Առաջին Թագավորաց գիրք

1

Եղկանա և իր ընտանիքը Սելովի մէջ

1Ու Եփրեմի լեռնէն Արիմաթեմ-սօփիմէ Եղկանա անունով Եփրաթացի մարդ մը կար, որ Սուփիի որդւոյն Թովայի որդւոյն Եղիուսի որդւոյն Յերոամի որդին էր: 2Եւ անիկա երկու ունէր. մէկուն անունը Աննա, ու միւսին անունը Փենանա էր. ու Փենանա զաւակներ ունէր, բայց Աննա զաւակ չունէր: 3Եւ այն մարդը տարուէ տարի իր քաղաքէն կ՚ելլէր, որպէս զի Սելովի մէջ զօրութեանց Տէրոջը երկրպագութիւն ու մատուցանէ. և հոն Հեղիի երկու որդիները, Ոփնի ու Փենէհէս, Տէրոջը քահանաներն էին: 4Ու Եղկանա իր զոհ մատուցած օրը իր կնոջ Փենանայի և անոր տղաքներուն ու աղջիկներուն մէյմէկ բաժին տուաւ. 5Իսկ Աննայի կրկին բաժին տուաւ, քանզի անիկա Աննան կը սիրէր. բայց Տէրը անոր արգանդը գոցեր էր: 6Ու անոր նախանձորդը Փենանա զանիկա կսկծեցնելու համար խիստ վշտացուց. որովհետև Տէրը անոր արգանդը գոցեր էր: 7Եւ Աննա տարուէ տարի Տէրոջը տունը ելած ատենը Եղկանա այնպէս կ՚ընէր. Փենանա ալ նոյնպէս Աննան կը վշտացնէր, ու անիկա կու լար և չէր ուտեր: 8Ու այրը Եղկանա անոր ըսաւ, Աննա, ինչո՞ւ կու լաս և ինչո՞ւ չես ուտեր, ու ինչո՞ւ համար սիրտդ այդպէս տրտում է. միթէ ես քեզի տասը որդիէ լաւ չե՞մ:

Աննա և Հեղի

9Եւ Աննա Սելովի մէջ ուտելէն ու խմելէն ետքը ոտք ելաւ. (ու Հեղի քահանան Տէրոջը տաճարին սեմերուն քով աթոռի մը վրայ նստեր էր.) 10Եւ տրտմալից հոգւով Տէրոջը առջև ըրաւ ու խիստ շատ լացաւ: 11Եւ ուխտ ընելով՝ ըսավ, Ով Տէր զօրութեանց, եթէ քու աղախինիդ նեղութեանը նայիս ու զիս յիշես, և քու աղախինդ չմոռնալով՝ քու աղախինիդ արու զաւակ մը* տաս, զանիկա Տէրոջը պիտի նուիրեմ իր կեանքին բոլոր օրերուն մէջ, ու անոր գլխուն վրայ ածելի պիտի չելլէ: 12Ու երբ անիկա Տէրոջը առջև իր աղօթքը շատցուց, Հեղի անոր բերնին կը նայէր: 13Եւ Աննա իր սրտին մէջէն կը խօսէր. միայն անոր շրթունքները կը շարժէին, բայց ձայնը չէր լսուեր. անոր համար Հեղի զանիկա գինով կարծեց: 14Եւ Հեղի անոր ըսաւ, Մինչև ե՞րբ գինովութիւն պիտի ընես. քու գինիէդ հրաժարէ: 15Եւ Աննա պատասխան տուաւ ու ըսաւ, Ով տէր իմ, այդպէս չէ. ես վշտացած սրտով կին մըն եմ, և կամ օղի չեմ խմած. սակայն Տէրոջը առջև իմ սիրտս բացի*: 16Քու աղախինդ չար կին մը մի կարծեր, քանզի իմ վիշտերուս ու նեղութեանս շատութեանը համար մինչև հիմա խօսեցայ: 17Այն ատեն Հեղի պատասխան տուաւ ու ըսաւ, Գնա խաղաղութեամբ, և Իսրայէլի Աստուածը քու խնդրուածքդ քեզի տայ՝ ինչ որ անկէ խնդրեցիր: 18Ու անիկա ըսաւ, Քու աղախինդ թող քու առջեւդ շնորհք գտնէ. և կինը իր ճամբան գնաց, ու կերաւ, ու երեսը մէյմըն ալ չտրտմեցաւ:

Սամուէլի ծնունդը և ընծայումը

19Եւ անոնք առաւօտուն կանուխ ելան, ու Տէրոջը առջև երկրպագութիւն ըրին, և Ռամա դարձան ու իրենց տունը գացին: Ու Եղկանա իր Աննա կնոջ մօտեցաւ. և Տէրը զանիկա յիշեց: 20Ու Աննա յղացաւ, և երբ ժամանակը հասաւ, տղայ մը ծնաւ, ու անոր անունը կոչեց՝ ըսելով, քանզի զանիկա Տէրոջմէն խնդրեցի: 21Եւ անոր այրը Եղկանա իր բոլոր ընտանիքովը Սելով ելաւ որպէս զի Տէրոջը առջև տարեկան զոհը մատուցանէ, ու իր ուխտը կատարէ: 22Բայց Աննա չգնաց, քանզի իր էրկանը ըսաւ, Մինչև տղուն կաթէ կտրուիլը կը նստիմ. ետքը զանիկա կը տանիմ, որպէս զի Տէրոջը առջև երևնայ, ու միշտ հոն կենայ: 23Եւ այրը Եղկանա անոր ըսաւ, Աչքերուդ հաճելի եղածը ըրէ. մինչև զանիկա կաթէն կտրես՝ նստէ. միայն թէ Տէրը իր խօսքը հաստատէ. ուստի կինը նստաւ, ու մինչև իր տղան կաթէն կտրելը զանիկա կը սնուցանէր: 24Եւ զանիկա կաթէն կտրածին պէս իրեն հետ առաւ, ու երեք զուարակով, մէկ արդու ալիւրով ու մէկ տիկ գինիով զանիկա Տէրոջը տունը տարաւ, որ Սելովի մէջ էր. ու տղան փոքրիկ էր: 25Եւ մէկ զուարակը մորթեցին, ու տղան Հեղիի տարին: 26Եւ Աննա ըսաւ, Ո՜հ, տէր իմ, քու անձդ կենդանի է. ես այն կինն եմ, որ հոս քու քովդ կայնեցայ Տէրոջը աղօթք ընելու համար. 27Ես այս տղուն համար աղօթք ըրի, ու Տէրը իմ խնդրուածքս ինծի տուաւ՝ ինչ որ անկէ խնդրեցի: 28Հիմա ես ալ զանիկա Տէրոջը փոխ կու տամ. անիկա իր բոլոր կեանքին մէջ Տէրոջը փոխ տրուած ըլլայ. ու անիկա հոն Տէրոջը երկրպագութիւն ըրավ:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)