Եզեկիէլ մարգարեյի գիրք

32

1Եւ եղեւ յամին երկոտասաներորդի՝ յամսեանն երկոտասաներորդի, որ օր մի էր ամսոյն. եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. 2Որդի մարդոյ՝ ո՛ղբս առ ՚ի վերայ փարաւովնի արքային Եգիպտացւոց՝ եւ ասասցես ցնա. Առիւծացար ՚ի մէջ ազգաց, եւ նմանեցար վիշապի՛ ՚ի մէջ ծովու. եւ ոգորէիր ընդ գետս քո, եւ առ սմբակ պղտորէիր զջուրսն, եւ առաթո՛ւր կոխա՛ն առնէիր զգետս քո։ 3Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Պատեցից զքեզ թակարդօք իմովք, եւ ժողովովք զօրաց բազմաց. եւ հանից զքեզ կարթիւ իմով. 4տախտապարեցի՛ց զքեզ ՚ի վերայ երկրի, եւ լցցին քեւ դաշտք. եւ իջուցի՛ց ՚ի վերայ քո զամենայն թռչունս երկնից, եւ յագեցուցից ՚ի քէն զամենայն գազանս երկրի։ 5Եւ տաց զմարմինս քո ՚ի վերայ լերանց, եւ լցուցից զձորս յարենէ քումմէ. 6եւ արբեսցի յապաւառէ քումմէ՝ ՚ի բազմութեան քոյ ՚ի վերայ լերանց, զձորս լցից ՚ի քէն։ 7Եւ պատրուակեցից զերկինս ՚ի շիջանե՛լ քում, եւ խաւարեցուցից զաստեղս նորա. զարեգակն ամպով ծածկեցից, եւ մի՛ տացէ զլոյս իւր. 8եւ զամենայն լուսաւորս խաւարեցուցից ՚ի վերայ քո. եւ տաց խաւա՛ր ՚ի վերայ քո՝ ասէ Տէր Տէր։ 9Եւ զայրացուցից զսիրտս ազգաց բազմաց, ՚ի ժամանակի իբրեւ հանից զգերութիւն քո ընդ ա՛զգս յերկիր զոր ո՛չ գիտիցես։ 10Եւ տրտմեսցին ՚ի վերայ քո ազգք բազումք, եւ թագաւորք նոցա զարհուրելո՛վ զարհուրեսցին, ՚ի թռչե՛լ սրոյ իմոյ առաջի երեսաց նոցա ա՛կն ունել կործանման իւրեանց յօրէ կործանման քոյ։ 11Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Սո՛ւր արքային Բաբելացւոց եկեսցէ ՚ի վերայ քո 12հանդերձ սրով սկայից, եւ կործանեցից զզօրութիւն քո. եկեսցեն ամենայն ժանտագո՛րծք ազգաց՝ եւ կորուսցեն զհպարտութիւն Եգիպտացւոց. եւ խորտակեսցի՛ ամենայն զօրութիւն նորա։ 13Եւ կորուսից զամենայն անասունս նորա ՚ի ջուրց բազմաց. եւ մի՛ պղտորեսցէ զնա ոտն մարդոյ, եւ կճղակ անասնոյ մի՛ կոխեսցէ զնա։ 14Եւ ապա դադարեսցեն ջուրք նոցա, եւ գետք նոցա նման իւղոյ գնասցեն. ասէ Ադովնայի Տէր։ 15Յորժամ տաց զԵգիպտոս ՚ի կորուստ. եւ աւերեսցի՛ երկիրն լրիւ իւրով. յորժամ ցրուեցից զամենայն բնակիչսն ՚ի նմանէ, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր Տէր։ 16Ո՛ղբք են՝ եւ ողբասցեն զնա, եւ դստե՛րք ազգաց ողբասցեն զնա. ՚ի վերայ Եգիպտոսի եւ ՚ի վերայ ամենայն զօրութեան նորա ողբասցեն զնա, ասէ Տէր Տէր։ Ողբք ՚ի վերայ փարաւոնի եւ Եգիպտոսի։

Ողբք ՚ի վերայ փարաւոնի եւ Եգիպտոսի։

17Եւ եղեւ յամին երկոտասաներորդի՝ յամսեանն առաջնում, որ օր հնգետասան էր ամսոյն. եղեւ բա՛ն Տեառն առ իս՝ եւ ասէ. 18Որդի մարդոյ ո՛ղբս առ ՚ի վերայ զօրութեանն Եգիպտոսի, եւ իջուսցեն զդստերս նորա ազգքն՝ զմեռեալս ՚ի խորս երկրի, առ իջեալսն ՚ի խորխորատս՝ 19՚ի ջուրց վայելչութեան. է՛ջ ննջեա՛ ընդ անթլփատս 20՚ի մէջ վիրաւորաց. սրո՛վ անկցին ընդ նմա, եւ դադարեսցէ ամենայն զօրութիւն նորա։ 21Եւ ասասցեն ցքեզ սկայքն. Ե՛կ է՛ջ ՚ի խորս խորինս, զի քան զո՞վ լաւ էիր դու. էջ եւ դադարեա՛ ընդ անթլփատս ՚ի մէջ վիրաւորաց սրոյ։ 22Ա՛նդ Ասուր եւ ամենայն ժողովուրդք նորա՝ ամենեքին վիրաւորք. ա՛նդ 23տուաւ գերեզման նոցա ՚ի խորս խորխորատին, եւ եղեն ժողովուրդք նոցա շուրջ զշիրմօք նորա. ամենայն վիրաւորք անկան սրով. որ արարին զգերեզմանս իւրեանց ՚ի յատակս գբոց, եւ եղեն ժողովք շուրջ զգերեզմանօք նորա. ամենեքին վիրաւորք անկեալք ՚ի սրոյ, որ ետուն զահ իւրեանց ՚ի վերայ երկրին կենդանութեան։ 24Ա՛նդ Էղ՚ամ, եւ ամենայն զօրութիւն նորա շուրջ զգերեզմանաւ նորա. ամենեքին վիրաւորք անկեալք ՚ի սրոյ իջին անթլփատք ՚ի խորս երկրի. որ ետուն զահ իւրեանց ՚ի վերայ երկրին կենդանութեան, եւ ընկալան զտանջանս իւրեանց ընդ իջեալսն ՚ի խորխորատ 25՚ի մէջ վիրաւորաց։ 26Ա՛նդ տուան Մոսոք՝ եւ Թոբէլ, եւ ամենայն զօրութիւնք նոցա շուրջ զգերեզմանաւ նորա. ամենայն վիրաւորք նորա ամենեքեան անթլփատք վիրաւորք անկեալք ՚ի սրոյ, որ ետուն զահ իւրեանց ՚ի վերայ երկրին կենդանութեան։ 27Եւ ննջեցին ընդ հսկայսն անկեալսն յաւիտենից. որ իջին ՚ի դժոխս պատերազմօղ զինուքն իւրեանց, եւ եդան անօրէնութիւնք նոցա ՚ի վերայ ոսկերաց իւրեանց. զի զարհուրեցուցին զհսկայս ՚ի կենդանութեան իւրեանց։ 28Եւ դու ՚ի մէջ անթլփատիցն խորտակեսցիս, եւ ննջեսցես ՚ի մէջ վիրաւորացն սրոյ։ 29Անդ Եդոմ եւ թագաւորք իւր եւ ամենայն իշխանք նորա, որ ետուն զզօրութիւն իւրեանց ՚ի հարուածս սրոյ. եւ նոքա ընդ վիրաւորս ննջեցին ընդ իջեալսն ՚ի խորխորատ։ 30Ա՛նդ ամենայն իշխանք հիւսւսոյ, եւ ամենեքեան նոքա զօրավարք Ասորեստանւոյն, իջեալք վիրաւորք հանդերձ ահիւն զօրութեամբ իւրեանց. ամօթալի՛ց ննջեցին անթլփատք ընդ վիրաւորս սուսերաց, եւ տարան զտանջանս իւրեանց ընդ իջեալսն ՚ի խորխորատ։ 31Զնոսա տեսցէ փարաւոն եւ մխիթարեսցի ՚ի վերայ ամենայն զօրութեան նոցա։ Վիրաւորք փարաւոնի ՚ի սրոյ, եւ ամենայն զօրութիւն նորա՝ ասէ Տէր Տէր։ 32Զի ետ զահ իւր յերկիրն կենդանութեան, եւ ննջեսցէ ՚ի մէջ անթլփատիցն վիրաւորելոց սրոյ, փարաւոն՝ եւ ամենայն բազմութիւն իւր ընդ նմին՝ ասէ Տէր Տէր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)