Դատավորների գիրք
1
Յուդայի և Շմաւոնին ցեղերը Ադոնիբեզեկը կը կալանաւորէն
1Եւ Յեսուի մեռնելէն ետքը Իսրայէլի որդիները Տէրոջը հարցուցին ու ըսին, Մեզի համար Քանանացւոց վրայ առաջ ո՞վ ելլէ` անոնց հետ պատերազմելու: 2Եւ Տէրը ըսաւ, Յուդա թող ելլէ. ահա երկիրը անոր ձեռքը տուի: 3Եւ Յուդա իր եղբօրը Շմաւոնի ըսաւ, Ինծի հետ իմ վիճակս ելիր, ու Քանանացւոց հետ պատերազմինք, և ես ալ քեզի հետ քու վիճակդ երթամ. ու Շմաւոն անոր հետ գնաց: 4Եւ Յուդա ելաւ, ու Տէրը Քանանացիները ու Փերեզացիները անոնց ձեռքը տուաւ. ու անոնցմէ Բեզեկի մէջ տասը հազար մարդ կոտրեցին: 5Եւ Բեզեկի մէջ Ադոնիբեզեկը գտնելով անոր հետ պատերազմեցան, ու Քանանացիները և Փերեզացիները զարկին: 6Եւ Ադոնիբեզեկ փախաւ. բայց անոնք անոր ետևէն իյնալով զանիկա բռնեցին, ու անոր ձեռքերուն ու ոտքերուն մեծ մատերը կտրեցին: 7Եւ Ադոնիբեզեկ ըսաւ, Ձեռքերնուն ու ոտքերնուն մեծ մատերը կտրուած եօթանասուն թագաւորներ իմ սեղանիս տակ ինկած փշրանքները կը ժողվէին. ես ինչպէս ըրի, Աստուած ալ ինծի այնպէս հատուցում ըրաւ: Եւ զանիկա Երուսաղէմ տարին, ու հոն մեռաւ:
Յուդային ցեղը Երուսաղէմին ու Քեբրոնին կը տիրէ
8Եւ Յուդայի որդիները Երուսաղէմի հետ պատերազմ ընելով զանիկա առին, ու սուրի բերնէ անցընելով քաղաքը կրակով այրեցին: 9Անկէ ետև Յուդայի որդիները վար իջան, որպէս զի լեռնակողմը ու հարաւային կողմը ու դաշտի մէջ բնակող Քանանացւոց դէմ պատերազմին: 10Եւ Յուդա Քեբրոնի մէջ բնակող Քանանացիներուն վրայ գնաց. (ու Քեբրոնի անունը առաջ Կարիաթ-արբա էր.) և անոնք Սէսին, Աքիմանը ու Թոլմին զարկին:
Գոթոնիէլը Դաբիրին կը տիրէ
11Եւ անկէ Դաբիրի բնակիչներուն վրայ գնաց. (ու Դաբիրի անունը առաջ Կարիաթ-սեփեր էր.) 12Եւ Քաղէբ ըսաւ, Ով որ Կարիաթ-սեփերը զարնէ ու առնէ, իմ աղջիկս Աքսան անոր կնութեան պիտի տամ: 13Ուստի Քաղէբի պզտիկ եղբօրը Կենեզի որդին Գոթոնիէլ զարկաւ առաւ զանիկա. և Քաղէբ իր աղջիկը Աքսան անոր կնութեան տուաւ: 14Ու երբ աղջիկը անոր կ’երթար, զանիկա յորդորեց որ իր հօրմէն ագարակ մը ուզէ, և էշէն վար իջաւ. ու Քաղէբ ըսաւ անոր, Քեզի ի՞նչ եղաւ: 15Եւ աղջիկը անոր ըսաւ, Ինծի օրհնութիւն տուր. որովհետև ինծի հարաւային երկիր մը տուիր, ինծի ջուրի աղբիւրներ ալ տուր: Ուստի Քաղէբ վերի աղբիւրները ու վարի աղբիւրները տուաւ անոր:
Յուդային ու Բենիամինին ցեղերուն յաղթանակները
16Եւ Մովսէսի աներոջ Կենեցիին որդիները Յուդայի որդիներուն հետ Արմաւենեաց քաղաքէն Արադի հարաւային կողմը եղող Յուդայի անապատը ելան, ու գացին ժողովուրդին հետ բնակեցան: 17Եւ Յուդա իր եղբօրը Շմաւոնի հետ գնաց. ու Սեփաթի մէջ բնակող Քանանացիները զարկին, և զանիկա նզովեցին, ու այն քաղաքին անունը Հօրմա կոչեցին: 18Ետքը Յուդայեանք Գազան ու անոր սահմանը, և Ասկաղոնը ու անոր սահմանը, և Ակկարոնը ու անոր սահմանը առին: 19Եւ Տէրը Յուդայի հետ էր, ու անիկա լեռանը տիրեց, բայց հովիտներուն բնակիչները չկրցաւ վռնտել, քանզի անոնք երկաթէ կառքեր ունէին: 20Ու Քեբրոնը Քաղէբի տուին, ինչպէս Մովսէս ըսեր էր. ու անկէ Ենակի երեք որդիները վռնտեց: 21Եւ Բենիամինի որդիները Երուսաղէմի մէջ բնակող Յերուսացիները չվռնտեցին. ու Յեբուսացիք Բենիամինի որդիներուն հետ Երուսաղէմի մէջ բնակեցան մինչև այսօր:
Եփրեմին ու Մանասէին ցեղերը Բեթէլին կը տիրեն
22Եւ Յովսէփի տունն ալ Բեթէլի վրայ ելան, ու Տէրը անոնց հետ էր: 23Եւ Յովսէփի տունը Բեթէլը լրտեսեցին. (ու այն քաղաքին անունը առաջ Լուզ էր.) 24Եւ պահապանները մարդ մը տեսան որ այն քաղաքէն կ’ելլէր, ու անոր ըսին. Շնորհք ըրէ, քաղաքը մտնելու կողմը մեզի ցուցուր, ու քեզի ողորմութիւն կ’ընենք: 25Եւ անիկա քաղաքը մտնելու կողմը ցուցուց անոնց. ու քաղաքը սուրի բերնէ անցուցին, բայց այն մարդը և անոր բոլոր ազգատոհմը թող տուին. 26Ու այն մարդը Քետացւոց երկիրը գնաց, և հոն քաղաք մը շինեց, ու անոր անունը Լուզ կոչեց, և մինչև այսօր անոր անունը այս է:
Ժողովուրդներ, որոնք Իսրայէլացիներէն չքշուեցան
27Եւ Մանասէ Բեթսանը և անոր գիւղաքաղաքները, Թանաքը ու անոր գիւղաքաղաքները, Դովրի բնակիչները և անոր գիւղաքաղաքները, Յեբղաամի բնակիչները ու անոր գիւղաքաղաքները, Մակեդդովի բնակիչները ու անոր գիւղաքաղաքները չզարկաւ. և Քանանացիք կամակորութեամբ այս երկրին մէջ բնակեցան: 28Ու երբ Իսրայէլ ուժովցաւ, Քանանացիները հարկատու ըրաւ, բայց զանոնք բոլորովին չվռնտեց: 29Եփրեմ ալ Գազերի մէջ բնակող Քանանացիները չվռնտեց. ու Քանանացիք անոր հետ Գազերի մէջ բնակեցան: 30Զաբուղոն Կեթրոնի բնակիչները և Նաաղօլի բնակիչները չվռնտեց. ու Քանանացիք անոնց մէջ բնակելով հարկատու եղան: 31Ասեր Ակքովի բնակիչները, ու Սիդոնի, Աքղաբի, Աքեզիբի, Ելբայի, Ափէկի ու Րոոբի բնակիչները չվռնտեց. 32Հապա Ասերեանք այն երկիրը բնակող Քանանացւոց մէջ բնակեցան, որովհետև զանոնք չվռնտեցին: 33Նեփթաղիմ Բեթսամիւսի բնակիչները ու Բեթանաթի բնակիչները չվռնտեց, հապա այն երկիրը բնակող Քանանացւոց մէջ բնակեցաւ. և Բեթսամիւսի ու Բեթանաթի բնակիչները անոր հարկատու եղան: 34Եւ Ամօրհացիք Դանի որդիները լեռան վրայ նեղը ձգեցին, քանզի անոնց թող չտուին որ հովիտները իջնեն: 35Ու Ամօրհացիք կամակորութեամբ Հարէս լեռը, Այեղօնի ու Սաղաբինի մէջ, բնակեցան. բայց երբ Յովսէփի տանը ձեռքը ուժովցաւ, անոնք հարկատու եղան: Եւ Ամօրհացւոց սահմանը Ակրաբիմի զառ ի վերէն, Վէմէն, ի վեր էր:
Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981