Ամբակում մարգարեյի գիրք
3
2Տէր՝ զլուր քո լուա՛յ եւ երկեայ. Տէր՝ հայեցայ ՚ի գործս քո՝ եւ զարհուրեցայ։ ՚Ի մէջ երկո՛ւց գազանաց ծանիցիս. ՚ի մերձենալ ամացն յայտնեսցիս. ՚ի հասանե՛լ ժամանակին երեւեսցիս. ՚ի խռովել անձին իմոյ ՚ի բարկութեան զողորմութիւնս յիշեսցես։ 3Աստուած ՚ի Թեմանայ եկեսցէ, եւ Սուրբն ՚ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ։ Հանգիստ։ Ծածկեցին զերկինս փառք նորա. օրհնութեամբ նորա լի՛ եղեւ երկիր։ 4Ճառագայթք նորա իբրեւ զլոյս եղիցին, եւ եղջեւրք ՚ի ձեռին նորա. 5եւ հաստատեաց զսէր սաստիկ զօրութեան իւրոյ։ Առաջի երեսաց նորա գնասցէ բան. եւ ելցէ ՚ի դաշտս զկնի նորա։ 6Եկաց՝ եւ շարժեցաւ երկիր, հայեցաւ՝ եւ հալեցան ազգք. լերինք խորտակեցան բռնութեամբ, եւ բլուրք յաւիտենականք հալեցան։ Զգնացս նորա յաւիտենական 7փոխանակ աշխատութեանց տեսի։ Խորանք Եթւովպացւոց զարհուրեցան. եւ խորանք երկրին Մադիամու։ 8Միթէ գետոց բարկասցի՛ս Տէր. կամ սրտմտութիւն քո ՚ի վերայ գետոց, կամ ասպատակ քո ՚ի վերայ ծովու. զի ելցե՛ս յերիվարս քո, եւ հեծելութիւն քո փրկութիւն է։ 9Լարելո՛վ լարեսցես զաղեղն քո ՚ի վերայ իշխանութեան ասէ Տէր. գետո՛ց պատառեցաւ երկիր. 10տեսցեն զքեզ ազգք՝ եւ երկնեսցեն. որ ցանես զջուրս գնացից։ Ետո՛ւն անդունդք զձայնս իւրեանց, զբարձրութիւն սաստկութեան իւրեանց։ 11Բարձաւ արեգակն, եւ լուսին եկաց ՚ի կարգի իւրում. գնասցեն նետք քո ՚ի լոյս, ՚ի փայլի՛ւն փայլատականց զինուց քոց։ 12Սպառնալեօք նուազեցուցեր զերկիր. եւ բարկութեամբ զիջուսցես զազգս։ 13Ելեր ՚ի փրկութիւն ժողովրդեան քոյ՝ փրկե՛լ զօծեալս քոյ. արկեր զգլխով անօրինաց մահ. զարթուցեր զկապանս մինչեւ ցպարանոցս ՚ի սպառ։ Հանգիստ։ 14Խորտակեցեր ապշութեամբ զգլո՛ւխս բռնաւորաց. սասանեսցին ՚ի նմա. արձակեսցեն զերասանակս իւրեանց իբրեւ զտնանկ գաղտակեր։ 15Հաներ ՚ի ծով զերիվարս քո, պղտորել զջուրս բազումս։ 16Զգուշացայ եւ զարհուրեցա՛ւ սիրտ իմ ՚ի ձայնէ աղօթից շրթանց իմոց. եմուտ դողումն յոսկերս իմ. եւ խռովեցաւ փո՛ր իմ ՚ի ներքուստ. հանգեա՛յց յաւուր նեղութեան, ելանե՛լ ինձ ՚ի ժողովուրդ պանդխտութեան իմոյ։ 17Զի թզենի ո՛չ տացէ զպտուղ իւր, եւ մի՛ եղիցի ծնունդ որթոյ. ստեսցէ՛ բեր ձիթենւոյ, եւ դաշտք մի՛ արասցեն զկերակուր. պակասեսցեն հօտք ՚ի ճարակոյ, եւ ո՛չ իցեն եզինք ՚ի մսուրս։ 18Այլ ես ՚ի Տէր ցնծացայց, եւ ուրա՛խ եղէց յԱստուած Փրկիչ իմ։ 19Տէր Աստուած զօրութիւն իմ, եւ կարգեսցէ զոտս իմ ՚ի վախճան. եւ հանցէ զիս ՚ի բարձունս յաղթել երգով նորա։