Սողոմոնի Առակների գիրք
3
1Որդեակ՝ զօրէնս իմ մի՛ մոռանար. եւ զբանս իմ պահեսցես ՚ի սրտի քում։ 2Զի ընդերկարութիւն կենաց, եւ ամք կենդանութեան եւ խաղաղութեան յաւելցին քեզ։ 3Ողորմութիւն եւ հաւատք ՚ի քէն մի՛ պակասեսցեն։ Արկ զնոսա ընդ պարանոց քո, եւ գրեա՛ զնոսա յընդարձակութիւն սրտի քո. 4եւ գտցես շնորհս։ Եւ խորհեա՛ց զբարիս առաջի Տեառն եւ մարդկան։ 5Լե՛ր յուսացեալ ՚ի Տէր յամենայն սրտէ քումմէ. եւ յիմաստութիւն քո մի՛ հպարտանար։ 6Յամենայն ճանապարհս քո ծանի՛ր զնա զի ուղի՛ղ արասցէ զճանապարհս քո. եւ ոտն քո մի՛ գայթագղեսցի։ 7Մի՛ լինիր իմաստուն յաչս անձին քոյ՝ այլ երկի՛ր ՚ի Տեառնէ, եւ խոտորեա՛ յամենայն չարութենէ։ 8Ապա բժշկութիւն եղիցի մարմնոյ քում. եւ դարման ոսկերաց քոց։
9Պատուեա՛ զՏէր ՚ի քո՛ց արդար վաստակոց. եւ հան նմա պտուղ ՚ի քո՛ց արդարութեան արմտեաց։ 10Զի լցցին շտեմարանք քո լիութեամբ ցորենոյ. եւ գինեաւ հնձանք քո առաւել եւս բղխեսցեն։ 11Որդեակ՝ մի՛ լքանիր ՚ի խրատու Տեառն, եւ մի՛ լուծանիցիս յանդիմանեալ ՚ի նմանէ։ 12Զի զոր սիրէ Տէր՝ խրատէ՛ տանջէ զամենայն որդի զոր ընդունի։
13Երանեա՛լ է այր որ եգիտ զիմաստութիւն, եւ մահկանացու՝ որ ետես զհանճար։ 14Զի լա՛ւ է զվաճառն զայն գտանել՝ քան զգանձս ոսկւոյ եւ արծաթոյ։ 15Պատուականագո՛յն է նա քան զականս պատուականս. եւ ո՛չ ինչ է չար որ հակառակ կայցէ նմա։ Յայտնի՛ է ամենեցուն որ մերձին ՚ի նա. եւ ամենայն ինչ որ պատուակա՛ն է՝ շարժէ զնա։ 16Զի երկայնաւուրք եւ ամք կենաց յաջմէ իւրմէ, եւ յահեկէ իւրմէ փառք եւ մեծութիւն։ ՚Ի բերանոյ բղխէ արդարութիւն. զօրէնս եւ զողորմութիւն ՚ի լեզուի իւրում կրէ։ 17Ճանապարհք նորա ճանապարհք բարեաց, եւ ամենայն շաւիղք նորա խաղաղութեամբ։ 18Փա՛յտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ՚ի նա, եւ որ յենուն ՚ի նա իբրեւ ՚ի Տէր հաստատութեամբ։ 19Աստուած իմաստութեամբ հիմունս արկ երկրի. պատրաստեաց զերկինս խորհրդով. 20հանճարով իւրով զանդունդս պատառեաց. եւ ամպք հոսեցին զանձրեւ։
21Որդեակ՝ պահեա՛ զխորհուրդս իմ, եւ զիմաստութիւն, 22զի կեցցէ անձն քո, եւ շնորհք իցեն ՚ի վերայ պարանոցի քոյ. եղիցի՛ բժշկութիւն մարմնոյ քում, եւ դարմա՛ն ոսկերաց քոց։ 23Զի գնասցես յուսով խաղաղութեան յամենայն ճանապարհս քո. եւ ոտն քո մի՛ գայթագղեսցի։ 24Զի եթէ նստիցես՝ աներկեւղ իցես. եւ եթէ ննջեսցես՝ քա՛ղցր քունեսցես։ 25Ո՛չ երկիցես ՚ի զարհուրանաց ՚ի վերայ հասելոց եւ յարշաւանաց ամպարշտաց ՚ի վերայ եկելոց։ 26Զի Տէր եղիցի ՚ի վերայ ամենայն ճանապարհաց քոց. եւ հաստատեսցէ զոտն քո զի մի՛ գայթագղեսցի։
27Մի՛ յապաղեր բարի առնել կարօտելոյ, յորժամ ձեռնհա՛ս իցես օգնել նմա։ 28Մի՛ ասիցես թէ ե՛րթ եւ եկեսջիր, եւ վաղի՛ւ տաց. զի կարօղ եւս իցես բարի առնել. զի ո՛չ գիտես զինչ վաղիւն ծնանիցի քեզ։ 29Մի՛ նիւթեր բարեկամի քում չարիս՝ որ յեցեալ եւ յուսացեալ իցէ ՚ի քեզ։ 30Մի՛ թշնամանասէր լինիր մարդոյ ՚ի տարապարտուց. զի մի՛ չա՛ր ինչ գործեսցէ քեզ։ Մի՛ ստանար նախատինս յարանց չարաց. 31եւ մի՛ նախանձիր ընդ ճանապարհս նոցա։ 32Զի պի՛ղծ է առաջի Տեառն ամենայն անօրէն, եւ ընդ արդարս ո՛չ հաղորդի։ 33Անէծք Տեառն ՚ի տունս ամպարշտաց. յարկք արդարոց օրհնին։ 34Տէր ամբարտաւանից հակառա՛կ կայ. եւ տայ շնորհս խոնարհաց։ 35Զփառս իմաստունք ժառանգեսցեն. իսկ անմիտք բարձրացուցին զանարգանս։
Գրաբար, 1805 · HYGRB1805