Ծննդոց
44
1Եւ հրամա՛ն ետ Յովսէփ հազարապետին իւրում՝ եւ ասէ. Լցէ՛ք զամանս արանցն կերակրով որչափ եւ կարիցեն բառնալ. եւ դի՛ք զարծաթն իւրաքանչիւր ՚ի բերան ամանոյ իւրոյ։ 2Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի՛ կրտսերոյն, եւ զգինս ցորենոյ նորա։ Եւ եղեւ ըստ բանին Յովսեփայ՝ որպէս եւ ասաց։ 3Եւ իբրեւ առաւօտ եղեւ՝ արձակեցա՛ն արքն, ինքեանք եւ է՛շք իւրեանց։ 4Եւ իբրեւ ելին ըստ քաղաքն, եւ չէի՛ն մեկնեալ ՚ի բաց, ասէ Յովսէփ ցհազարապետն իւր. Արի՛ պնդեաց զհետ արանցն, եւ հասցե՛ս նոցա. եւ ասասցես. Զի՞ է զի հատուցէք չար փոխանակ բարեաց. 5ընդէ՞ր գողացայք զսկիհն արծաթի. ո՞չ այն էր որով ըմպէր տէրն իմ, եւ նովա՛ւ ինքն հմայելով հմայէր. արդ՝ չա՛ր գործեցէք՝ զոր արարէքդ։ 6Եւ իբրեւ եգիտ զնոսա, ասէ՛ ըստ բանիցս այսոցիկ։ 7Եւ նոքա ասեն ցնա. Ընդէ՞ր խօսիցի տէր այդպիսի բանս. քա՛ւ լիցի ծառայից քոց առնել ըստ բանիդ այդմիկ։ 8Զի եթէ զարծա՛թն զոր գտաք յամանս մեր՝ դարձուցաք առ ձեզ յերկրէն Քանանացւոց. զիա՞րդ գողանայաք ՚ի տանէ տեառն քոյ արծաթ կամ ոսկի։ 9Եւ արդ՝ առ որում գտցի ՚ի ծառայից քոց սկիհն՝ մեռցի՛. եւ մեք եղիցուք տեառն մերում ծառա՛յք։ 10Եւ նա ասէ. Ա՛յդպէս եղիցի որպէս ասացէքդ. առ որում գտցի սկիհն՝ եղիցի իմ ծառա՛յ. եւ դուք անպա՛րտք լինիցիք։ 11Եւ փութացան իջուցին զբեռն իւրաքանչիւր ՚ի գետին. եւ բացին իւրաքանչիւր զաման իւր։ 12Եւ յուզեաց, սկսեալ յերիցուէն մինչեւ եկն կատարեաց ՚ի կրտսերն. եւ եգիտ զսկիհն յամանի Բենիամինի։ 13Եւ պատառեցի՛ն զհանդերձս իւրեանց. եւ եդին իւրաքանչիւր զբեռն իւր ՚ի վերայ իշո՛յ իւրոյ, եւ դարձան ՚ի քաղաքն։ 14Եւ եմուտ Յուդա եւ եղբարք իւր առ Յովսէփ, մինչդեռ անդէ՛ն էր. եւ անկա՛ւ առաջի նորա ՚ի վերայ երկրի։ 15Ասէ ցնոսա Յովսէփ. Զի՞նչ են իրքդ զոր արարէք. ո՛չ գիտէք թէ հմայելով հմայէ՛ այր որ իբրեւ զիս է։ 16Ասէ Յուդա. Զի՞նչ տացուք պատասխանի տեառն՝ կամ զի՞նչ խօսիցիմք, կամ զո՜ր իրաւունս ցուցանիցեմք։ Եգի՛տ Աստուած զյանցանս ծառայից քոց. արդ՝ աւասիկ կամք ծառայք տեառն մերոյ. եւ մե՛ք, եւ առ որում եւ սկիհն գտաւ։ 17Եւ նա ասէ. Քա՛ւ լիցի ինձ առնել զբանդ զայդ։ Այրն առ որում սկիհն գտաւ՝ նա՛ եղիցի իմ ծառայ. եւ դուք ելէ՛ք ողջութեամբ առ հայրն ձեր։ 18Մատուցեալ առ նա Յուդա՝ եւ ասէ. Աղաչեմ տէր, խօսեսցի՛ ծառայ քո բան մի առաջի քոյ. մի՛ բարկասցիս ծառայի քում, զի դո՛ւ ես յետ փարաւոնի տէր։ 19Դու հարցեր ցծառայս քո՝ եւ ասացեր, եթէ կայցէ՞ ձեր հայր կամ եղբայր։ 20Եւ մեք ասեմք տեառն. Կա՛յ մեր հայր ծերացեալ, եւ մանուկ մի կրտսեր՝ որդի՛ ծերութեան նորա, եւ եղբայր նորա մեռա՛ւ. եւ նա միա՛յն մնաց մօր իւրոյ, եւ հայրն սիրէ՛ զնա։ 21Եւ ասացեր ցծառայս քո, իջուցէ՛ք զնա առ իս՝ եւ խնամարկեցի՛ց նմա։ 22Եւ ասացաք ցտէր. Ո՛չ կարէ մանուկն թողուլ զհայր իւր. ապա թէ թողուցու զհայրն իւր՝ մեռանի՛։ 23Եւ դու ասացեր ցծառայս քո. եթէ ո՛չ իջանիցէ եղբայրն ձեր կրտսեր ընդ ձեզ՝ մի՛ յաւելուցուք տեսանել զերեսս իմ։ 24Եւ եղեւ իբրեւ ելաք մեք առ ծառայ քո հայր մեր, պատմեցա՛ք նմա զբանս տեառն մերոյ։ 25Եւ ասէ հայրն մեր. Երթա՛յք դարձեալ՝ գնեցէ՛ք մեզ սակաւ մի կերակուր։ 26Եւ մեք ասացաք՝ եթէ ո՛չ կարեմք իջանել անդր, եթէ ո՛չ եղբայրդ մեր կրտսեր իջանիցէ ընդ մեզ, եւ ապա՛ իջանիցեմք. զի ո՛չ կարեմք տեսանել զերեսս առնն, եթէ եղբայրդ մեր կրտսեր ընդ մեզ ո՛չ իցէ։ 27Եւ ասէ՛ ցմեզ ծառայ քո հայր մեր. Դուք ինքնի՛ն գիտէք՝ զի երկո՛ւս ծնաւ ինձ կին իմ. 28մին՝ ե՛լ յինէն եւ ասացէք թէ գազանակո՛ւր եղեւ. եւ ո՛չ եւս տեսանեմ զնա մինչեւ ցայժմ։ 29Արդ՝ եթէ զսա՛ եւս առնուցուք յերեսաց իմոց, եւ պատահիցէ սմա հիւանդութիւն ՚ի ճանապարհի, իջուցանէ՛ք զծերութիւնս իմ տրտմութեամբ հանդերձ ՚ի դժոխս։ 30Եւ արդ՝ եթէ երթայցեմք առ ծառայ քո հայր մեր՝ եւ պատանեակս չիցէ՛ ընդ մեզ. եւ նորա՛ ոգին կախեա՛լ կայ զդորա ոգւոյդ։ 31Եւ լինիցի իբրեւ ո՛չ տեսանիցէ ընդ մեզ զմանուկդ՝ վախճանիցի՛. եւ իջուցանիցեն ծառայք քո զծերութիւն ծառայի քոյ հօր մերոյ չարչարանօ՛ք հանդերձ ՚ի դժոխս։ 32Զի ծառայի քոյ առեալ է յերաշխի՛ զմանուկդ ՚ի հօրէ իւրմէ. ասեմ, եթէ ո՛չ ածից զդա առ քեզ՝ եւ կացուցից առաջի քո, յանցաւո՛ր եղէց առ հայր իմ զամենայն աւուրս։ 33Եւ արդ՝ կացից ե՛ս ծառայ քո փոխանակ մանկանդ ստրո՛ւկ տեառն իմոյ. եւ պատանեակդ ելցէ՛ ընդ եղբարս իւր. 34քանզի զիա՞րդ ելանիցեմ առ հայրն իմ, եթէ պատանեակդ չիցէ ընդ մեզ։ Զի մի՛ տեսից զչարիսն որ գտանիցեն զհայրն իմ։