Սողոմոնի Առակների գիրք
23
1Յորժամ նստիցիս յընթրիս ուտել ի սեղան հզօրաց՝՝, իմանալով իմասջիր որ ինչ առաջի դնիցի, եւ ապա մխեսջիր զձեռն քո։ 2Գիտասջիր թէ այնպիսի ինչ եւ քեզ պարտ է պատրաստել։ 3Ապա թէ ագահագոյն իցես, մի՛ ցանկանայցես խորտկաց նորա. զի այն իսկ կցեալ երթայ զկենացն ստութենէ։
4Մի՛ ձգտիր՝ եթէ տնանկիցես՝ ընդ մեծատան, այլ քո իմաստութեամբդ մերժեաց ի նմանէ։ 5Եթէ հաստատեսցես զակն քո ի վերայ նորա, ոչ ուրեք երեւի, զի հանդերձեալ է նորա իւր թեւս որպէս զարծուոյ, եւ դառնայ ի տուն նահապետի իւրոյ։՝՝ 6Մի՛ ուտեր հաց ընդ առն չարական, եւ մի՛ ցանկանար կերակրոյ նորա. 7զոր օրինակ թէ մազ ոք կլանէ՝ այնպէս ուտէ եւ ըմպէ։ 8Մի՛ մուծանիցես զնա առ քեզ, եւ մի՛ ուտիցես զհաց քո ընդ նմա, զի նողկացուցանէ զնա, եւ ապականէ զբանս քո բարիս։՝՝
9Յականջս անզգամի ամենեւին մի՛ խօսիր, զի մի՛ անգոսնեսցէ զիմաստուն բանս քո։ 10Մի՛ փոխեր զսահմանս յաւիտենականս, եւ ի ստացուածս որբոց մի՛ մտանիցես. 11զի որ փրկէն զնոսա Տէր՝ հզօր է, եւ դատի զդատաստանս նոցա ընդ քեզ։
12Տուր ի խրատ զսիրտ քո, եւ զլսելիս քո պատրաստեա բանից իմաստութեան։
13Մի՛ խնայեր խրատել զտղայ. զի թէ հարկանես զնա գաւազանաւ՝ ոչ մեռանի. 14դու հարկանես զնա գաւազանաւ, բայց զանձն նորա փրկես ի մահուանէ։
15Որդեակ, եթէ իմաստուն լինիցի սիրտ քո, ուրախ արասցես եւ զիմ սիրտս։ 16Եւ եթէ ընդելուզցես զշրթունս քո ընդ շրթունս իմ, միայն թէ ուղիղ իցես։՝՝
17Մի՛ նախանձիցի սիրտ քո ընդ մեղաւորս, այլ յերկեւղ Տեառն կանխեսջիր զօրհանապազ. 18զի եթէ պահեսցես զնա, եղիցի զաւակ քեզ, եւ յոյս քո մի՛ մերժեսցի։՝՝ 19Լուր, որդեակ, եւ լեր իմաստուն, եւ ուղղեա զխորհուրդս սրտի քո։ 20Մի՛ լինիր արբեցօղ, եւ մի՛ նախանձիր ընդ հանգանակօղս մսոյ վաճառաց։ 21Զի ամենայն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի, եւ զգեցցի պատառատունս ամենայն քնէած։՝՝ 22Լուր, որդեակ, հօր որ ծնաւ զքեզ, եւ մի՛ արհամարհեր զծերութիւն մօր քո։ 23Զճշմարտութիւն ստացիր, եւ մի՛ թողուր զիմաստութիւն եւ զխրատ եւ զհանճար։ 24Բարւոք սնուցանէ հայր արդար, եւ ի վերայ որդւոյ իմաստնոյ ուրախ լինի սիրտ նորա։՝՝ 25Ուրախ լիցին հայր եւ մայր քո ի քեզ, եւ խնդասցէ որ ծնաւն զքեզ։
26Տուր ցիս, որդեակ, զսիրտ քո, եւ աչք քո ճանապարհաց իմոց սպասեսցեն։ 27Կարաս ծակ է տուն օտար՝՝, եւ ջրհոր նեղ՝ օտարոտին։ 28Զի այնպիսին վաղվաղակի սատակեսցի, եւ ամենայն անօրէն սպառեսցի։
29Ո՞ւմ է վայ, ո՞ւմ է խռովութիւն, ո՞ւմ են դատաստանք, ո՞ւմ դժնդակութիւնք եւ վարանք՝՝, ո՞ւմ են վէրք տարապարտուց, ո՞յր են կապուտակ ականողիք։՝՝ 30Ո՞չ ապաքէն այնոցիկ՝ որ յամենն ի գինւոջ, եւ դիտեն ուր գիներբուք լինիցին։ 31Մի՛ արբենայք գինեաւ. այլ խօսեցարուք ընդ մարդս արդարս, եւ խօսեցարուք ընդ միմեանս ի հրապարակս։ Ապա եթէ ի տաշտս եւ ի բաժակս արձակեսցես զաչս քո, յետոյ շրջիցիս մերկագոյն քան զսանդատոռն։ 32Եւ ի վախճանի իբրեւ զօձահար տարածանիցիս, եւ իբրեւ իժի թոյնք սփռեսցին։՝՝ 33Աչք քո իբրեւ տեսանիցեն զկին օտար, բերան քո յայնժամ խօսեսցի զթեւրս. 34եւ անկեալ դնիցիս, ի սիրտ ծովու՝ եւ իբրեւ զնաւավար ի մէջ բազում մրրկի՝՝։ 35Եւ ասիցես, թէ՝ Հարկանէին զիս՝ եւ ինձ ոչ ցաւէր, այպն առնէին՝՝ զիս՝ եւ ես ոչ գիտէի. ե՞րբ լիցի առաւօտ՝ զի ելեալ խնդրեցից ընդ որում շրջիցիմ՝՝։