Ղևտացիների գիրք
11
1Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի՝ եւ ասէ. 2Խօսեցարո՛ւք ընդ որդիսդ Իսրայէլի՝ եւ ասացէ՛ք. Ա՛յս անասունք են զոր ուտիցէք յամենայն անասնոց որ են ՚ի վերայ երկրի։ 3Զամենայն անասուն թաթահերձ եւ կճղակաւոր, որոյ յերկուս բաժանեալ իցեն թաթքն՝ եւ որոճիցէ, յանասնոց՝ զա՛յն կերիջիք։ 4Բայց յայնցանէ մի՛ ուտիցէք, որք որոճիցեն եւ կճղակահերձ ո՛չ իցեն։ Ո՛ւղտ զի որոճայ՝ եւ թաթն ո՛չ բաժանի, պի՛ղծ իցէ նա ձեզ։ 5Եւ նապաստակ զի որոճայ՝ եւ թաթն ո՛չ բաժանի՝ պի՛ղծ իցէ նա ձեզ։ 6Եւ ճագար զի որոճայ՝ եւ թաթն ո՛չ բաժանի՝ պի՛ղծ իցէ նա ձեզ։ 7Եւ խոզ՝ զի թաթահերձ է՝ եւ կճղակս ունի՝ եւ որոճայ ո՛չ, պի՛ղծ իցէ նա ձեզ։ 8՚Ի մսոյ նոցա մի՛ ուտիցէք, եւ ՚ի գէշ նոցա մի՛ մերձենայցէք. քանզի պի՛ղծ իցէ ձեզ այն։
9Եւ ա՛յս է զոր ուտիցէք՝ յամենայնէ որ ՚ի ջուրս իցեն։ Ամենայնի որոյ իցեն թեւք եւ թեփ՝ ՚ի ջուրս եւ ՚ի ծովս եւ ՚ի վտակս, զա՛յնս ուտիցէք։ 10Եւ ամենայնի որոյ ո՛չ իցեն թեւք եւ թեփ՝ ՚ի ջուրս եւ ՚ի ծովս եւ ՚ի վտակս, մի՛ ուտիցէք, յամենայնէ զոր ջուրքն բղխիցեն, եւ յամենայն շնչոյ կենդանւոյ որ ՚ի ջուրս. քանզի պի՛ղծ է այն, պի՛ղծ լինիցի ձեզ. 11՚ի մսոց նոցա մի՛ ուտիցէք, եւ ՚ի մեռելոց նոցա գարշեսջի՛ք։ 12Զի ամենայնի որոց ո՛չ իցեն թեւք եւ թեփ՝ որ ՚ի ջո՛ւրս իցեն, պի՛ղծ իցէ ձեզ այն։
13Եւ ա՛յս իցեն ՚ի թռչնոց՝ յորոց գարշիջիք, եւ ո՛չ ուտիցի՝ այլ պի՛ղծ իցէ ձեզ։ Արծուի, եւ պասկուճ, եւ գետարծուի, 14եւ անգղ, եւ ցին, եւ որ ինչ նմա՛ն իցէ նոցա, 15եւ ագռաւ, եւ որ ինչ նմա՛ն իցէ նմա, 16եւ ջայլեամն, եւ բու, եւ որոր, եւ որ ինչ նմա՛ն իցէ նոցա, 17եւ բազէ, եւ որ ինչ նմա՛ն իցէ նմա. եւ հաւապատիր, եւ հողամաղ, 18եւ քաջահաւ, եւ սոխակ, եւ հաւալուսն, եւ կարափ, 19եւ արագիլ, եւ քարարդ, եւ որ ինչ նմա՛ն իցէ նոցա. եւ յոպոպ, եւ չիղջ։
20Եւ ամենայն զեռուն թռչուն՝ որ գնայցէ ՚ի չորս, պի՛ղծ լիցի ձեզ։ 21Այլ զա՛յն ուտիցէք ՚ի զեռնոց թռչնոց որ գնայցեն ՚ի չորս. որոյ իցեն կարթք ՚ի վերոյ քան զոտսն. ոստոստել նոքօք յերկրէ։ 22Եւ ա՛յս իցեն զոր ուտիցէք ՚ի նոցանէ զջորեակդ, եւ որ ինչ նմա՛ն է նմա. եւ զխարագուլ, եւ որ ինչ նմա՛ն է նմա. եւ զմարախ, եւ որ ինչ նմա՛ն է նմա. եւ զօձամարտ, եւ որ ինչ նմա՛ն իցէ նմա։
23Ամենայն զեռուն թռչնոց, որ իցեն չո՛րք ոտք, պի՛ղծ իցէ ձեզ, մի՛ նոքօք պղծիցիք. 24ամենայն որ մերձենայցէ ՚ի մեռեալ նոցա՝ պի՛ղծ լինիցի մինչեւ ցերեկոյ։ 25Եւ ամենայն որ բառնայցէ զմեռեալ նոցա՝ լուասցէ՛ զձորձս իւր, եւ պի՛ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 26Յամենայն անասնոց որ կճղակահե՛րձ իցէ եւ մագի՛լս սփռիցէ, եւ որոճիցէ ոչ՝ պի՛ղծ լիցի ձեզ այն ամենայն. եւ որ մերձեսցի ՚ի մեռեալ նոցա՝ պի՛ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 27Եւ ամենայն որ գնայցէ ՚ի ձեռս իւր, յամենայն գազանաց որ գնայցէ ՚ի չորս, պի՛ղծ լիցի ձեզ այն. ամենայն որ մերձեսցի ՚ի մեռեալ նոցա՝ պի՛ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 28Եւ որ բառնայցէ ՚ի մեռելոյ նոցա, լուասցէ՛ զձորձս իւր, եւ պի՛ղծ լիցի մինչեւ ցերեկոյ. զի այն ամենայն պի՛ղծ իցէ ձեզ։ 29Եւ ա՛յս իցէ ձեզ պիղծ յամենայն սողնոց՝ որ սողին ՚ի վերայ երկրի. աքիս, եւ մուկն, եւ տիտեռն, յոստին, 30եւ մկնաքիս, եւ գետնառեւծ, եւ կովադիաց, եւ մողէզ, եւ խլուրդ։ 31Ա՛յս ամենայն պի՛ղծ իցէ ձեզ յամենայն սողնոց որ սողին ՚ի վերայ երկրի. ամենայն որ մերձեսցի ՚ի մեռեալ նոցա՝ պի՛ղծ լիցի ձեզ մինչեւ ցերեկոյ։ 32Եւ յամենայնի յորոյ վերայ անկանիցի ՚ի մեռելոյ նոցա՝ պի՛ղծ լիցի։ Յամենայն փայտեղէն անօթոյ, կամ ՚ի հանդերձէ, կամ ՚ի մաշկէ, կամ ՚ի քրձէ. ամենայն անօթ յորում գործ ինչ գործիցի ՚ի նմա, ՚ի ջո՛ւր թացցի՝ եւ պի՛ղծ լիցի մինչեւ ցերեկոյ, եւ ապա սո՛ւրբ լիցի։ 33Եւ ամենայն անօթ խեցեղէն, յոր անկանիցի ինչ ՚ի նոցանէն. եւ որ ինչ ՚ի ներքս կայցէ, պի՛ղծ լիցի, եւ զայն բեկանիջի՛ք։
34Եւ ամենայն կերակուր որ ուտիցի, եւ անկանի ՚ի վերայ նորա ՚ի ջրոյ անտի՝ պի՛ղծ լիցի. եւ ամենայն ըմպելի որ ըմպիցի յամենայն ամանի՝ պի՛ղծ լիցի։ 35Եւ յամենայն յոր ինչ անկանիցի ՚ի մեռելոյ նոցա՝ պի՛ղծ լիցի։ Եւ թոնիրք եւ կասկարայք՝ քակեսցին. քանզի պղծեալ են, եւ պի՛ղծք իցեն ձեզ։
36Բա՛ց յաղբերաց ջրոց, եւ ՚ի ջրհորոց, եւ ՚ի ջրակուտաց. որ սո՛ւրբ լինիցին ձեզ։ Եւ ամենայն որ մերձենայցէ ՚ի պղծութիւնս շնչոյ մեռելոյ նոցա, պիղծ լիցի։ 37Իսկ եթէ անկանիցի ինչ ՚ի մեռելոյ նոցա ՚ի վերայ ամենայն սերման սերմանելոյ, որ սերմանիցի. սո՛ւրբ լիցի։ 38Ապա թէ հեղուցու ջուր ՚ի վերայ ամենայն սերման, եւ անկանիցի ինչ անդր ՚ի մեռելոց նոցա, անսո՛ւրբ լիցի ձեզ։
39Եւ եթէ մեռանիցի ի՛նչ յանասնոց որ ձեզ ուտելի են, որ մերձենայցէ ՚ի մեռեալ նոցա՝ պի՛ղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 40Եւ որ բառնայցէ ՚ի մեռելոյ նոցա՝ լուասցէ՛ զձորձս իւր, եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 41Եւ ամենայն սողուն որ սողի ՚ի վերայ երկրի, պի՛ղծ լիցի ձեզ, եւ մի՛ կերիցի։ Ամենայն որ սողի ՚ի վերայ որովայնի իւրոյ. 42եւ ամենայն որ գնայցէ ՚ի չորս, մինչեւ ցամենայն բազմոտանիս, յամենայն զեռնոց՝ որ զեռայցեն ՚ի վերայ երկրի, մի՛ ուտիցէք. զի պի՛ղծ է այն ձեզ։ 43Եւ մի՛ գարշեցուցանիցէք զանձինս ձեր ամենայն սողնովք, որ սողիցի՛ն ՚ի վերայ երկրի. եւ մի՛ պղծիցիք նոքօք, եւ մի՛ լինիցիք անսուրբ նոքօք։
44Ե՛ս եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիջի՛ք՝ եւ սո՛ւրբք լինիջիք. զի Սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք՝ որ շարժիցին ՚ի վերայ երկրի։ 45Զի ե՛ս եմ Տէր Աստուած, որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած, եւ եղիջիք սո՛ւրբք՝ զի ես սուրբ եմ։ 46Ա՛յս օրէն լինիցի վասն անասնոց՝ եւ թռչնոց եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ՚ի ջուրս, եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ՚ի վերայ երկրի։ 47Որոշել ՚ի մէջ սրբոյն եւ ՚ի մէջ անսրբոյն. եւ խելամո՛ւտ առնել զորդիսդ Իսրայէլի ՚ի մէջ ուտելեացն կենդանածնաց. եւ ՚ի մէջ չուտելեացն անասնոց։