Դատավորների գիրք
15
1Եւ եղաւ որ ժամանակէ մը ետքը ցորենի հունձքի օրերը` Սամփսոն այծերէն ուլ մը առաւ, ու իր կնոջ այցելութեան գնաց ու ըսաւ, Ներքին սենեակին մէջ կնոջս քով մտնեմ. բայց կնոջը հայրը զանիկա չթողուց որ մտնէ: 2Եւ անոր հայրը ըսաւ, Իրաւցընէ կարծեցի որ դուն զանիկա բոլորովին ատեցիր, ու զանիկա քու ընկերիդ տուի. ահա անոր պզտիկ քոյրը անկէ գեղեցիկ է, հիմա անոր տեղ անիկա քեզի ըլլայ: 3Եւ Սամփսոն անոնց համար ըսաւ, Այս անգամ Փղշտացւոցմէ անպարտ պիտի ըլլամ, եթէ անոնց չարութիւն մը ընեմ: 4Ու Սամփսոն գնաց երեք հարիւր աղուէս բռնեց, և ջահեր առաւ, ու աղուէսները պոչ պոչի դարձուց, ու երկու պոչերուն մէջտեղ ջահ մը դրաւ կապեց. 5Եւ ջահերը կրակով բռնկցնելէն ետքը` զանոնք Փղշտացւոց հունձքերուն մէջ ձգեց, ու դիզուած և չկտրուած հունձքերը ու մինչև անգամ այգիները ու ձիթենիները այրեց: 6Եւ Փղշտացիք ըսին, Այս բանը ո՞վ ըրաւ: Ու ըսին, Թամնացիին փեսան Սամփսոն. քանզի անոր կինը առաւ և անոր ընկերին տուաւ: Ու Փղշտացիք ելան և կինը ու անոր հայրը կրակով այրեցին: 7Իսկ Սամփսոն անոնց ըսաւ, Թէև դուք այսպէս ըրիք, բայց ես վրէժ պիտի առնեմ ձեզմէ, ու ետքը պիտի դադարիմ: 8Եւ զանոնք սրունքէն մինչև երանքը մեծ հարուածով մը զարկաւ. ու իջաւ Ետամ ապառաժին խոռոչը բնակեցաւ:
Սամփսոն փղշտացիներուն կը յաղթէ
9Եւ Փղշտացիք ելան ու Յուդայի մէջ բանակեցան, ու Լեքիի մէջ տարածուեցան: 10Եւ Յուդայեանք ըսին, Ինչո՞ւ համար մեր վրայ ելաք: Անոնք ալ ըսին, Սամփսոնը կապելու ելանք, որպէս զի մեզի ըրածին պէս մենք ալ անոր ընենք: 11Ու Յուդայէ երեք հազար մարդ Ետամ ապառաժին խոռոչը իջան, և Սամփսոնի ըսին, Չե՞ս գիտեր որ Փղշտացիք մեր վրայ կ’իշխեն. ինչո՞ւ համար այս բանը մեզի ըրիր: Ու անիկա անոնց ըսաւ, Անոնք ինծի ինչպէս ըրին, ես ալ անոնց այնպէս ըրի: 12Եւ անոր ըսին, Մենք իջանք որ քեզ կապենք ու Փղշտացւոց ձեռքը տանք: Եւ Սամփսոն անոնց ըսաւ, Ինծի երդում ըրէք որ դուք զիս պիտի չմեռցնէք: 13Եւ անոնք անոր հետ խօսեցան ու ըսին, Ոչ. բայց հիմա քեզ պիտի կապենք ու անոնց ձեռքը տանք, և քեզ պիտի չմեռցնենք. ու զանիկա երկու նոր չուանով կապեցին և ապառաժէն դուրս հանեցին: 14Երբ անիկա մինչև Լեքի եկաւ, Փղշտացիք աղաղակելով զանիկա դիմաւորեցին. և Տէրոջը Հոգին անոր վրայ գալով` անոր թեւերուն վրայ եղող չուանները կրակով այրուած քթանի պէս եղան, ու կապերը ձեռքերէն քակուեցան: 15Եւ իշու ծնօտ մը գտաւ որ դեռ չորցած չէր, ու ձեռքը երկնցուց զանիկա առաւ և անով հազար մարդ մեռցուց: 16Ու Սամփսոն ըսաւ, Իշու ծնօտով դէզ դէզ ձգեցի զանոնք, իշու ծնօտով հազար մարդ մեռցուցի: 17Ու երբ իր խօսքը լմնցուց, ծնօտը ձեռքէն նետեց, և այն տեղին անունը Ռամաթ-լեքի կոչեց: 18Եւ խիստ շատ ծարւելով Տէրոջը աղաղակեց ու ըսաւ, Դուն քու ծառայիդ ձեռքով այս մեծ փրկութիւնը յաջողեցիր. և հիմա ծարաւո՞վ մեռնիմ, ու անթլփատներուն ձե՞ռքը իյնամ: 19Եւ Աստուած Լեքիի մէջ եղած փոսը բացաւ, ու անկէ ջուր ելաւ. և Սամփսոն խմեց, ու ոգին իրեն դարձաւ, և ապրեցաւ. անոր համար անոր անունը Ենգօրէ ըսուեցաւ, որ Լեքիի մէջ է մինչև այսօր: 20Ու անիկա Փղշտացւոց օրերը Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն ըրաւ: