Դատավորների գիրք

16

Սամփսոն Գազայի մէջ

1Եւ Սամփսոն Գազա գնաց, ու հոն պոռնիկ մը տեսաւ և անոր մտաւ: 2Ու Գազացւոց ըսուեցաւ թէ Սամփսոն հոս եկեր է: Եւ պաշարեցին, ու բոլոր գիշերը անոր դարանակալ եղան քաղաքին դրանը քով, ու բոլոր գիշերը լուռ կեցան և ըսին, Առաւօտուն կանուխ զանիկա կը մեռցնենք: 3Ու Սամփսոն մինչև կէսգիշեր քնացաւ, և կէսգիշերուն ելաւ, ու քաղաքին դրանը փեղկերը երկու սեմերովը բռնեց, և զանոնք նիգովը մէկտեղ փրցուց, ու կռնակը առնելով զանոնք Քեբրոնի դիմացի լեռանը գլուխը հանեց:

Սամփսոն ու Դալիլա

4Եւ անկէ ետքը Սովրեկ հեղեղատին եզերքը բնակող կին մը սիրեց, ու անոր անունը Դալիլա էր: 5Եւ Փղշտացւոց նախարարները կնոջ քով ելան ու անոր ըսին, Զանիկա խաբէ, ու անկէ հասկցիր թէ անոր մեծ զօրութիւնը ինչէ՛ն է, և թէ ինչո՛վ կրնանք անոր յաղթել, որպէս զի զանիկա կապենք ու հնազանդեցնենք. և մենք քեզի ամէն մէկս հազար հարիւր կտոր արծաթ կու տանք: 6Ու Դալիլա Սամփսոնի ըսաւ, Կ’աղաչեմ, յայտնէ ինծի, թէ քու մեծ զօրութիւնդ ինչէ՛ն է, և քեզ հնազանդեցնելու համար ի՛նչ բանով կապել պետք է: 7Ու Սամփսոն անոր ըսաւ, Եթէ զիս եօթը հատ չչորցած թարմ ջիլերով կապեն, կը տկարանամ, և ուրիշ մարդոց մէկուն պէս կ’ըլլամ: 8Ու Փղշտացւոց նախարարները անոր եօթը հատ չչորցած թարմ ջիլեր բերին. ու զանիկա անոնցմով կապեց: 9Եւ անոր քով ներքին սենեակին մէջ դարանակալներ նստեր էին: Ու կինը անոր ըսաւ, Ով Սամփսոն, Փղշտացիք քու վրադ կու գան. այն ատեն անիկա ջիլերը կրակի հոտէն փրթած խծուծէ լարի պէս փրցուց, ու անոր ոյժը չհասկցուեցաւ: 10Եւ Դալիլա ըսաւ Սամփսոնի, Ահա զիս խաբեցիր ու ինծի սուտ զրուցեցիր. հիմա կ’աղաչեմ, յայտնէ ինծի թէ ինչո՛վ կը կապուիս: 11Եւ անոր ըսաւ, Եթէ զիս նոր ու չգործածուած չուաններով աղէկ մը կապեն, այն ատեն կը տկարանամ, և ուրիշ մարդոց մէկուն պէս կ’ըլլամ: 12Եւ Դալիլա նոր չուաններ առաւ, և անոնցմով զանիկա կապեց, ու անոր ըսաւ, Ով Սամփսոն, Փղշտացիք քու վրադ կու գան. (և դարանակալները ներքին սենեակին մէջ նստեր էին.) այն ատեն զանոնք իր թեւերէն մէկ դերձանի պէս փրցուց: 13Ու Դալիլա ըսաւ Սամփսոնի, Մինչև հիմա զիս խաբեցիր և ինծի սուտ զրուցեցիր. ըսէ ինծի թէ ինչո՛վ կը կապուիս: Ու անիկա անոր ըսաւ, Եթէ գլխուս եօթը բաժին մազերը աղբով հիւսես: 14Եւ անիկա այնպէս ըրաւ, ու գործարանին ցիցովը ամուրցուց, ու անոր ըսաւ, Ով Սամփսոն, Փղշտացիք քու վրադ կու գան: Եւ անիկա քունէն արթնցաւ, ու ոստայնին ցիցը աÕբովը մէկտեղ քաշեց տարաւ: 15Այն ատեն Դալիլա անոր ըսաւ, Քու սիրտդ ինծի հետ չէ, ու ի՞նչպէս կ’ըսես թէ Քեզ կը սիրեմ. հիմա այս երեք անգամ է որ զիս խաբեցիր, ու ինծի չզրուցեցիր թէ քու մեծ զօրութիւնդ ինչէ՛ն է: 16Եւ որովհետև ամէն օր իր խօսքերովը անոր նեղութիւն կու տար, ու զանիկա կը բռնադատէր, այնպէս որ անոր սիրտը մինչև մահուան աստիճան նեղացաւ, 17Բոլոր իր սրտին մէջ եղածը անոր զրուցեց, ու ըսաւ անոր, Իմ գլխուս վրայ ածելի չէ ելած. քանզի իմ մօրս արգանդէն ես Աստուծոյ ուխտաւոր եմ. եթէ ածիլուիմ, իմ ոյժս ինծմէ կ’երթայ ու կը տկարանամ, և ամէն մարդոց պէս կ’ըլլամ: 18Ու երբ Դալիլա տեսաւ որ անիկա բոլոր իր սրտին մէջ եղածը իրեն զրուցեց, Փղշտացւոց նախարարները կանչել տուաւ ու ըսաւ, Այս անգամ ելէք. քանզի բոլոր իր սրտին մէջ եղածը ինծի զրուցեց: Այն ատեն Փղշտացւոց նախարարները անոր քով ելան, ու արծաթն ալ իրենց հետ բերին: 19Եւ Դալիլա զանիկա իր ծունկերուն վրայ քնացուց, ու մարդ մը կանչեց, և անոր գլխուն եօթը բաժին մազերը ածիլել տուաւ, ու սկսաւ զանիկա նեղել. և անոր ոյժը իրմէ գնաց: 20Ու կինը ըսաւ, Ով Սամփսոն, Փղշտացիք քու վրադ կու գան. և անիկա քունէն արթննալով` ըսաւ, Ելլեմ, ու առաջուան անգամներուն պէս թօթվուիմ. և անիկա չէր գիտեր որ Տէրը իրմէ գացեր է: 21Ու Փղշտացիք զանիկա բռնեցին և անոր աչքերը փորեցին, ու զանիկա Գազա իջեցուցուցին և ոտնակապերով կապեցին. ու բանտին մէջ աղօրիքի քար կը դարձնէր:

Սամփսոնին մահը

22Եւ անոր գլխուն մազը, ածիլուելէն ետքը, բուսնիլ սկսաւ: 23Ու Փղշտացւոց նախարարները ժողվուեցան, որպէս զի իրենց աստուծոյն Դագոնի մեծ մատուցանեն և ուրախութիւն ընեն. ու ըսին, Մեր աստուածը մեր ձեռքը մատնեց մեր թշնամին Սամփսոնը: 24Ու ժողովուրդը զանիկա տեսնելով` իրենց աստուածը գովեցին. քանզի ըսին, Մեր աստուածը մեր ձեռքը մատնեց մեր թշնամին, մեր երկիրը աւրողը և մեր մեռելները շատցնողը: 25Ու երբ անոնց սիրտը ուրախ էր, ըսին, Սամփսոնը կանչեցէք որ մեր առջև խաղայ: Ուստի Սամփսոնը բանտէն կանչեցին, ու անոնց առջև խաղաց. և զանիկա սիւներուն մէջտեղ կայնեցուցին: 26Ու Սամփսոն իր ձեռքէն բռնող պատանիին ըսաւ, Թո՛ղ տուր զիս, որ այս տունը վերցնող սիւները բռնեմ, ու անոնց վրայ կռթնիմ: 27Եւ տունը այր և կին մարդիկներով լեցուն էր. ու Փղշտացւոց բոլոր նախարարները հոն էին. և տանիքին վրայ երեք հազարի չափ մարդիկ ու կիներ կային, որոնք Սամփսոնի խաղալը կը դիտէին: 28Եւ Սամփսոն Տէրոջը աղաղակելով ըսաւ, Ով Տէր Եհովա, կ’աղաչեմ, զիս յիշէ. Ով , միայն այս անգամ ալ զիս ուժովցուր, որպէս զի Փղշտացիներէն իմ երկու աչքերուս վրէժը մէկէն առնեմ: 29Ու Սամփսոն այն տունը վերցնող երկու միջին սիւները, մէկը աջ ձեռքովը ու միւսը ձախ ձեռքովը բռնելով, անոնց վրայ կռթնեցաւ. 30Եւ Սամփսոն ըսաւ, Իմ անձս Փղշտացիներուն հետ մեռնի. ու բոլոր ուժովը ծռեցաւ, և տունը նախարարներուն ու մէջը եղող բոլոր ժողովուրդին վրայ ինկաւ. և իր մեռած ատենը մեռցուցածները իր կենդանութեան ատենը մեռցուցածներէն աւելի էին: 31Ու անոր եղբայրները և բոլոր հօրը տունը իջան, ու զանիկա վերցուցին. և հանեցին իր հօրը Մանուէի գերեզմանը թաղեցին զանիկա Սարաայի ու Եսթաւուղի մէջտեղ: Եւ անիկա Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն ըրաւ:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981