Եզեկիէլ մարգարեյի գիրք
37
Վասն Յարութեան։ ԼԳ
Վասն Յարութեան։
1Եւ եղեւ ՚ի վերայ իմ ձեռն Տեառն. եւ եհան զիս Հոգւովն Տեառն, եւ եդ զիս ՚ի մէջ դաշտին. եւ այն լի՛ էր ոսկերօք մարդկան. 2եւ շրջեցոյց զիս շուրջ զոսկերօքն. եւ ահա բազո՛ւմ յոյժ էին ՚ի վերայ երեսաց դաշտին, եւ ցամաքեա՛լք յոյժ։ 3Եւ ասէ ցիս. Որդի՛ մարդոյ՝ իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքդ այդոքիկ։ Եւ ասեմ. Տէր Տէր, դո՛ւ գիտես զայդ։ 4Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ մարգարեա՛ց ՚ի վերայ ոսկերացդ այդոցիկ՝ եւ ասասցե՛ս ցդոսա. Ոսկե՛րք ցամաքեալք՝ լուարո՛ւք զպատգամս Տեառն։ 5Ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցոսկերսդ ցայդոսիկ. Ահաւասիկ ե՛ս ածից ՚ի վերայ ձեր շո՛ւնչ կենդանի. 6եւ տաց ՚ի ձեզ ջիլս, եւ ածից ՚ի վերայ ձեր մարմինս, եւ ձգեցից ՚ի վերայ ձեր մորթ. եւ տաց զոգի իմ ՚ի ձեզ, եւ լինիջիք կենդանի. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր. 7եւ մարգարէացայ որպէս եւ հրաման ետ ինձ Տէր։ Եւ եղեւ բարբառ ՚ի մարգարէանալն իմում, եւ ահա շարժո՛ւմն. եւ մերձեցաւ ոսկր առ ոսկր առ իւրաքանչիւր յօդս. 8եւ տեսի եւ ահա ջիլք եւ մարմինք պատէին, եւ ձգէր ՚ի վերայ նոցա մորթ. եւ շունչ ո՛չ գոյր ՚ի նոսա։ 9Եւ ասէ ցիս. Մարգարեա՛ց որդի մարդոյ, մարգարեա՛ց ՚ի վերայ շնչոյն, եւ ասասցես ցշունչն. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ե՛կ շունչ ՚ի չորից հողմոց, եւ փչեա՛ ՚ի մեռեալս յայսոսիկ՝ եւ կեցցեն։ 10Եւ մարգարէացայ որպէս եւ հրամա՛ն ետ ինձ Տէր. եւ եմուտ ՚ի նոսա շունչն, եւ եղեն կենդանի. եւ կանգնեցան՝ կացի՛ն ՚ի վերայ ոտից իւրեանց, ժողովուրդ բազում յոյժ յոյժ։ 11Եւ խօսեցաւ ընդ իս Տէր՝ եւ ասէ. Որդի մարդոյ, ոսկերքդ այդոքիկ ամենայն տունդ Իսրայէլի է. եւ դոքա ասեն. Չորացան ոսկերք մեր՝ հատա՛ւ յոյս մեր՝ եւ մեռաք։ 12Վասն այդորիկ մարգարեա՛՝ եւ ասասցես ցդոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես բացի՛ց զգերեզմանս ձեր, եւ հանի՛ց զձեզ ՚ի գերեզմանաց ձերոց ժողովուրդ իմ. եւ տարայց զձեզ յերկիրն Իսրայէլի։ 13Եւ ծանիջիք՝ եթէ ե՛ս եմ Տէր, ՚ի բանա՛լ ինձ զգերեզմանս ձեր՝ եւ հանել ինձ զձեզ ՚ի գերեզմանաց ձերոց ժողովուրդ իմ։ 14Եւ տաց զոգի իմ ՚ի ձեզ, եւ լինիջիք կենդանի. եւ եդի՛ց զձեզ յերկրին ձերում. եւ ծանիջիք թէ ե՛ս եմ Տէր. եւ խօսեցա՛յ եւ արարից, ասէ Տէր Տէր։
15Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ. 16Եւ դու որդի մարդոյ՝ ա՛ռ դու քեզ գաւազան մի, եւ գրեա՛ ՚ի նմա զՅուդա եւ զորդիսն Իսրայէլի զմերձաւորս նորա։ Եւ առցես քեզ գաւազան երկրորդ, եւ գրեսցես ՚ի նմա զՅովսէփ՝ եւ զգաւազանն Եփրեմի. եւ զամենայն որդիսն Իսրայէլի զյաւելեալսն ՚ի նոսա։ 17Եւ կցեսցես զնոսա ընդ միմեա՛նս կապեալ լինել ՚ի գաւազան մի. եւ եղիցի ՚ի ձեռին քում։ 18Եւ եղիցի յորժամ ասասցեն ցքեզ որդիք ժողովրդեան քոյ. Ո՞չ պատմես մեզ զինչ է ա՛յդ ՚ի քեզ. 19եւ ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես առից զազգդ Յովսեփու՝ որ է՛ ՚ի ձեռին Եփրեմայ, եւ զազգդ Իսրայէլի զմերձաւորս դորա. եւ տա՛ց զդոսա յազգն Յուդայ, եւ եղիցին ՚ի մի գաւազան. եւ եղիցին մի՛ ՚ի ձեռին Յուդայ. 20եւ եղիցին գաւազանքդ յորս դու գրեցեր ՚ի ձեռին քում առաջի նոցա։ 21Եւ ասացես ցնոսա. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես առնում զտունդ Իսրայէլի ՚ի միջոյ ազգացդ յորս մտին ՚ի նոսա. եւ ժողովեցից զդոսա յամենայն ազգաց որ շուրջ զդոքօք են, եւ տարայց զդոսա յերկիրն Իսրայէլի, 22եւ տա՛ց զդոսա յազգ մի յերկրին իմում ՚ի լերինսն Իսրայէլի. եւ մի իշխան եղիցի ՚ի վերայ ամենեցուն դոցա ՚ի թագաւոր. եւ ո՛չ եւս եղիցին յերկուս ազգս, եւ ո՛չ եւս բաժանեսցին յերկուս թագաւորութիւնս։ 23Զի մի՛ եւս պղծեսցին ՚ի կուռս իւրեանց եւ ՚ի գարշելիս իւրեանց, եւ յամենայն ամպարշտութիւնս իւրեանց. եւ փրկեցից զդոսա յամենայն անօրէնութեանց դոցա զոր մեղան ՚ի նոսա, եւ սրբեցից զդոսա. եւ եղիցին ինձ ՚ի ժողովուրդ, եւ ես եղէց դոցա յԱստուած։ 24Եւ ծառայ իմ Դաւիթ՝ իշխա՛ն ՚ի մէջ դոցա. եւ մի հովիւ եղիցի ամենեցուն դոցա. զի ըստ հրամանաց իմոց գնասցեն եւ զիրաւունս իմ պահեսցեն, եւ արասցեն զնոսա։ 25Եւ բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ես ծառային իմում Յակովբայ ուր բնակեցին հարք իւրեանց. եւ բնակեսցեն դոքա ՚ի նմա, եւ որդիք դոցա, եւ որդիք որդւոց դոցա մինչեւ յաւիտեան։ Եւ Դաւիթ ծառայ իմ եղիցի իշխա՛ն դոցա յաւիտեան։ 26Եւ եդից դոցա ո՛ւխտ խաղաղութեան, եւ ուխտ յաւիտենակա՛ն եղիցի ընդ նոսա. եւ տա՛ց դոցա՝ եւ բազմացուցից զդոսա, եւ եդից զսրբութիւնս իմ ՚ի մէջ դոցա յաւիտեան։ 27Եւ եղիցի բնակութիւն իմ ՚ի դոսա. եւ եղէց դոցա յԱստուած, եւ դոքա եղիցին ինձ ՚ի ժողովուրդ։ 28Եւ ծանիցեն ազգք թէ ե՛ս եմ Տէր որ սրբեցի զդոսա, ՚ի լինե՛լ սրբութեանց իմոց ՚ի միջի դոցա յաւիտեան։
Գրաբար, 1805 · HYGRB1805