Առաջին Թագավորաց գիրք

31

Սաւուղին և իր որդիներուն մահը

1Ու Փղշտացիք Իսրայէլի հետ կ՚ընէին. և Իսրայէլի մարդիկը Փղշտացւոց առջեւէն փախան, ու Գեղբուէ լեռանը վրայ սպանուած ինկան: 2Ու Փղշտացիք Սաւուղի ու անոր որդիներուն ետեւէն հասան, ու Փղշտացիք Սաւուղի որդիները, Յովնաթանը, Աբինադաբը ու Մեղքիսաւէն, զարկին: 3Եւ պատերազմը Սաւուղի վրայ սաստկացաւ, ու աղեղնաւորները զանիկա գտան. ու աղեղնաւորներէն սաստիկ վիրաւորուեցաւ*: 4Եւ իր կապարճակիրին ըսաւ, Սուրդ քաշէ ու անով զիս խոցէ. չըլլայ որ այս անթլփատները գան ու զիս խոցեն, և զիս ծաղր ընեն. բայց կապարճակիրը չուզեց, քանզի շատ վախցաւ: Եւ Սաւուղ սուրը առաւ ու անոր վրայ ինկաւ: 5Եւ անոր կապարճակիրը Սաւուղի մեռնիլը տեսնելով՝ ան ալ իր սուրին վրայ ինկաւ ու անոր հետ մեռաւ: 6Եւ Սաւուղ ու անոր երեք որդիները, ու կապարճակիրը և անոր բոլոր մարդիկը նոյն օրը մէկտեղ մեռան: 7Ու հովիտին անդիի կողմը և Յորդանանու անդիի կողմը եղող Իսրայէլի մարդիկը Իսրայելացւոց փախչիլը ու Սաւուղի և անոր որդիներուն մեռնիլը տեսնելով՝ քաղաքները թողուցին ու փախան. և Փղշտացիք եկան ու անոնց մէջ բնակեցան: 8Եւ հետեւեալ օրը Փղշտացիք եկան որ մեռելները մերկացնեն. ու Սաւուղը և անոր երեք որդիները Գեղբուէ լեռան վրայ ինկած գտան: 9Այն ատեն անոր գլուխը կտրեցին, ու անոր վրայի զենքերը հանեցին. և Փղշտացւոց երկրին չորս կողմը իրենց կռատուններուն ու ժողովուրդին՝ այս բաներուն աւետիսը տալու համար մարդ ղրկեցին: 10Եւ անոր զէնքերը Աստարովթի տունը դրին, ու անոր մարմինը Բեթսանի պարիսպէն կախեցին: 11Եւ Գաղաադու Յաբիսի բնակիչները երբ լսեցին ինչ որ Փղշտացիք Սաւուղի ըրած էին, 12Բոլոր ոյժի տէր մարդիկը ոտք ելան, ու բոլոր գիշերը գացին, ու Բեթսանի պարիսպէն Սաւուղի մարմինը ու անոր որդիներուն մարմինները առին, և Յաբիս եկան ու հոն զանոնք այրեցին. 13Եւ անոնց ոսկորները առին, ու Յաբիսի մէջ ծառին տակ թաղեցին, ու եօթը օր ծոմ պահեցին:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981