Գործք Առաքելոց
20
Դէպի Մակեդոնիա և Յունաստան
1Եւ աղմուկին դադարելէն ետև Պօղոս աշակերտները իրեն կանչեց, ու հրաժարական ողջոյն տալով` ելաւ որ Մակեդոնիա երթայ: 2Եւ այն կողմերը պտըտելէ ու շատ խօսքերով զանոնք յորդորելէ ետև Ելլադա եկաւ: 3Եւ հոն երեք ամիս կենալէ ետքը, Հրեաները իրեն դէմ նենգութեան խորհուրդ ըրին երբ կ’ուզէր Սիւրիա ելլել. անոր համար որոշեց Մակեդոնիայի վրայէն դառնալ: 4Ու մինչև Ասիա իրեն հետ կ’երթար Բերիացի [Պիռոսի որդին] Սոպատրոս, և Թեսաղոնիկեցիներէն Արիստարքոս ու Սեկունդոս, և Գայիոս Դերբացի ու Տիմոթէոս, և Ասիացիք, Տիւքիկոս ու Տրոփիմոս: 5Ասոնք առաջ գացին ու Տրովադայի մէջ մեզի կը սպասէին: 6Մենք ալ բաղարջակերքի օրերէն ետև Փիլիպպէէ նաւեցինք, և հինգ օրուան մէջ Տրովադա եկանք անոնց քով, ու հոն եօթը օր կեցանք: 7Եւ մէկշաբթի օրը երբ ժողվուեր էինք* հաց կտրելու, Պօղոս անոնց կը քարոզէր, վասն զի հետևեալ օրը ճամբայ պիտի ելլէր. և խօսքը երկնցուց մինչև կէս գիշեր: 8Ու շատ լապտերներ կային այն վերի սենեակը` ուր մենք ժողվուած էինք: 9Եւ երիտասարդ մը, Եւտիքոս անուն, պատուհանին վրայ նստած` խորունկ քունի մէջ մտեր էր. երբ Պօղոս խօսքը երկնցուց, անիկա խորունկ քնով բռնուած` երրորդ դստիկոնէն վար ինկաւ, ու զանիկա մեռած վերցուցին: 10Եւ Պօղոս վար իջնելով` անոր վրայ ինկաւ ու գրկեց զանիկա ու կ’ըսէր, Մի խռովիք, վասն զի ասոր հոգին իր մէջ է: 11Եւ վեր ելլելով` հացը կտրեց ու կերաւ. ու երկար խօսելով մինչև առտու, ետքը ելաւ գնաց: 12Եւ այն պատանին ողջ բերին. ու մեծապէս մխիթարուեցան:
Տրովադայէն Մելիտոս
13Իսկ մենք նաւը մտնելով` ճամբայ ելանք դէպ ի Ասոն, ուրկէ Պօղոսը պիտի առնէինք, վասն զի այնպէս ապսպրեր էր, որովհետև ինք ցամաքով պիտի երթար: 14Ու երբ Ասոնի մէջ մեզի հանդիպեցաւ, առինք զանիկա և Միտիլինէ եկանք: 15Անկէ ալ նաւելով հետևեալ օրը Քիոսի դիմաց հասանք. և միւս օրը Սամոս հասանք, ու գիշերը Տրոգիլիոն կենալով` միւս օրը Մելիտոս եկանք. 16Վասն զի Պօղոս միտքը դրեր էր որ նաւով անցնի Եփեսոսի քովէն, որ չըլլայ թէ Ասիայի մէջ ժամանակ անցնէ, որովհետև կ’արտորար ու եթէ կարելի է իրեն, Պէնտէկոստէին օրը Երուսաղէմ ըլլայ:
Պօղոսին հրաժեշտի խօսքը Եփեսոսի երէցներուն
17Եւ Մելիտոսէ մարդ ղրկեց Եփեսոս ու եկեղեցիին երէցները կանչեց: 18Ու երբ իրեն եկան, ըսաւ անոնց, Դուք գիտէք որ այն առաջին օրէն հետէ որ ես Ասիա եկայ, ի՛նչպէս ձեզի հետ վարուեցայ բոլոր ժամանակը. 19Ամենայն խոնարհութեամբ Տէրոջը ծառայելով, և շատ արցունքով ու փորձութիւններով որոնք Հրէից նենգութիւններէն ինծի պատահեցան. 20Ի՛նչպէս վախնալով ետ չկեցայ օգտակար բաներէն բնաւ մէկը ձեզի զրուցելէ, ու ձեզի հրապարակաւ և տան մէջ սորվեցնելէ. 21Վկայութիւն տալով Հրէից և Յունաց առջև` դէպ ի Աստուած ապաշխարութեան համար, ու մեր Տէր Յիսուս Քրիստոսի վրայ եղած հաւատքին համար: 22Եւ հիմա ահա ես հոգիով կապուած` Երուսաղէմ կ’երթամ, և հոն ինչ որ ինծի պիտի պատահի` չեմ գիտեր. 23Միայն թէ Հոգին Սուրբ ամէն քաղաքի մէջ ինծի կը վկայէ ու կ’ըսէ թէ կապեր ու նեղութիւններ ինծի կը սպասեն: 24Բայց ես բանի մը համար հոգ չեմ ըներ, և իմ անձս պատուական չեմ սեպեր, միայն թէ իմ ընթացքս ուրախութեամբ կատարեմ, և այն պաշտօնը` զոր Տէր Յիսուսէ առի Աստուծոյ շնորհաց աւետարանին վկայ ըլլալու: 25Եւ հիմա ահա ես գիտեմ որ ա՛լ իմ երեսս պիտի չտեսնէք դուք ամէնդ, որոնց մէջ պտըտեցայ Աստուծոյ թագաւորութիւնը քարոզելով: 26Ուստի այսօր կը վկայեմ ձեզի, որ ես անպարտ եմ ամէնուն արիւնէն: 27Վասն զի ետ չկեցայ Աստուծոյ բոլոր կամքը ձեզի յայտնելէ: 28Ուրեմն զգուշացէք ձեր անձերուն և բոլոր հօտին, որուն վրայ Հոգին Սուրբ ձեզ տեսուչ դրաւ Աստուծոյ եկեղեցին հովուելու զոր իր արիւնովը ստացաւ: 29Քանզի գիտեմ որ իմ զատուելէս ետքը ձեր մէջ յափշտակող գայլեր պիտի մտնեն, որոնք պիտի չխնայեն հօտին: 30Եւ ձեզմէ ալ այնպիսի մարդիկ պիտի ելլեն, որոնք ծուռ բաներ պիտի խօսին` աշակերտները իրենց ետևէն քաշելու համար: 31Ուստի արթուն կեցէք, և միտքերնիդ բերէք` որ երեք տարի գիշեր ու ցորեկ չդադարեցայ ամէն մէկը արցունքով խրատելէ: 32Եւ հիմա, եղբայրներ, կը յանձնեմ ձեզ Աստուծոյ ու անոր շնորհաց խօսքին, որ կարող է շինելու և բոլոր սրբուածներուն հետ ձեզի ժառանգութիւն տալու: 33Մէկո՛ւն արծաթին կամ ոսկիին կամ հագուստին չցանկացայ. 34Դուք ձեզմէ գիտէք որ ինծի և ինծի հետ եղողներուն պէտքերը այս ձեռքերս հոգացին: 35Ամէն բան ձեզի ցուցուցի, թէ այսպէս պէտք է աշխատիլ ու տկարներուն օգնութիւն ընել, և միտք բերել Տէր Յիսուսի խօսքը` զոր ինք ըսաւ, Աւելի երանելի է տալը քան թէ առնելը: 36Եւ երբ զայս ըսաւ, անոնց ամէնուն հետ ծունկի վրայ գալով` աղօթք ըրաւ: 37Ամէնն ալ սաստիկ կուլային, ու Պօղոսի պարանոցին վրայ իյնալով` զանիկա կը համբուրէին: 38Սիրտերնին կը ցաւէր մանաւանդ այն խօսքին համար` որ կ’ըսէր թէ ա՛լ պիտի չտեսնեն իր երեսը. և զանիկա ճամբայ դրին մինչև նաւը երթալով:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981