Գործք Առաքելոց
2
Սուրբ Հոգիին գալուստը
1Եւ երբ Պէնտէկոստէի օրը հասաւ, ամէնն ալ միաբան մէկտեղ էին: 2Ու յանկարծակի երկինքէն ձայն մը եղաւ սաստկաշունչ հովի մը ձայնին պէս և բոլոր տունը լեցուց՝ ուր նստեր էին: 3Եւ բաժնուած լեզուներ երևցան իրենց որպէս թէ կրակէ, ու ամէն մէկուն վրայ նստաւ: 4Եւ ամէնն ալ Հոգւով Սրբով լեցուեցան, ու սկսան ուրիշ լեզուներով խօսիլ, ինչպէս Հոգին իրենց խօսիլ կու տար: 5Ու Երուսաղէմի մէջ բնակած Հրեաներ կային, աստուածավախ մարդիկ երկինքի տակ եղած բոլոր ազգերէն ժողվուած: 6Ու երբ այս ձայնը եղաւ, բազմութիւնը մէկտեղ եկաւ ու խռովեցաւ, վասն զի կը լսէին որ անոնք իրենց ամէն մէկուն լեզուովը կը խօսէին: 7Ամէնն ալ կը սքանչանային ու կը զարմանային և իրարու կ’ըսէին, Չ՞է որ ահա ասոնք ամէնն ալ որ կը խօսին, Գալիլեացի են. 8Եւ ի՞նչպէս կը լսենք մենք մեր ամէն մէկ լեզուովը` որուն մէջ ծնած ենք. 9Պարթևներ և Մարեր ու Եղամացիներ, և անոնք որ կը բնակին Միջագետի մէջ, և Հրէաստանի ու Կապադովկիայի մէջ, Պոնտոսի ու Ասիայի մէջ, 10Փռիւ·իայի և Պամփիւլիայի մէջ, Եգիպտոսի մէջ, և Կիւրենէի մօտ Լիբէացւոց կողմերուն մէջ, նաև Հռովմայեցի պանդուխտներ, 11Թէ՛ Հրեաներ և թէ՛ նորահաւատներ, Կրետացիներ և Արաբացիներ, կը լսենք անոնցմէ որ մեր լեզուներով կը խօսին Աստուծոյ մեծամեծ բաները: 12Կը սքանչանային ամէնն ալ ու տարակուսած իրարու կ’ըսէին, Ի՞նչ պիտի ըլլայ այս: 13Ոմանք ալ ծաղր ընելով` կ’ըսէին թէ Անոնք նոր գինիով լեցուեր են:
Պետրոսին պատգամը
14Բայց Պետրոս ելաւ տասնըմէկին հետ մէկտեղ, ձայնը վերցուց ու խօսեցաւ անոնց, Ով Հրեայ մարդիկ և դուք ամէնդ որ Երուսաղէմ կը բնակիք, այս ձեզի յայտնի ըլլայ, ու ականջ դրէք իմ խօսքերուս: 15Քանզի ոչ թէ ասոնք գինովցած են, ինչպէս դուք կը կարծէք, վասն զի դեռ օրուան երրորդ ժամն է. 16Հապա ասիկա այն է որ Յովէլ մարգարէին ձեռքով ըսուեցաւ. 17Եւ պիտի ըլլայ որ վերջին օրերը, կ’ըսէ Աստուած, իմ Հոգիէս ամէն մարմնի վրայ պիտի թափեմ, ու ձեր տղաքը և ձեր աղջիկները պիտի մարգարէանան, ու ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն. 18Եւ իմ ծառաներուս վրայ ու իմ աղախիններուս վրայ ալ այն օրերը իմ Հոգիէս պիտի թափեմ, և պիտի մարգարէանան: 19Ու վերը երկինքը հրաշքներ պիտի ցուցնեմ, ու վարը երկիրը` նշաններ, արիւն ու կրակ և ծուխի մառախուղ. 20Արևը խաւարի պիտի դառնայ, և լուսինը` արիւնի, դեռ Տէրոջը մեծ ու երևելի օրը չեկած: 21Եւ պիտի ըլլայ որ ամէն ով որ Տէրոջը անունը կանչէ` պիտի փրկուի: 22Ով Իսրայելացի մարդիկ, լսեցէք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցին, Աստուծմէ ձեզի ցուցուած մարդ մը զօրութիւններով ու հրաշքներով և նշաններով, զորոնք Աստուած անոր ձեռքով ըրաւ ձեր մէջ, ինչպէս դուք ալ գիտէք, 23Անիկա Աստուծոյ որոշած խորհրդովը և կանխագիտութիւնովը մատնուած ըլլալով` առիք և անօրէններու ձեռքով փայտի վրայ գամելով սպաննեցիք. 24Զոր Աստուած յարուց` մահուան ցաւերը քակելով, քանզի հնար չէր որ ինք անկէ բռնուի: 25Վասն զի Դաւիթ անոր համար կ’ըսէ, Ամէն ատեն Տէրը կը տեսնէի իմ. առջևս, քանզի իմ աջ կողմս է, որպէս զի չսասանիմ. 26Անոր համար ուրախ եղաւ իմ սիրտս, ու իմ լեզուս ցնծաց. նաև իմ մարմինս ալ յուսով պիտի հանգստանայ. 27Վասն զի իմ անձս գերեզմանին մէջ պիտի չթողուս, ու քու Սուրբիդ ալ ապականութիւն տեսնել պիտի չտաս: 28Կենաց ճամբաները ինծի ճանչցուցիր. քու երեսիդ ուրախութիւնովը զիս պիտի լեցնես: 29Մարդիկ եղբայրներ, արժան է համարձակ զրուցել ձեզի Դաւիթ նահապետին համար, թէ մեռաւ ու թաղուեցաւ, և անոր գերեզմանը մինչև այսօր մեր մէջ է: 30Արդ որովհետև անիկա մարգարէ էր, և գիտէր թէ Աստուած հաստատ երդում ըրաւ իրեն, թէ իր երիկամունքներուն պտուղէն մարմնի կողմանէ Քրիստոսը պիտի յարուցանէ որ իր աթոռը նստի, 31Ինք կանխատեսութեամբ խօսեցաւ Քրիստոսի յարութեանը համար, թէ անոր անձը գերեզմանը չթողուեցաւ, և անոր մարմինը ապականութիւն չտեսաւ: 32Այս Յիսուսը Աստուած յարուց, որու մենք ամէնս ալ վկայ ենք: 33Ուստի Աստուծոյ աջ ձեռքով բարձրանալով, ու Հոգւոյն Սրբոյ խոստմունքը Հօրմէն առնելով` տարածեց ասիկա, զոր դուք հիմա կը տեսնէք և կը լսէք: 34Վասն զի Դաւիթ երկինք չելաւ, բայց ինք կ’ըսէ, Տէրը իմ Տէրոջս ըսաւ, Նստէ իմ աջ կողմս, 35Մինչև քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան դնեմ: 36Ուստի բոլոր Իսրայէլի տունը ճշմարտապէս թող գիտնայ, որ Աստուած զանիկա Տէր ալ ըրաւ` Օծեալ ալ, այն Յիսուսը զոր դուք խաչեցիք: 37Ու զայս երբ լսեցին, իրենց սիրտերուն մէջ զղջացին, և ըսին Պետրոսի ու միւս առաքեալներուն, Մարդիկ եղբայրներ, ի՞նչ ընենք: 38Եւ Պետրոս ըսաւ անոնց, Ապաշխարեցէք, ու ձեզմէ ամէն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը մեղքերու թողութեան համար, և Հոգւոյն Սրբոյ պարգևը պիտի ընդունիք: 39Վասն զի խոստմունքը ձեզի է ու ձեր որդիներուն, և ամէն հեռու եղողներուն` զորոնք մեր Տէր Աստուածը պիտի կանչէ: 40Եւ ուրիշ շատ խօսքերով վկայութիւն կու տար, ու կը յորդորէր զանոնք և կ’ըսէր, Այս խոտորած ազգէն ինքզինքնիդ ազատեցէք: 41Եւ անոնք որ սրտանց ընդունեցին անոր խօսքերը, մկրտուեցան. ու այն օրը երեք հազար հոգիի չափ աւելցան: 42Եւ միշտ առաքեալներուն վարդապետութեանը ետևէ էին, ու միաբանութեանը և հաց կտրելուն ու աղօթքներուն:
Կեանքը հաւատացեալներուն միջև
43Եւ ամէն մարդու վրայ վախ ինկաւ. և առաքեալներուն ձեռքով շատ հրաշքներ ու նշաններ կը գործուէին: 44Ու բոլոր հաւատացեալները մէկտեղ էին, և ամէն բաներնին հասարակաց էր: 45Ու ստացուածքնին և ունեցած բաներնին կը ծախէին, ու անոնց գինը կը բաժնէին ամէնուն, որու որ բան մը պէտք ըլլար: 46Եւ ամէն օր միաբանութեամբ տաճարը երթալու ետևէ էին, և տուներնին հաց կը կտրէին, ու կերակուրնին կ’ուտիէն ուրախութեամբ և միամտութեամբ սրտի. 47ԶԱստուած կ’օրհնէին, ու բոլոր ժողովուրդին առջև շնորհք կը գտնէին. և Տէրը օրէ օր փրկուածները կ’աւելցնէր եկեղեցիին:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981