Ավետարան ըստ Հովհաննէսի
4
1Իբրեւ գիտաց Յիսուս՝ եթէ լուան փարիսեցիքն՝ եթէ Յիսուս բազում աշակերտս առնէ, եւ մկրտէ քան զՅովհաննէս. 2քանզի ո՛չ եթէ Յիսուս ինքնին մկրտէր, այլ աշակե՛րտքն նորա. 3եթող զՀրէաստան երկիր. եւ եկն միւսանգամ ՚ի Գալիլեա։ 4Եւ էր նմա անցանե՛լ ընդ Սամարիա։
5Գա՛յ նա ՚ի քաղաք մի Սամարացւոց՝ որում անուն էր Սեքար. մե՛րձ ՚ի գեղն զոր ետ Յակովբ որդւո՛յ իւրում Յովսեփայ. 6եւ ա՛նդ էր աղբեւր մի Յակովբայ։ Եւ Յիսուս վաստակեալ ՚ի ճանապարհէն, նստէ՛ր ՚ի վերայ աղբերն, եւ էր ժա՛մ իբրեւ վեցերո՛րդ։ 7Գա՛յ կին մի ՚ի Սամարեայ հանել ջուր. ասէ ցնա Յիսուս. Տո՛ւր ինձ ըմպել։ 8Զի աշակերտքն նորա երթեալ էին ՚ի քաղաք անդր՝ զի կերակուրս գնեսցեն։ 9Ասէ ցնա կինն Սամարացի. Դու՝ որ Հրէա՛յդ ես, զիա՞րդ յինէն ըմպե՛լ խնդրես ՚ի կնոջէ Սամարացւոյ։ Զի ո՛չ երբէք խառնակին Հրէայք ընդ Սամարացիս։ 10Պատասխանի՛ ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Եթէ գիտէի՛ր դու զպարգեւսն Աստուծոյ, եւ ո՞վ է՝ որ ասէդ ցքեզ՝ թէ տուր ինձ ըմպել, դո՛ւ արդեւք խնդրէիր ՚ի նմանէ, եւ տա՛յր քեզ ջուր կենդանի։ 11Ասէ ցնա կինն. Տէր՝ դու քանզի եւ դոյլ իսկ ո՛չ ունիս, եւ ջրհորս խոր է. իսկ արդ՝ ուստի՞ ունիցիս զջուրն կենդանի։ 12Միթէ դու մեծ ինչ ո՞ք իցես քան զհայրն մեր Յակովբ՝ որ զայս ջրհոր ետ մեզ, եւ ինքն աստի արբ՝ եւ որդիք նորա, եւ խաշինք նորա։ 13Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Ամենայն որ ըմպէ՛ ՚ի ջրոյ յայդմանէ, միւսանգամ ծարաւէ՛. բայց որ ըմպէ ՚ի ջրոյն զոր ես տաց նմա, մի՛ ծարաւեսցէ յաւիտեան։ 14Այլ ջուրն զոր ես տաց նմա, եղիցի նմա աղբեւր ջրոյ բղխելոյ ՚ի կեանսն յաւիտենականս։ 15Ասէ ցնա կինն. Տէր՝ տո՛ւր ինձ զջուրն զայն, զի մի՛ ծարաւեցից՝ եւ մի՛ եկից այսր հանել ջուր։ 16Ասէ ցնա Յիսուս. Ե՛րթ կոչեա զայր քո՝ եւ ե՛կ այսր։ 17Պատասխանի ետ նմա կինն՝ եւ ասէ. Չի՛ք իմ այր։ Ասէ ցնա Յիսուս. Բարւո՛ք ասացեր՝ թէ չի՛ք իմ այր. 18զի հի՛նգ այր փոխեալ է քո, եւ զոր այժմ ունիս՝ չէ՛ քո այր. զայդ արդա՛ր ասացեր։ 19Ասէ ցնա կինն. Տէր՝ թուի ինձ թէ մարգարէ՛ իցես դու։ 20Հարքն մեր ՚ի լերի՛նս յայսմիկ երկիր պագին. եւ դուք ասէք՝ թէ յԵրուսաղէմ եւեթ՝ է՛ տեղի ուր արժան իցէ երկիր պագանել։ 21Ասէ ցնա Յիսուս. Կի՛ն դու՝ հաւատա՛ ինձ, զի եկեսցէ ժամանակ՝ յորժամ ո՛չ ՚ի լերինս յայսմիկ, եւ ո՛չ յԵրուսաղէմ երկիր պագանիցեն Հօր։ 22Դուք երկիր պագանէք՝ որում ո՛չն գիտէք, մեք երկիր պագանեմք որում գիտե՛մքն. զի փրկութիւն ՚ի Հրէի՛ց է։ 23Այլ եկեսցէ ժամանակ, եւ ա՛յժմ իսկ է. յորժամ ճշմարիտքն երկրպագուք՝ երկի՛ր պագանիցեն Հօր՝ հոգւո՛վ եւ ճշմարտութեամբ. քանզի եւ Հայր՝ այնպիսի՛ երկրպագուս իւր խնդրէ։ 24Հոգի՛ է Աստուած, եւ երկրպագուա՛ցն նորա հոգւո՛վ եւ ճշմարտութեամբ պա՛րտ է երկի՛ր պագանել։ 25Ասէ ցնա կինն. Գիտեմ զի Մեսսիա գա՛յ՝ անուանեալն Քրիստոս. յորժամ եկեսցէ, նա՛ պատմեսցէ մեզ զամենայն։ 26Ասէ ցնա Յիսուս. Ե՛ս եմ, որ խօսիմս ընդ քեզ։ 27Եւ յա՛յն բան եկին աշակերտքն նորա, եւ զարմանայի՛ն զի ընդ կնոջն խօսէր. բայց ո՛չ ոք ասաց ՚ի նոցանէ թէ զի՛նչ խնդրես, կամ զի՛նչ խօսիս ընդ դմա։ 28Եթո՛ղ կինն զսափորն իւր՝ եւ չոգաւ ՚ի քաղաքն, եւ ասէ ցմարդիկն. 29Եկայք տեսէ՛ք զայր մի որ ասա՛ց ինձ զամենայն՝ որ ինչ ի՛մ գործեալ է. մի՞թէ՝ նա՛ իցէ Քրիստոսն։ 30Ելի՛ն ՚ի քաղաքէն՝ եւ գայի՛ն առ նա։ 31Եւ մինչչեւ՛ եկեալ էին նոքա, աղաչէի՛ն զնա աշակերտքն եւ ասէին. Ռա՛բբի՝ հա՛ց կեր։ 32Նա՝ ասէ ցնոսա. Ես՝ կերակո՛ւր ունիմ ուտել, զոր դուքն ո՛չ գիտէք։ 33Ասէին աշակերտքն ընդ միմեանս. Մի՞թէ՝ եբե՛ր ինչ ոք դմա ուտել։ 34Ասէ ցնոսա Յիսուս. Իմ կերակուր ա՛յն է զի արարի՛ց զկամս այնորիկ որ առաքեացն զիս, եւ կատարեցի՛ց զգործն նորա։ 35Ո՞չ դուք ասէք՝ եթէ ա՛յլ եւս չո՛րք ամիսք են՝ եւ հո՛ւնձք գան. ահաւասիկ ես՝ ասե՛մ ձեզ. Ամբարձէք զա՛չս ձեր, եւ տեսէ՛ք զարտորայն, զի սպիտակացեա՛լ են՝ եւ ՚ի հո՛ւնձս հասեալ։ 36Եւ որ հնձէն՝ վա՛րձս առնու, եւ ժողովէ զպտուղ ՚ի կեանսն յաւիտենականս. զի որ սերմանէն՝ եւ որ հնձէ, հասարակա՛ց ցնծասցեն։ 37Յա՛յսմ իսկ է բանն ճշմարիտ. զի ա՛յլ է որ սերմանէ, եւ ա՛յլ է որ հնձէ։ 38Ես առաքեցի զձեզ հնձել՝ զոր ո՛չ դուք սերմանեցէք. այլք վաստակեցին, եւ դուք ՚ի վաստա՛կս նոցա մտէք։ 39Եւ ՚ի քաղաքէն յայնմանէ Սամարացւոց՝ բազո՛ւմք հաւատացին ՚ի նա, վասն բանի կնոջն վկայելոյ՝ եթէ ասա՛ց ինձ զամենայն, որ ինչ իմ գործեալ էր։ 40Իսկ իբրեւ եկի՛ն առ նա Սամարացիքն, աղաչէին զնա լինե՛լ առ նոսա. եւ եղեւ անդ աւո՛ւրս երկուս։ 41Եւ եւս բազումք հաւատացին ՚ի նա վասն բանի՛ն նորա։ 42Եւ ասէին ցկինն թէ ոչ այսուհետեւ վասն քո խօսիցդ հաւատամք. զի մեզէ՛ն իսկ լուաք ՚ի դմանէ. եւ գիտեմք եթէ դա՛ է ճշմարտիւ Փրկիչ աշխարհաց։ 43Եւ յետ երկուց աւուրց ե՛լ անտի եւ գնա՛ց ՚ի Գալիլեա։ 44Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց, եթէ մարգարէ յիւրում գաւառի պատիւ ո՛չ ունի։ 45Այլ յորժամ եկն նա ՚ի Գալիլեա, ընկալա՛ն զնա Գալիլեացիքն. զի տեսեալ եւս էր զամենայն նշանսն զոր արար յԵրուսաղէմ ՚ի տօնին. քանզի եւ նոքա՛ եկեալ էին ՚ի տօնն։ 46Ե՛կն դարձեալ ՚ի Կանա Գալիլեացւոց՝ ուր արար զջուրն գինի. եւ ա՛նդ էր։ Թագաւորա՛զն մի, որոյ որդի նորա հիւա՛նդ կայր ՚ի Կափառնաում։ 47Նա՝ իբրեւ լուաւ, եթէ Յիսուս եկեալ է ՚ի Հրէաստանէ ՚ի Գալիլեա, ե՛կն առ նա, եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ՛ զորդի նորա. քանզի մե՛րձ էր ՚ի մեռանել։ 48Ասէ ցնա Յիսուս. Եթէ ոչ նշանս ինչ եւ արուեստս տեսանէք, ո՛չ հաւատայք։ 49Ասէ ցնա թագաւորազն. Տէր՝ է՛ջ մինչչեւ՛ մեռեալ իցէ մանուկն իմ։ 50Ասէ ցնա Յիսուս. Ե՛րթ, որդին քո կենդանի՛ է։ Եւ հաւատա՛ց այրն բանին զոր ասաց նմա Յիսուս, եւ գնա՛ց։ 51Եւ մինչդեռ իջանէր, ընդ առա՛ջ եղեն նմա ծառայքն նորա. աւետի՛ս ետուն՝ եւ ասեն, թէ մանուկն նորա կենդանի՛ է։ 52Հարցանէ՛ր ցնոսա վասն ժամուն՝ յորում ապաքինեաց. եւ ասեն ցնա. Երէ՛կ յեւթներո՛րդ ժամու եթող զնա ջերմն։ 53Գիտա՛ց հայրն նորա՝ թէ յայնմ ժամու՝ յորում ասացն ցնա Յիսուս՝ թէ որդին քո կենդանի է. եւ հաւատա՛ց ինքն եւ ամենայն տուն իւր։ 54Զայս դարձեալ՝ երկրո՛րդ նշա՛ն արար Յիսուս՝ եկեալ ՚ի Հրէաստանէ ՚ի Գալիլեա։