Սողոմոնի Առակների գիրք
23
1Յորժամ նստիցիս յընթրիս ուտե՛լ ՚ի սեղան հզօրաց. իմանալո՛վ իմասջի՛ր որ ինչ առաջի դնիցի, եւ ապա՛ մխեսջի՛ր զձեռն քո։ 2Գիտասջի՛ր թէ այնպիսի ինչ եւ քեզ պա՛րտ է պատրաստել։ Ապա թէ ագահագոյն իցես, 3մի՛ ցանկանայցես խորտկաց նորա. զի այն իսկ կցեալ երթայ զկենացն ստութենէ։ 4Մի՛ ձգտիր՝ եթէ տնանկ իցես՝ ընդ մեծատան, այլ քո իմաստութեամբդ մերժեա՛ ՚ի նմանէ։ 5Եթէ հաստատեսցես զերեսս քո ՚ի վերայ նորա, ո՛չ ուրեք երեւի զի հանդերձեալ է նորա ի՛ւր թեւս որպէս զարծուոյ. եւ դառնայ ՚ի տուն նահապետի իւրոյ։ 6Մի՛ ուտեր հաց ընդ առն չարական. եւ մի՛ ցանկանար կերակրոյ նորա. 7զոր օրինակ թէ մազ ոք կլանէ՝ ա՛յնպէս ուտէ եւ ըմպէ։ 8Մի՛ մուծանիցես զնա առ քեզ, եւ մի՛ ուտիցես զհաց քո ընդ նմա, զի նողկտացուցանէ զնա. եւ ապականէ զբանս քո բարիս։ 9Յակա՛նջս անզգամի ամենեւին մի՛ խօսիր. զի մի՛ անգոսնեսցէ զիմաստուն բանս քո։ 10Մի՛ փոխեր զսահմանս յաւիտենականս. եւ ՚ի ստացուածս որբոց մի՛ մտանիցես. 11զի որ փրկէն զնոսա Տէր հզօր է. եւ դատի զդատաստանս նոցա ընդ քեզ։ 12Տո՛ւր ՚ի խրատ զսիրտ քո. եւ զլսելիս քո պատրաստեա՛ բանից իմաստութեան։ 13Մի՛ խնայեար խրատել զտղայ զի թէ հարկանես զնա գաւազանաւ՝ ո՛չ մեռանի. 14դու հարկանես զնա գաւազանաւ, բայց զանձն նորա փրկես ՚ի մահուանէ։ 15Որդեակ՝ եթէ իմաստուն լինիցի սիրտ քո, ուրա՛խ արասցես եւ զի՛մ սիրտս։ 16Եւ եթէ ընդելուզցես զշրթունս քո ընդ շրթունս իմ, միայն թէ ուղի՛ղ իցես։ 17Մի՛ նախանձիցի սիրտ քո ընդ մեղաւորս. այլ յերկեւղ Տեառն կանխեսջի՛ր զօրհանապազ. 18զի եթէ պահեսցես զնա, եղիցի զաւա՛կ քեզ. եւ յոյս քո մի՛ մերժեսցի։ 19Լո՛ւր որդեակ՝ եւ լե՛ր իմաստուն. եւ ուղղեա զխորհուրդս սրտի քոյ։ 20Մի՛ լինիր արբեցօղ. եւ մի՛ նախանձիր ընդ հանգանակօղս մսո՛յ վաճառաց։ 21Զի ամենայն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի՛. եւ զգեցցի պատառատունս ամենայն քնէած։ 22Լո՛ւր որդեակ հօրն որ ծնաւ զքեզ. եւ մի՛ արհամարհեր զծերութիւն մօր քոյ։ 23Զճշմարտութիւն ստացի՛ր. եւ մի՛ թողուր զիմաստութիւն՝ եւ զխրատ՝ եւ զհանճար։ 24Բարւո՛ք սնուցանէ հայր արդար. եւ ՚ի վերայ որդւոյ իմաստնոյ ուրա՛խ լինի սիրտ նորա։ 25Ուրա՛խ լիցին հայր եւ մայր քո ՚ի քեզ. եւ խնդասցէ որ ծնաւն զքեզ։ 26Տո՛ւր ցիս որդեակ զսիրտ քո. եւ աչք քո ճանապարհա՛ց իմոց սպասեսցեն։ 27Կարաս՝ ծա՛կ է տուն օտար. եւ ջրհոր նե՛ղ օտարոտին։ 28Զի այնպիսին վաղվաղակի՛ սատակեսցի. եւ ամենայն անօրէն սպառեսցի։ 29Ո՞ւմ է վայ. ո՞ւմ խռովութիւնք, ո՞ւմ են դատաստանք. ո՞ւմ դժընդակութիւնք եւ վարանք. ո՞ւմ են ջաղջախանք տարապարտուց. ո՞յր են կապուտակ ականողիք։ 30Ոչ ապաքէն ա՛յնոցիկ՝ որ յամենն ՚ի գինւոջ, եւ դիտեն ուր գիներբուք լինիցին։ 31Մի՛ արբենայք գինեաւ. այլ խօսեցարո՛ւք ընդ մարդս արդարս, եւ խօսեցարուք ընդ միմեանս ՚ի հրապարակս։ Ապա թէ ՚ի տաշտս եւ ՚ի բաժակս արձակիցես զաչս քո, յետոյ շրջիցիս մերկագո՛յն եւս քան զսանդատոռն։ 32Եւ ՚ի վախճանի իբրեւ զօձահար տարածիցիս, եւ իբրեւ իժի թոյնք սփռեսցին։ 33Աչք քո իբրեւ տեսանիցէ զկին օտար, բերան քո յա՛յնժամ խօսիցի զթեւրս. 34եւ անկեալ դնիցիս ՚ի սիրտ ծովու՝ եւ իբրեւ զնաւավար ՚ի մէջ բազում մրրկի։ 35Եւ ասիցես՝ թէ հարկանէին զիս՝ եւ ինձ ո՛չ ցաւէր. այպն առնէին զիս՝ եւ ո՛չ գիտէի. ե՞րբ լիցի առաւօտ՝ զի ելեալ խնդրեցի՛ց ընդ որում շրջիցիմ։