Կողոսացիս
4
1Տէրեր, ձեր ծառաներուն իրաւունք ու հաւասարութիւն տուէք, գիտնալով որ դուք ալ Տէր ունիք երկինքը:
Յորդորանքներ
2Շարունակ աղօթքի ետևէ եղէք, անոր մէջ արթուն մնալով գոհութեամբ: 3Աղօթք ըրէք նաև մեզի համար, որպէս զի Աստուած խօսքին դուռը բանայ մեզի Քրիստոսի խորհուրդը խօսելու, որու համար կապուած ալ եմ, 4Որպէս զի յայտնի ընեմ զանիկա` ինչպէս ինծի կը վայլէ խօսիլ: 5Խոհեմութեամբ վարուեցէք դուրսիններուն հետ` ժամանակը ծախու առնելով: 6Ձեր խօսքը ամէն ատեն շնորհքով, որպէս թէ աղով, համովցած ըլլայ, ու գիտնաք թէ ի°նչպէս կը վայլէ ձեզի ամէն մէկուն պատասխան տալ:
Վերջին բարևներ
7Ալ իմ վրայովս բոլորը պիտի իմացնէ ձեզի Տիւքիկոս սիրելի եղբայրը և հաւատարիմ պաշտօնեան ու ծառայակիցը Տէրոջմով. 8Զոր այդ բանին համար ձեզի ղրկեցի, որպէս զի գիտնայ ձեր վրայով, ու ձեր սիրտերը մխիթարէ, 9Ոնեսիմոս հաւատարիմ ու սիրելի եղբօր հետ մէկտեղ, որ ձեզմէ մէկն է. իրենք ամէն բանը ձեզի պիտի իմացնեն` ինչ որ հոս կայ: 10Բարև կ’ընէ ձեզի Արիստարքոս, իմ գերութեան ընկերս, և Մարկոս, Բառնաբասի եղբօրորդին, (որու համար պատուէր առիք. եթէ ձեզի գալու ըլլայ, ընդունեցէք զանիկա,) 11Եւ Յիսուս` որ Յուստոս ըսուած է, որոնք թլփատութենէն են. ասոնք միայն` ինծի գործակից եղան Աստուծոյ թագաւորութեանը մէջ, որոնք ինծի մխիթարութիւն եղան: 12Բարև կ’ընէ ձեզի Եպափրաս, Քրիստոսի ծառան, որ ձեզմէ մէկն է, ամէն ատեն աղօթքի մէջ ձեզի համար ջանք ընելով, որպէս զի դուք կատարեալ ու լման կենաք Աստուծոյ բոլոր կամքին մէջ: 13Քանզի անոր վրայով ես կը վկայեմ, թէ շատ նախանձաւորութիւն ունի ձեզի համար ու Լաւոդիկէի և Յերապոլիսի մէջ եղողներուն համար: 14Բարև կ’ընէ ձեզի սիրելի Ղուկաս բժիշկը ու Դեմաս: 15Բարև ըրէք եղբայրներուն, որոնք Լաւոդիկիա են, և Նիմփասի ու անոր տանը մէջի եկեղեցիին: 16Ու երբ այս թուղթը ձեր մէջ կարդացուի, Լաւոդիկեցւոց եկեղեցիին մէջ ալ կարդալ տուէք. և դուք ալ Լաւոդիկիայէ եկած թուղթը կարդացէք: 17Ու ըսէք Արքիպպոսի, Զգոյշ եղիր քու սպասաւորութեանդ զոր Տէրոջմով առիր, որ զանիկա կատարես: 18Այս բարևը իմ ձեռքիս` Պօղոսին է. իմ կապերս միտքերնիդ թող ըլլան: Շնորհքը ձեզի հետ: Ամէն:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981