Ելից

35

Շաբաթին համար կարգադրութիւններ

1Եւ ժողվեց Իսրայէլի որդիներուն բոլոր ժողովքը, ու ըսաւ անոնց, Ասոնք են այն բաները զորոնք Տէրը պատուիրեց որ զանոնք ընէք: 2Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը սուրբ պիտի ըլլայ ձեզի, այսինքն հանգստութեան Տէրոջը. այն օրը գործ գործողը պիտի մեռցուի: 3Շաբաթ օրը ձեր բոլոր բնակարաններուն մէջ կրակ պիտի չվառէք:

Ս.Խորանին ընծաներ (Ելից 2:1-9)

4Եւ Մովսէս խօսեցաւ Իսրայէլի որդիներուն բոլոր ժողովքին՝ ըսելով, Տէրոջը պատուիրած բանը այս է՝ ըսելով, 5Ձեր մէջէն ընծայ առէք Տէրոջը. ով որ սրտով կը յօժարի, թող անիկա Տէրոջը ընծան բերէ, ու արծաթ և պղինձ, 6Ու կապուտակ և ծիրանեգոյն ու կրկնակի կարմիր և բարակ քթան ու այծի մազ, 7Եւ կարմիր ներկուած խոյի մորթեր, ու թեհաշի մորթեր և Սատիմի փայտեր, 8Ու լոյսի համար իւղ, և օծման իւղի համար ու անուշահոտ խունկի համար համեմներ, 9Եւ եղնգնաքարեր, ու եփուտին համար և լանջապանակին համար գամուելու քարեր:

Տէրոջը ներկայութեան վրանին առարկաները (Ելից 39:32-43)

10Եւ ձեր մէջ ամէն սրտով իմաստուն եղողները թող գան, ու Տէրոջը բոլոր պատուիրած բաները շինեն. 11Խորանը, անոր վրանը, ու անոր ծածկոցը, անոր ճարմանդները, ու անոր տախտակները, անոր նիգերը, անոր սիւները, և անոր խարիսխները: 12Տապանակը ու անոր ձողերը, քաւութիւնը, ու ծածկող վարագոյրը, 13Սեղանը ու անոր ձողերը ու անոր բոլոր անօթները, և առաջաւորութեան հացը, 14Եւ լոյսի աշտանակը ու անոր գործիքները և անոր ճրագները ու լոյսի իւղը, 15Եւ խունկին սեղանը ու անոր ձողերը, ու օծման իւղը, և անուշահոտ խունկը, ու խորանին դրան վարագոյրը, 16Ողջակէզին սեղանը ու անոր պղնձէ ցանցակերպ կասկարան, անոր ձողերը ու անոր բոլոր գործիքները, աւազանը ու անոր խարիսխը, 17Սրահին վարագոյրները, անոր սիւները ու խարիսխները, և սրահին դրան վարագոյրը, 18Խորանին ցիցերը ու սրահին ցիցերը ու անոնց չուանները, 19Պաշտօնին զգեստները՝ սրբարանին մէջ պաշտելու համար, և քահանային սուրբ զգեստները ու անոր որդիներուն զգեստները, որպէս զի քահանայութիւն ընեն:

Ժողովուրդը իր ընծաները կը բերէ

20Եւ Իսրայէլի որդիներուն բոլոր ժողովքը Մովսէսի առջեւէն գացին: 21Եւ ամէն յօժարասիրտ եղողը ու ամէն բոլոր հոգիով կամեցողը եկան, ու ժողովքի խորանին գործին համար և անոր բոլոր պաշտօնին համար ու սուրբ զգեստներուն համար Տէրոջը ընծան բերին: 22Եւ եկան այրեր ու կիներ, որչափ որ սրտով կամեցող կային, ու ճարմանդներ և օղեր ու մատանիներ և մանեակներ, ամէն տեսակ ոսկի զարդեր բերին. ամէն ընծայ բերող ոսկի ընծայ բերաւ Տէրոջը: 23Եւ այն ամէնը, որուն քով կը գտնուէր կապուտակ ու ծիրանեգոյն և կրկնակի կարմիր և բարակ քթան և այծի մազ ու կարմիր ներկուած խոյի մորթեր և թէհաշի մորթեր, բերին: 24Ամէն արծաթ ու պղինձ ընծայ տուողը Տէրոջը ընծան բերաւ, և որու քով որ պաշտօնին ամէն գործին պիտանի Սատիմի փայտեր կը գտնուէին՝ բերաւ: 25Եւ ամէն սրտով իմաստուն եղող կիները իրենց ձեռքերովը մանեցին, ու իրենց մանած կապուտակը, ծիրանեգոյնը, կրկնակի կարմիրը ու բարակ քթանը բերին: 26Եւ բոլոր սրտով փափաքող և յաջողակութիւն ունեցող կիները այծի մազ մանեցին: 27Եւ իշխանները եղնգնաքարեր ու եփուտին և լանջապանակին համար գամուելու քարեր բերին, 28Նաև լոյսի համար ու օծման իւղի համար և անուշահոտ խունկի համար՝ համեմներ ու իւղ: 29Իսրայէլի որդիները յօժարակամ ընծայ բերին Տէրոջը, ամէն մարդ ու , որոնք յօժարութիւն ունէին բերելու ամէն կերպ գործի համար, զոր Տէրը Մովսէսի ձեռքով պատուիրեց որ շինուի:

Տէրոջը ներկայութեան վրանին գործաւորները (Ելից 31:1-11)

30Եվ Մովսէս ըսաւ Իսրայէլի որդիներուն, Ահա Տէրը Յուդայի ցեղէն Ովրի որդւոյն Ուրիի որդին Բեսելիէլը անունովը կանչեց. 31Ու Աստուծոյ Հոգիովը՝ իմաստութիւնով, հանճարով և գիտութիւնով ու ամէն կերպ ճարտարութիւնով լեցուց զանիկա, 32Որպէս զի վարպետի գործեր հնարելով՝ ոսկիի ու արծաթի և պղնձի վրայ բանի. 33Եւ գամելու համար քարեր բանելով ու փայտեր քանդակելով՝ ամէն կերպ վարպետի գործ ընէ: 34Եւ անոր սրտին մէջ սորվեցնելու կարողութիւնը դրաւ, անորն ալ՝ ու Դանի ցեղէն Աքիսամայի որդւոյն Ոողիաբի ալ: 35Սրտի իմաստութիւնով լեցուց զանոնք, որպէս զի ամէն տեսակ գործ գործող և հնարքներ հնարող քանդակագործի ու արուեստաւորի գործը, նաև կապուտակի ու ծիրանեգոյնի և կրկնակի կարմիրի և բարակ քթանի վրայ նկարագործողի և ոստայնանկի գործը ընեն:

Աստվածաշունչ «Արեւմտահայերեն» Թարգմանություն (1981)