Բ Հովհաննէս
1
ԷԱ.
1Յերիցուէ առ ընտրեալդ Կիւրիա եւ առ որդեակս իւր, զոր եսդ սիրեմ ճշմարտութեամբ, եւ ոչ եթէ ես միայն, այլ եւ ամենեքեան ոյք գիտակ են ճշմարտութեանն. 2վասն որոյ ճշմարտութեանն որ ի մեզ հաստատեալ է, զի եւ ընդ ձեզ իցէ՝՝. եւ դուք յաւիտենից ընդ մեզ իցէք։՝՝ 3Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ։
4Ուրախ եղէ յոյժ, զի գտի յորդեկացդ քոց որ գնան ճշմարտութեամբ ըստ պատուիրանին զոր առաք ի Հօրէ։ 5Եւ այժմ աղաչեմ զքեզ, Կիւրիա, իբրեւ ոչ եթէ նոր ինչ պատուիրան գրեմ քեզ, այլ զոր ի սկզբանէն ունէաք, զի սիրեսցուք զմիմեանս։ 6Եւ այս է սէրն, զի գնասցուք ըստ պատուիրանաց նորա. եւ այս է պատուիրանն, զի որպէս լուարուքն ի սկզբանէ՝ ըստ նմին գնասջիք։ 7Զի բազում մոլորեցուցիչք ելին յաշխարհ. որ ոք ոչ խոստովանի՝՝ զՅիսուս Քրիստոս եկեալ մարմնով, նա մոլորեցուցիչ է եւ Նեռն։
ԷԲ.
8Զգոյշ լինիջիք անձանց զի մի՛ կորուսանիցէք՝ զոր վաստակեցէքն, այլ զի առնուցուք՝՝ բովանդակ զվարձսն։ 9Ամենայն որ յանցանիցէ եւ ոչ կայցէ ի վարդապետութեանն Քրիստոսի՝ զԱստուած ոչ ճանաչէ. որ կայ ի վարդապետութեանն՝ նա ե՛ւ զՈրդին ե՛ւ զՀայր ընդունի։ 10Եթէ ոք գայցէ առ ձեզ եւ զվարդապետութիւնս զայս ոչ ունիցի, մի՛ ընդունիցիք զնա ի տուն, եւ մի՛ ողջոյն տայցէք նմա։ 11Որ ասասցէ նմա Ողջոյն՝ կցորդ լիցի չարաց գործոց նորա։
12Բազում ինչ ունէի գրել առ ձեզ, այլ ոչ կամեցայ քարտիսիւ եւ դեղով. զի ակն ունիմ ինձէն իսկ գալ առ ձեզ, եւ բերան ի բերան խօսել. զի ուրախութիւնն մեր իցէ կատարեալ։ 13Ողջոյն տան քեզ որդիք քեռ քո ընտրելոյ։ Շնորհք ընդ ձեզ։՝՝