Դատավորների գիրք

19

Ղեւտացին և իր հարճը

1Եւ եղաւ որ (այն օրերը որ Իսրայէլի մէջ թագաւոր չկար,) Եփրեմի լեռանը կողմերը բնակող պանդուխտ Ղևտացի մը կար, ու անիկա Յուդայի Բեթլէհէմէն հարճ մը առաւ իրեն: 2Եւ անոր հարճը անոր դէմ շնութիւն ընելով` անկէ իր հօրը տունը, Յուդայի Բեթլէհէմը, գնաց, ու չորս ամիսի չափ հոն կեցաւ: 3Եւ այրը ելաւ անոր ետեւէն գնաց, որպէս զի քաղցրութեամբ խօսի անոր հետ, ու զանիկա ետ բերէ. և իրեն հետ առեր էր իր ծառան ու երկու էշ. ու կինը զանիկա իր հօրը տունը տարաւ. և աղջկան հայրը երբ զանիկա տեսաւ, ուրախութեամբ զանիկա դիմաւորեց: 4Ու աղջկան հայրը, անոր աները, զանիկա ներս առաւ, և երեք օր անոր հետ նստաւ. կերան խմեցին ու գիշերները հոն մնացին: 5Եւ չորրորդ օրը երբ առաւօտուն կանուխ ելան, անիկա ոտք ելաւ որպէս զի երթայ. բայց աղջկան հայրը իր փեսային ըսաւ, Կտոր մը կեր որպէս զի սիրտդ ուժովնայ, ու ետքը կ’երթաք: 6Եւ նստան ու երկուքը մէկտեղ կերան և խմեցին. ու աղջկան հայրը այն մարդուն ըսաւ, Կ’աղաչեմ, այս գիշեր ալ հոս կեցիր, ու սիրտդ զուարճանայ: 7Եւ այն մարդը ելաւ որ երթայ, բայց անոր աներոջ զանիկա բռնադատելուն համար դարձաւ գիշերը հոն մնաց: 8Ու հինգերորդ օրը առաւօտուն կանուխ ելաւ որ երթայ. և աղջկան հայրը ըսաւ, Կ’աղաչեմ, սիրտդ ուժովցուր. և ուշացան մինչև կէսօրուան անցնիլը, ու երկուքը մէկտեղ կերան: 9Ու այն մարդը ելաւ, ինք, իր հարճը ու իր ծառան, ճամբայ երթալու համար. բայց անոր աները, աղջկան հայրը, ըսաւ անոր, Ահա օրը իրիկուն ըլլալու վրայ է. կ’աղաչեմ, գիշերը հոս մնացէք. ահա օրը կ’իջնէ, գիշերը հոս կեցիր, ու սիրտդ զուարճանայ. և վաղը կանուխ ճամբայ ելէք ու ձեր վրանը գացէք: 10Եւ այն մարդը գիշերը մնալ չուզեց, ու ելաւ գնաց, ու մինչև Յեբուսի, այսինքն Երուսաղէմի, դիմաց եկաւ, և իրեն հետ երկու համետած էշ ունէր, ու իր հարճն ալ իրեն հետ էր: 11Ու երբ Յեբուսի մօտեցան, օրուան շատ անցած ըլլալուն համար, ծառան իր տէրոջը ըսաւ, Եկուր այս Յեբուսացւոց քաղաքը խոտորինք, ու գիշերը հոն մնանք: 12Բայց տէրը անոր ըսաւ, Իսրայէլի որդիներէն չեղող օտարազգիներուն քաղաքը չխոտորինք, հապա մինչև Գաբաա անցնինք: 13Եւ իր ծառային ըսաւ, Եկուր այն տեղերէն մէկուն մօտենանք, ու գիշերը Գաբաայի կամ Ռամայի մէջ մնանք: 14Եւ անցան գացին. ու երբ Բենիամինի Գաբաային մօտեցան` արեւը մտաւ: 15Եւ հոն դարձան որպէս զի Գաբաա մտնեն ու գիշերը հոն մնան. և գնաց քաղաքին հրապարակին մէջ նստաւ. ու մարդ մը չկար որ զանոնք իր տունը առնէր` գիշերը անցընելու համար: 16Եւ ահա իրիկունը արտէն ծեր մարդ մը կու գար` իր գործէն դառնալով. ու անիկա Եփրեմի լեռնէն էր, և Գաբաայի մէջ պանդխտացեր էր. իսկ այն տեղին բնակիչները Բենիամինեանք էին: 17Ու երբ անիկա աչքերը վերցուց և ճամբորդ մարդը քաղաքին հրապարակին մէջ տեսաւ, ծեր մարդը ըսաւ, Ո՞ւր կ’երթաս, և ուրկէ՞ կու գաս: 18Ու անիկա ըսաւ, Մենք Յուդայի Բեթլէհէմէն մինչև Եփրեմի լեռանը կողմերը կ’անցնինք. ես այն տեղացի եմ, ու մինչև Յուդայի Բեթլէհէմը գացի, և հիմա Տէրոջը տունը կ’երթամ. ու զիս իր տունը ընդունող մարդ մը չկայ. 19Բայց մեր էշերուն համար յարդ ու ճարակ կայ. և ինծի համար, քու աղախինիդ համար ու քու ծառաներուդ հետ եղող մանչուն համար հաց ու ունիմ. բնաւ բան մը պակաս չէ: 20Եւ այն ծեր մարդը ըսաւ, Խաղաղութիւն քեզի. քու ամէն պակասութեանդ հոգը իմ վրաս ըլլայ. բայց գիշերը հրապարակին մէջ մի մնար: 21Ու զանիկա իր տունը տարաւ, և էշերուն կեր տուաւ. ու անոնք ոտքերնին լուալէն ետքը կերան և խմեցին: 22Ու երբ անոնց սիրտը կը զուարճանար, ահա քաղաքին բնակիչներէն չար մարդիկ տանը չորս կողմը պաշարեցին, ու դուռը ձեռք առին. և տանը տէրոջը, այն ծեր մարդուն, հետ խօսեցան ու ըսին, Տունդ եկող մարդը հանէ, որպէս զի զանիկա գիտնանք: 23Եւ այն տանուտէր մարդը անոնց ելաւ, ու անոնց ըսաւ, Ոչ, եղբայրներս, կ’աղաչեմ, գէշութիւն մի ընէք. այս մարդուն իմ տունս մտնելէն ետքը այս անզգամութիւնը մի ընէք: 24Ահա իմ կոյս աղջիկս, ու այն մարդուն հարճը հիմա ձեզի հանեմ, և զանոնք լլկեցէք, ու ձեր ուզածը ըրէք անոնց, և այս մարդուն այս անզգամութեան գործը մի ընէք: 25Բայց այն մարդիկը չուզեցին անոր խօսքը մտիկ ընել. ու այն մարդը իր հարճը բռնեց դուրս հանեց անոնց, և անոնք զանիկա գիտցան, ու բոլոր գիշերը զանիկա լլկեցին մինչև առաւօտ. ու երբ արշալոյսը ծագեցաւ, զանիկա թող տուին որ երթայ: 26Եւ այն կինը առտուան դէմ գնաց, ու ինկաւ այն մարդուն տանը դրանը առջև, ուր իր տէրը կը կենար. ու մինչև որ լուսցաւ հոն մնաց: 27Եւ անոր տէրը առաւօտուն ելաւ, տանը դռները բացաւ, որպէս զի ելլէ իր ճամբան երթայ. և ահա կինը, իր հարճը, տանը դրանը առջև ինկեր էր, և ձեռքերը սեմին վրայ էին: 28Ու անոր ըսաւ, Ելիր երթանք. բայց պատասխան տուող չկար: Այն ատեն զանիկա իր իշուն վրայ դրաւ, ու մարդը ելաւ իր տեղը գնաց: 29Եւ երբ իր տունը հասաւ, դանակ մը առաւ, ու իր հարճը բռնեց և զանիկա ոսկորներովը տասուերկու կտորի բաժնեց, ու Իսրայէլի ամէն սահմանները ղրկեց: 30Եւ ամէն տեսնողները կ’ըսէին թէ Իսրայէլի որդիներուն Եգիպտոսի երկրէն ելած օրէն մինչև այսօր այսպիսի բան մը ոչ եղեր է, ոչ ալ տեսնուեր է. ասոր վրայ մտածեցէք, խորհուրդ ըրէք ու խօսեցէք:

Արեւմտահայերեն, 1981 · HYWAB1981