Երկրորդ Թագավորաց գիրք

4

Յեբուսթէն կը սպաննուի

1Եւ Սաւուղի որդին Յեբուսթէ երբ Աբենների Քեբրոնի մէջ մեռնիլը լսեց, ձեռքերը թուլցան, ու բոլոր տագնապեցաւ: 2Եւ Սաւուղի որդին երկու գնդապետ ունէր, մէկուն անունը Բաանա, ու միւսին անունը Ռեքաբ էր. ասոնք Բենիամինի ցեղէն Բերովթացի Ռեմօնի որդիներն էին. (քանզի Բերովթ ալ Բենիամինեանց քաղաքը կը սեպուէր. 3Ու Բերովթացիները Գեթթայիմ փախան, և հոն մինչև այսօր պանդուխտի պէս բնակեցան:) 4Ու Սաւուղի որդին Յովնաթան ոտքերը կաղ տղայ մը ունէր, որ երբ Սաւուղի ու Յովնաթանի մահուան լուրը Յեզրայէլէ եկաւ, անիկա հինգ տարեկան էր. և անոր դայեակը զանիկա առաւ ու փախաւ ու երբ փախչելու կը փութար, տղան ինկաւ կաղ եղաւ. և անոր անունը Մեմփիբոսթէ էր: 5Ու Բերովթացի Ռեմօնի որդիները, Ռեքաբ ու Բաանա, գացին, ու ցորեկուան տաք ատենը Յեբուսթէի տունը մտան, և անիկա կէսօրուան ատեն պառկեր կը քնանար. 6Ու անոնք մինչև տանը մէջտեղը մտան, իբր թէ ցորեն պիտի առնէին. և զանիկա սնակուշտէն զարկին, ու Ռեքաբ և անոր եղբայրը Բաանա անկէ փախան: 7Այս կերպով տունը մտան. ու երբ անիկա ներքին սենեակը իր անկողինին մէջ կը քնանար, զանիկա զարկին մեռցուցին, և անոր գլուխը կտրեցին, ու գլուխը առնելով՝ բոլոր գիշերը դաշտին ճամբովը գացին. 8Եւ Յեբուսթէի գլուխը Քեբրոն տարին Դաւիթի, ու թագաւորին ըսին, Ահա քու թշնամիիդ, քու կեանքդ փնտռող Սաւուղի, որդւոյն Յեբուսթէի գլուխը. և Տէրը Սաւուղէ ու անոր սերունդէն այսօր վրէժխնդրութիւն տուաւ մեր թագաւոր տէրոջը: 9Եւ Բերովդացի Ռեմօնի որդիներուն, Ռեքաբի ու անոր եղբօրը Բաանայի, պատասխան տուաւ ու անոնց ըսաւ, Իմ հոգիս ամէն նեղութենէ ազատող Տէրը կենդանի է: 10Որ ան որ ինծի պատմեց ու ըսաւ թէ մեռաւ, կարծելով թէ աւետիս տուող մը պիտի երեւնայ ինծի, զանիկա բռնեցին ու Սիկելակի մէջ զանիկա մեռցուցի, և անոր տուած աւետիսին վարձքը այս եղաւ. 11Ո՜րչափ աւելի նոյն վարձքը կը վայլէ այն չար մարդոց, որոնք արդար մարդ մը իր տանը մէջ իր անկողինին վրայ մեռցուցին. և հիմա անոր արիւնը անշուշտ ձեր ձեռքէն պիտի պահանջէմ, ու ձեզ երկրիս վրայէն պիտի վերցնեմ: 12Այն ատեն Դաւիթ իր մանչերուն հրամայեց, ու զանոնք մեռցուցին, և անոնց ձեռքերը ու ոտքերը կտրեցին, ու Քերբոնի աւազանին վրայ կախեցին: Իսկ Յեբուսթէի գլուխը առին, ու Քեբրոնի մէջ Աբենների գերեզմանը թաղեցին:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)