտից նորա. 30և ատելով ատեցեր զժողովուրդն քո վասն չար գործոց նոցա. պա՛րտ էր զնոսա ՚ի ձեռաց քոց խրատել։ 31Եւ եղև իբրև խօսէի ընդ նմա զայս ամենայն. առաքեցաւ առ իս հրեշտակն, որ յառաջ խօսեցաւն ընդ իս յանցանելն ՚ի գիշերին, 32և ասէ ցիս. Լո՛ւր ինձ և ունկնդի՛ր լեր. և հայեա՛ց, և յաւելից ասել առաջի քո։ 33Եւ ես ետու պատասխանի և ասեմ. Խօսեա՛ց տէր իմ. զի լուիցէ ծառայ քո։ Եւ ասէ ցիս. Ընդէ՞ր այդպէս զարմացաւ սիրտ քո խորհել զայդպիսի խորհուրդս. մի՛ եթէ դու առաւել ևս քան զԲարձրեալն սիրեցեր զԻսրայէլ։ 34Եւ ասացի. Ո՛չ տէր, այլ առ վշտի խօսեցայ. քանզի պահանջեն յինէն հանապազ երիկամունք իմ, և խնդրեն հասու լինել շաւղաց Բարձրելոյն, և քննել զմասն մի ՚ի դատաստանաց նորա։ 35Եւ ասէ ցիս. Որ ՚ի վեր քան զքեզն է մի՛ քններ, և զծածկեալն յորդւոց ՚ի մարդկանէ մի՛ զններ. որ ինչ ասացաւն քեզ, զայն պահեա՛ առ քեզ. և մի՛ քններ զճանապարհս Բարձրելոյն, զի մի վրիպիցես ՚ի նմանէն. զի ո՛չ է պիտոյ քեզ վասն գաղտնեաց։ Եւ ասացի. Ապա ընդէ՞ր ծնայ, և ո՛չ եղև ինձ գերեզման արգանտ մօր իմոյ. զի ո՛չ տեսեալ էր իմ զկորուստն Յակոբայ և զմահն Իսրայէլի, և զլիութիւն հեթանոսաց որ ո՛չ ճանաչեն զԱստուած։ Եւ ասաց ցիս. Մի՛ բռնադատիր գիտել զանգէտսն, ահա ասացի քեզ բան մի՝ եթէ ասասցես ինձ։ 36Եւ ասացի. Ասա՛ ինձ զթիւ ծնելոցն և զմեռելոցն. պատմեա՛ ինձ զլայնութիւն ծովու և զբազմութիւն ձկանց, կամ զբարձրութիւն երկնից. կամ զգունդս աստեղաց. կամ զընթացս արեգական, կամ զգնացս աստեղաց. կամ զկերպարանս հաստատութեան. կամ զընդարձակութիւն երկրի, կամ զթանձրութիւն հողոյ։ Համարեա՛ դու ինձ զթիւ մազոյ մարմնոց քոց, կամ զքթթել ական քո, կամ զլսելոյ զզօրութիւն, կամ զհոտոտելոյ զպատրաստութիւն, կամ զձեռաց զշօշափումն. կամ զխաղալ երակաց, կամ զմտաց գտցես զհետս, կամ զշնչոյ գտցես զտեսիլ, կամ զչափ, կամ զկերպարանս, կամ զգոյնս, կամ զիմաստութեան զբոյնս, կամ զհաւուց թռչնոց զիմաստութիւն. կամ զընտրութիւն զեռնոց որ ՚ի ցամաքի, և որ ՚ի ջուրս միմեանց թշնամի են. կամ զընթացս առանց ոտից. կամ զշնչել հողմոց. և ամփոփեա՛ դու ինձ զտարած և զսփիւռ և զշիթս անձրևաց, և դալարացո՛ զցամաքեալ ծաղիկս։ 37Բա՛ց դու ինձ զախեալ շտեմարանս երկրի, և մատո՛ դու ինձ որ ՚ի նմա արգելեալ և փակեալ կան հողմք. և կամ ցո՛յց ինձ զկերպարանս հողմոյ, և կամ զհոգւոյ զտեսիլս, և յայնժամ հասու լիցիս շաւղաց Բարձրելոյն, և ծանիցես զընտրութիւն ճանապարհաց նորա։ 38Եւ զարմացեալ ընդ բանս ընդ այնոսիկ, և ասացի. Ո՞վ Տէր Տէր. և ո՞վ ՚ի մարդկանէ կարէ զայդ գիտել կամ առնել, եթէ ո՛չ այն որ ընդ մարդկան չէ իւր բնակութիւն։ 40Եւ ասէ ցիս. Որպէս ո՛չ կարես ՚ի նոցանէն մի ինչ առնել կամ ասել. նոյնպէս ո՛չ կարասցես զիմաստութիւն Բարձրելոյն քննել, և գիտել զզօրութիւն ճանապարհաց նորա, և կամ գտանել զդատաստանս նորա. կամ զվախճան սիրոյ նորա՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց. և կամ առ ՚ի նմանէ զբարիսն՝ զոր ակն ո՛չ ետես, և ունկն ո՛չ լուաւ, և ՚ի սիրտ մարդոյ ո՛չ անկաւ. և ո՛չ զմտաւ երբէք ա՛ծ մարդ՝ զոր պատրաստեաց Աստուած սիրելեաց իւրոց։ 41Պատասխանի ետու և ասեմ. Ահա զայս որպէս ասացեր ցիս. որ սրբութեամբ ծառայեցին, և որք լինին նմա հաճոյ, խոստացեալ է. մեք զի՞նչ գործեսցուք մեղաւորքս. զի անօրինեցաք յառաջ քան զգիտելն զայս. և ահա երթամք մեք անդ ունայնք և սոսկք։ 42Եւ ասէ ցիս. Պսակ ՚ի նմանէն իրաւունք նորա, որպէս ո՛չ նուաղի ՚ի հեղգութենէ նորա, նոյնպէս ոչ յառաջանայ յարագութենէ նորա։ 43Դարձեալ յաւելի և ասացի ցնա. Ո՛չ կարէ առնել արդեւք, որք անցինն, և որք կանն. որք լինելոցն իցեն միանգամայն. զի վաղվաղակի անցցէ այս աշխարհս, և եկեսցէ դատաստան. և իւրաքանչիւրոք գիտասցէ եթէ զի՞նչ է պատրաստել նմա՛։ 44Ետ պատասխանի հրեշտակն և ասէ ցիս. Գիտեմ զի որոշեաց Բարձրեալն ըստ ժամանակի, և ՚ի ժամանակի առնել որ ինչ լինելոցն իցէ. և ո՛չ կարեն փութալ արարածք, որպէս սահմանեալ է Բարձրելոյն. քանզի ո՛չ իսկ յանձն առնոյր զամենայն միանգամայն։ 45Եւ ես ետու պատասխանի, թէ. Զիա՞րդ ասաց Բարձրեալն դարձուցանել զամենայն զմարդկեղէն արարածս. զի եթէ ասաց Բարձրեալն, զամենայնսն միանգամայն յարուսցէ զոր և գտցէ յայնմ ժամանակի՝ զկենդանիս մեռելօք հանդերձ. և յորժամ յարիցեն. և նորոգեսցէ զամենայնսն. և ընկալցի զամենայնսն յայնմ աշխարհ. և համբարիցէ. ընդէ՛ր այժմ այս աշխարհս ո՛չ կարաց ընդունել զամենայնսն միանգամայն։ 46Եւ ասաց ցիս. Հա՛րց դու ցարգանդ կնոջ՝ և ասա՛ ցնա. Զի եթէ ծնանելոց իցես տասն անգամ, ընդէ՛ր զամենայնսն միանգամայն ո՛չ ծնանիս, այլ մի ըստ միոջէ։ 47Եւ ասացի ցնա. եթէ՝ ո՛չ կարասցէ զայն առնել։ 48Ետ պատասխանի և ասէ ցիս. Նոյնպէս և երկիր ո՛չ կարէ զայս առնել, քանզի արգանդի նման է. և որոշել ժամանակաց. և հրամայեալ է ՚ի հնազանդութիւն կալ. 49զի որպէս մանուկ ո՛չ կարէ ծնանել. և ո՛չ յորժամ պառաւ է՝ կարէ ծնանել. նոյնպէս և ո՛չ երկիր յառաջ քան զժամանակն կարէ առնել։ 50Ետու պատասխանի և ասեմ ցնա՛. Որովհետև գտի շնորհս առաջի քո, հարցից քեզ բան միւս ևս. զի եթէ արդարև արգանդ է երկիր և ՚ի նմանէ եմք. յայնժամ մանո՞ւկ էր եթէ ծեր։ 51Եւ ասէ ցիս. Հա՛րց զծնօղն, 52և ասա՛ եթէ ընդէր զորս ծնարն ո՛չ են նմանք առաջնոցն. այլ նուազք են հասակաւ և տկարք զօրութեամբ. 53և ասասցէ ցքեզ արգանդն. թէ այլ զօրութիւն էր որ ՚ի մանկութեանն ծնանէի, և այլ որ ՚ի ծերութեանն. 54իմացի՛ր ևդու թէ տկարք էք դուք քան զառաջինսն. 55և որ յետ ձեր լինելոց են քան զձեզ. իբրև թէ ՚ի ծերութեանց իցէ երկիր, և անցեալ է մանկութիւն իւր։ Ետու պատասխանի և ասեմ զհրեշտակն. Խնդրեմ ՚ի քէն Տէր. մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն. որ հարցանեմ զքեզ վասն բազմաց. զայս հրամայեա՛ ինձ ուսանել ՚ի քէն. վասն որոց կամիս հարցանել։
Գրաբար, 1805 · HYGRB1805