Եզեկիէլ մարգարեյի գիրք
37
Վասն Յարութեան։՝՝
1Եւ եղեւ ի վերայ իմ ձեռն Տեառն, եւ եհան զիս Հոգւովն Տեառն, եւ եդ զիս ի մէջ դաշտին, եւ այն լի էր ոսկերօք մարդկան. 2եւ շրջեցոյց զիս շուրջ զոսկերօքն, եւ ահա բազում յոյժ էին ի վերայ երեսաց դաշտին, եւ ցամաքեալք յոյժ։
3Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ, իցէ՞ թէ կենդանի լինիցին ոսկերքդ այդոքիկ։ Եւ ասեմ. Տէր Տէր, դու գիտես զայդ։ 4Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ,՝՝ մարգարեաց ի վերայ ոսկերացդ այդոցիկ եւ ասասցես ցդոսա. Ոսկերք ցամաքեալք, լուարուք զպատգամս Տեառն. 5Այսպէս ասէ Տէր Տէր ցոսկերսդ ցայդոսիկ. Ահաւասիկ ես ածից ի վերայ ձեր շունչ կենդանի. 6եւ տաց ի ձեզ ջիղս, եւ ածից ի վերայ ձեր մարմինս, եւ ձգեցից ի վերայ ձեր մորթ, եւ տաց զոգի իմ ի ձեզ, եւ լինիջիք կենդանի, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։
7Եւ մարգարէացայ որպէս եւ հրաման ետ ինձ Տէր։ Եւ եղեւ բարբառ ի մարգարէանալն իմում, եւ ահա շարժումն. եւ մերձեցաւ ոսկր առ ոսկր առ իւրաքանչիւր յօդս։ 8Եւ տեսի եւ ահա ջիղք եւ մարմինք պատէին, եւ ձգէր ի վերայ նոցա մորթ, եւ շունչ ոչ գոյր ի նոսա։ 9Եւ ասէ ցիս. Մարգարեաց, որդի մարդոյ, մարգարեաց ի վերայ շնչոյն՝՝, եւ ասասցես ցշունչն. Այսպէս ասէ Տէր Տէր. Եկ, շունչ, ի չորից հողմոց, եւ փչեա ի մեռեալս յայսոսիկ եւ կեցցեն։ 10Եւ մարգարէացայ որպէս եւ հրաման ետ ինձ Տէր. եւ եմուտ ի նոսա շունչն, եւ եղեն կենդանի. եւ կանգնեցան կացին ի վերայ ոտից իւրեանց, ժողովուրդ բազում յոյժ յոյժ։
11Եւ խօսեցաւ ընդ իս Տէր եւ ասէ. Որդի մարդոյ, ոսկերքդ այդոքիկ՝ ամենայն տունդ Իսրայելի է. եւ դոքա ասեն. Չորացան ոսկերք մեր, հատաւ յոյս մեր եւ մեռաք։ 12Վասն այդորիկ մարգարեաց եւ ասասցես ցդոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ես բացից զգերեզմանս ձեր, եւ հանից զձեզ ի գերեզմանաց ձերոց, ժողովուրդ իմ, եւ տարայց զձեզ յերկիրն Իսրայելի։ 13Եւ ծանիջիք եթէ ես եմ Տէր, ի բանալ ինձ զգերեզմանս ձեր եւ հանել զձեզ ի գերեզմանաց ձերոց, ժողովուրդ իմ։ 14Եւ տաց զոգի իմ ի ձեզ, եւ լինիջիք կենդանի. եւ եդից զձեզ յերկրին ձերում, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր. եւ խօսեցայ եւ արարի, ասէ Տէր Տէր։
15Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 16Եւ դու որդի մարդոյ, առ դու քեզ գաւազան մի, եւ գրեա ի նմա զՅուդա եւ զորդիսն Իսրայելի զմերձաւորս նորա. եւ առցես քեզ գաւազան երկրորդ, եւ գրեսցես ի նմա զՅովսէփ, զգաւազանն Եփրեմի, եւ զամենայն որդիսն Իսրայելի զյաւելեալսն ի նոսա։ 17Եւ կցեսցես զնոսա ընդ միմեանս կապեալ՝ լինել ի գաւազան մի, եւ եղիցի ի ձեռին քում։ 18Եւ եղիցի յորժամ ասասցեն ցքեզ որդիք ժողովրդեան քո. Ո՞չ պատմես մեզ զինչ է այդ ի քեզ, 19ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես առից զազգդ Յովսեփու որ է ի ձեռին Եփրեմայ, եւ զազգդ Իսրայելի զմերձաւորս դորա, եւ տաց զդոսա յազգն Յուդայ, եւ եղիցին՝՝ ի մի գաւազան. եւ եղիցին մի ի ձեռին Յուդայ։ 20Եւ եղիցին գաւազանքդ յորս դու գրեցեր՝ ի ձեռին քում առաջի նոցա։ 21Եւ ասացես ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ես առնում զտունդ Իսրայելի ի միջոյ ազգացդ յորս մտին ի նոսա, եւ ժողովեցից զդոսա յամենայն ազգաց որ շուրջ զդոքօք են, եւ տարայց զդոսա յերկիրն Իսրայելի. 22եւ տաց՝՝ զդոսա յազգ մի յերկրին իմում ի լերինսն Իսրայելի, եւ մի իշխան եղիցի ի վերայ ամենեցուն դոցա ի թագաւոր. եւ ոչ եւս եղիցին յերկուս ազգս, եւ ոչ եւս բաժանեսցին յերկուս թագաւորութիւնս։ 23Զի մի՛ եւս պղծեսցին ի կուռս իւրեանց եւ ի գարշելիս իւրեանց եւ յամենայն ամպարշտութիւնս իւրեանց. եւ փրկեցից զդոսա յամենայն անօրէնութեանց դոցա զոր՝՝ մեղան ի նոսա, եւ սրբեցից զդոսա, եւ եղիցին ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց դոցա յԱստուած։ 24Եւ ծառայ իմ Դաւիթ՝ իշխան ի մէջ՝՝ դոցա, եւ մի հովիւ եղիցի ամենեցուն դոցա. զի ըստ հրամանաց իմոց գնասցեն, եւ զիրաւունս իմ պահեսցեն եւ արասցեն զնոսա։ 25Եւ բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ես ծառային իմում Յակոբայ ուր բնակեցին հարք իւրեանց. եւ բնակեսցեն դոքա ի նմա, եւ որդիք դոցա եւ որդիք որդւոց դոցա մինչեւ յաւիտեան. եւ Դաւիթ ծառայ իմ եղիցի իշխան դոցա յաւիտեան։ 26Եւ եդից դոցա ուխտ խաղաղութեան, ուխտ յաւիտենական եղիցի ընդ դոսա. եւ տաց դոցա՝՝ եւ բազմացուցից զդոսա, եւ եդից զսրբութիւնս իմ ի մէջ դոցա յաւիտեան։ 27Եւ եղիցի բնակութիւն իմ ի դոսա, եւ եղէց դոցա յԱստուած, եւ դոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։ 28Եւ ծանիցեն ազգք թէ ես եմ Տէր որ սրբեցի զդոսա՝՝, ի լինել սրբութեանց իմոց ի միջի դոցա յաւիտեան։